Գլուխ ԻԵ. - Պարտավոր ենք բարենորոգել մեր վարքը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԵ. - Պարտավոր ենք բարենորոգել մեր վարքը

1. Արթուն և եռանդուն եղիր Աստծո ծառայության մեջ: Այս հարցը հաճախ ուղղիր ինքդ քեզ. «Ինչո՞ւ եկա այստեղ, ինչո՞ւ թողեցի աշխարհը»: Չէ՞ որ Աստծո մեծագույն փառքի և հոգևոր կյանքում առաջադիմելու համար: Ուրեմն լցրու սիրտդ կատարելագործվելու եռանդով, որովհետև շուտով է հասնելու աշխատանքիդ վարձը, և այնժամ չի մնա ո՛չ վախ և ո՛չ էլ վիշտ: Այժմ մի քիչ աշխատանք ունես, բայց հետո՝ հանգիստ, – ինչպե՞ս արտահայտվեմ – հավիտենական անվերջ զվարթություն: Եթե միշտ եռանդուն ու հավատարիմ աշխատես, Աստված նույնպես հավատարիմ ու առատաձեռն կգտնվի վարձատրելու գործում: Փառքի պսակին հասնելու հաստատուն և ապահով հույսն ունեցիր, բայց ինքդ քեզ բացարձակ կերպով աննկուն մի՛ կարծիր, որպեսզի գաղջության ու հպարտության մեջ չընկնես:
 
2. Մի մարդ անդադար տատանվում էր վախի ու հույսի միջև: Մի օր, ծանր թախծից ընկճված, մտնում է եկեղեցի և խորանի առջև ծնրադրելով՝ աղոթում է ու ասում. «Ա՜հ, եթե իմանայի, թե արդյոք հարատևելո՞ւ եմ բարու մեջ»: Աստվածային ահա այս պատասխանն է իսկույն լսում իր հոգու խորքում. «Ինչ որ կամենում ես լինել միշտ, նույնը եղիր այժմ, այս պահիս, և հոգիդ խաղաղությամբ կողողվի»: Մարդն անմիջապես սփոփվում է, զորանում և անվերապահ անձնատուր լինում աստվածային կամքին. փարատվում են նաև իր վարանումները: Այլևս չի կամենում հետաքրքրությամբ զբաղվել ապագայով, այլ՝ ջանում է Աստծո կամքը հասկանալ, նաև այն ամենն՝ ինչ հաճելի է Նրան, որպեսզի բարի գործեր ձեռնարկի և դրանց հաջող ելքի համար աշխատի:
 
3. «Վստահիր Աստծուն և բարեգործիր», ասում է Մարգարեն, «խաղաղությամբ ապրիր երկրի վրա և կհագենաս նրա հարստություններով» (Սղմ 36, 3): Դժվարությունների վախն ու պայքարելու հեռանկարը շատերի սրտում են հանգցնում առաջադիմության ու վարքի բարելավման եռանդը: Մինչդեռ առաքինության մեջ ամենից շատ առաջադիմում են նրանք, ովքեր դժվարին, հատկապես իրենց մտածելակերպին հակառակ գործերում են քաջությամբ հաղթում իրենց անձին: Որովհետև ինչում որ հաղթում ենք մեր անձին և սանձում այն, նրանով ենք ավելի առաջադիմում և արդյունքներ շահում:
 
4. Այո՛, յուրաքանչյուր մարդ սանձելիք նույնքան կիրք չունի, և ո՛չ էլ նույնքան կարիք՝ իր անձին հաղթելու: Բայց փութաջան ու եռանդուն մարդը, թեև բազում կրքեր ունենա, ավելի կառաջադիմի, քան սակավաթիվ կրքեր ունեցողը, որը սակայն միջակ է եռանդի հարցում: Արիաբար մերժիր անկյալ բնության պահանջներին և աշխատիր ա՛յն առաքինությանը տիրանալ, որի կարիքն ամենից ավելի ունես. այս երկուսն են վարքի ուղղման ամենաարդյունավետ օգնականները: Ջանա հատկապես այն թերություններից խուսափել, որոնք քեզ տհաճ են այլոց վարվելակերպում. շտապիր հաղթել դրանց:
 
5. Առաջադիմությանդ համար օգտագործիր ամեն բան. եթե բարի օրինակներ տեսնես կամ լսես, ջանա՛ նմանվել: Իսկ եթե նախատվելու արժանի բաներ ես տեսնում, խուսափիր նույն կերպ գործելուց: Եթե նույն սխալն արդեն իսկ գործել ես, շտապիր ուղղել այն: Ինչպես որ քո աչքերն են ուրիշներին դիտում, այնպես էլ ուրիշներինն են նայում քեզ: Որքա՜ն մխիթարական է ու հոգեսփոփ՝ տեսնելը վանականներ, որոնք եռանդուն են, աստվածապաշտ, ջերմեռանդ ու կանոնապահ: Եվ ընդհակառակն, քանի՜ցս տխուր է ու տհաճ՝ տեսնելը վանականներ, որոնք հավատարիմ չեն իրենց կանոններին և չեն կատարում իրենց պարտականությունները: Որքա՜ն վնասակար է անտարբերությունը կոչումի պարտականությունների հանդեպ, ինչպես նաև այնօրինակ գործերին տրվելը, որոնք մեզ չեն վերաբերվում:
 
