Գլուխ Բ. - Խոնարհ հնազանդություն – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Խոնարհ հնազանդություն

1. Շատ մի՛ մտահոգվիր, թե ո՛վ է քեզ կողմ և ո՛վ հակառակ: Բոլոր գործերիդ մեջ Աստծուն քեզ զորավիգ ունենալը թող լինի միակ հոգսդ ու երկյուղդ: Աստված կպաշտպանի քեզ, եթե խիղճդ մաքուր պահես: Մարդկանց չարությունն անզոր է նրա դեմ, ում պաշտպանում է Աստված: Եթե գիտես լռել ու չարչարվել, Աստված անպայման կօգնի քեզ: Նա գիտի քեզ ազատելու ձևն ու ժամանակը, դու ամեն բան Իրեն հանձնիր: Ինքն է, որ օգնության է հասնում և փարատում ամեն տեսակ խռովություն: Խոնարհ մնալու համար երբեմն օգտակար է, որ ուրիշները տեսնեն մեր թերությունները և հանդիմանեն մեզ:
 
2. Երբ մարդը մտքով խոնարհվում է՝ իր թերությունների գիտակցությամբ, կարողանում է հեշտորեն խաղաղեցնել ուրիշների սրտերը և առանց դժվարության սիրով շահել նրանց, ովքեր զայրացած են իր դեմ: Աստված պաշտպանում ու ազատում, սիրում ու մխիթարում է խոնարհ հոգիներին, հակվում է դեպի այդպիսիք, մեծամեծ շնորհներ պարգևում նրանց, իսկ նվաստացումից հետո՝ բարձրացնում է փառքով: Խոնարհին է հայտնում Իր գաղտնիքները, քաղցրությամբ հրավիրում է նրան ու ձգում դեպի Ինքը: Արհամարհանքից անմիջապես հետո անգամ խոնարհ հոգին խայտում է խաղաղության մեջ, որովհետև ապավինել է Աստծուն, ո՛չ թե աշխարհին: Մի՛ կարծիր, թե առաջադիմել ես, քանի դեռ քեզ արարածներից ամենավերջինը չես համարում համոզումով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։