Քողարկումը – Գրադարան – Mashtoz.org

Քողարկումը

219. Նույն ամսվա 24ին տեղի ունեցավ քողարկմանս արարողությունը[1]. ամբողջ օրն արցունքներով քողարկվեց։ Հայրիկը ներկա չէր և իր թագուհին չկարողացավ ստանալ նրա օրհնությունը։ Հոգևոր Հայրս[2] Կանադայում էր։ Գերապայծառ Եպիսկոպոսը, որ մասնակցելու էր արարողությանը և ապա ճաշելու էր մորեղբորս տանը, հանկարծ հիվանդացավ և չկարողացավ գալ։ Մի խոսքով, ամեն բան տրտմությամբ ու դառնությամբ օծվեց։ Սակայն խաղաղությունը, տևական խաղաղությունն էր տիրում բաժակի խորքում։ Այդ օրը Հիսուսը թույլատրեց, որ չկարողանամ զսպել արցունքներս։ Եվ արցունքներս չհասկացվեցին։ Իրականում, է՛լ ավելի մեծ տառապանքներ էի կրել, առանց երբևէ լալու, բայց դրանց մեջ օգնության էր հասնում ինձ աստվածային զորեղ շնորհը։ Իսկ ամսի 24ին Հիսուսն ամեն բան իմ ուժերին թողեց, և փաստեց, թե դրանք որքա՜ն չնչին էին։

 

220. Քողարկումիցս ութ օր անց տեղի ունեցավ Հովհաննայի ամուսնությունը[3]: Անհնարին է բառերով հայտնել, Մայր իմ սիրելի, թե որքա՜ն դաստիարակիչ եղավ իմ համար նրա օրինակը, այն խնամքների վերաբերյալ, որոնք հարսնացուն պարտավոր է շռայլել իր փեսային։ Անձկությամբ էի ունկնդրում այն ամենն, ինչը որ կարող էի սովորել նրանից, որովհետև չէի կամենում նվազ հոգատար լինել Հիսուսի հանդեպ, քան Հովհաննան էր Ֆրանսուայի հանդեպ, որն անկասկած անթերի մարդ էր, բայց և միշտ՝ մարդ։

Զվարճացա նաև մի հրավիրատոմս շարադրելով, համեմատելու համար իրենինի հետ։ Ահա այն․

«Հիսուս Մանկան և Սուրբ Դեմքի Քույր Թերեզայի
Հարսանյաց հանդեսի հրավիրատոմսը.

Ամենակարողն Աստված, Արարիչը երկնքի ու երկրի, Միապետ Տիրակալն աշխարհի․ և փառահեղ Կույս Մարիամը, երկնային Արքունիքի Թագուհին․ մասնակցում են իրենց վսեմափայլ Որդու՝ Հիսուսի, թագավորների Թագավորի և տերերի Տիրոջ ամուսնությանը օրիորդ Թերեզա Մարթինի հետ, որ ներկայիս Տիկինն է և Իշխանուհին իր աստվածային Փեսայի կողմից իրեն նվիրված երկու տերությունների, այն է՝ Հիսուսի Մանկության ու Խաչելության, քանի որ իր ազնվականության տիտղոսներն իսկ են՝ Հիսուս Մանկան և Սուրբ Դեմքի։

Պարոն Լուի Մարթինը, Սեփականատերն ու Ժառանգորդը Տառապանքի ու Նվաստացման կալվածքների․ և Տիկին Մարթինը, Իշխանուհին երկնային Արքունիքի փառքի․ մասնակցում են իրենց դստեր՝ Թերեզայի ամուսնությանը Հիսուսի՝ Աստվածորդու հետ, որ Ամենասուրբ Երրորդության երկրորդ անձն է և որ Սուրբ Հոգու միջոցով մարդացավ և դարձավ Որդի Մարիամի՝ Երկնքի Թագուհու։

Չկարողանալով հրավիրել Ձեզ հարսանյաց օրհնությանը, որ նրանց տրվեց Կարմեղոսի լեռան վրա 1890 թվականի Սեպտեմբերի 8ին (քանի որ միայն երկնային Արքունիքն էր այնտեղ ներկա), հրավիրվում եք այժմ Հարսանյաց Տարեդարձին, որ տեղի է ունենալու Վաղը՝ Հավիտենականության Օրը, երբ Հիսուսը՝ Աստծո Միածին Որդին, գալու է երկնքի ամպերի վրայով, Իր Վեհության փառքի շողարձակմամբ, դատելու համար Ողջերին և Ննջեցյալներին։

Քանի որ ժամը դեռևս ճշգրտված չէ, խնդրվում է պատրաստ լինել և հսկել»։

 

[1] Քողարկումը արտաքին մեծաշուք արարողությունն է, որ տեղի է ունենում ուխտադրությունից մի քանի օր հետո, մինչ այս վերջինն ավելի ներքին ու քաշված բնույթ ունի, քանի որ կատարվում է միայն վանական տվյալ ընտանիքի ներկայության, Մեծավորուհու դիմաց։

[2] Հայր Փիշոնը՝ Թերեզայի հոգևոր առաջնորդը (տե՛ս՝ հատ․ 199ի [գլուխ 7] համապատասխան ծանոթագրությունը)։

[3] Հովհաննա Գերենը, Թերեզայի զարմուհին, ամուսնացավ 1890ի Հոկտեմբերի 1ին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։