6. Ուխտերդ հիշիր, և խաչված Հիսուսը թող շարունակ ներկա լինի աչքերիդ առաջ: Կարմրելու քանի՜ քանի՜ պատճառներ կպեղես, եթե ուշադրությամբ քննես Հիսուսի կյանքը: Որքան չնչին ճիգեր ես մինչ այժմ գործադրել վարքդ Իր կյանքին նմանեցնելու համար, չնայած որ վանական կյանքի երկար տարիներ ես ամբողջացրել: Այն վանականը, որը լրջությամբ ու բարեպաշտությամբ իր մտածումների ու խորհրդածումների միակ նյութն է դարձնում Ամենասուրբ Փրկչի Կյանքն ու Չարչարանքները, առատ ու օգտակար սնունդ է հայթայթում իր հոգու համար և կարիք չի ունենում Հիսուսից բացի ինչ որ մի բան փնտրելու: Ա՜հ, եթե խաչված Հիսուսը մտներ մեր սրտերից ներս, որքա՜ն սրընթաց կկրթվեինք, և ըստ բավականի: Եռանդուն վանականն ուրախությամբ է ընդունում իրեն տրված հրահանգները և առանց դժվարության է գործադրում դրանք: Իսկ զանցառու և միջակ վանականը նեղություններ է միայն կրում, որովհետև տհաճություններն են, որ հանդիպում են նրան ամեն քայլափոխի: Ահա թե ինչ են անում այն բազմաթիվ վանականները, որ խստակյաց կյանք են վարում մենաստաններում: Հազվադեպ են հեռանում վանքից, ապրում են առանձնացած, ուտում՝ աղքատիկ և հագնում՝ պարզունակ զգեստներ: Շատ են աշխատում և քիչ խոսում, հսկում են երկար ժամեր, արթնանում վաղ առավոտյան. շատ են աղոթում ու զբաղվում հոգեշահ ընթերցումներով, և ամեն ինչում կանոնապահ են: Ահավասիկ Կարդուսյանները, Կիստերսյաններն ու զանազան ա՛յլ միաբանությունների միանձներն ու միանձնուհիները, որ ամեն օր կեսգիշերին արթնանում են Տիրոջ գովքը երգելու համար: Մեր համար մեծ ամոթ է, քանի որ դանդաղում ենք և ծուլանում այսքա՜ն նվիրական գործի մեջ, երբ բազում վանականներ սկսում են Աստծուն փառաբանել:
 
7. Երանի՜ թե ուրիշ գործ չունենայինք՝ Աստծուն խոսքով ու գործով փառաբանելուց բացի: Երանի՜ թե կարիքը չունենայինք ուտելու, խմելու և քնելու, երանի՜ թե կարողանայինք անընդհատ դարձնել այս փառաբանումներն ու հոգևոր հրահանգները. այնժամ է՛լ ավելի երջանիկ կլինեինք, քան այժմ, երբ ստիպված ենք ծառայել մարմնի կարիքներին: Երանի՜ թե գոյություն չունենային այս կարիքները և մեր հոգևոր սննդի մասին միայն մտածեինք, որն ավա՜ղ շատ քիչ անգամներ ենք ճաշակում: Երբ մարդիկ մի այնպիսի մակարդակի են հասնում, ուր այլևս չեն փնտրում արարածներից եկող մխիթարությունը, միայն այնժամ են սկսում համ առնել աստվածային իրողություններից և գոհ են լինում միշտ, ինչ էլ որ պատահի: Այնժամ առատությունն ու ճոխությունը չեն ուրախացնում, իսկ նեղությունները չեն տրտմեցնում նրանց: Բոլորանվեր վստահությամբ հանձնվում են Աստծուն, որն իրենց համար ամեն ինչ է՝ ամեն ինչում, որի համար չկա ոչինչ, որ կարող է կորչել կամ մեռնել, այլ՝ ամեն բան կենդանի է և Նրան է ենթարկվում անխոս հնազանդությամբ:
 
8. Միշտ հիշիր, որ վախճանդ մոտ է, իսկ կորցրածդ ժամանակը ետ չի վերադառնալու երբեք: Առաքինությունն առանց հարատև աշխատանքի ու հոգնության ձեռք չի բերվում: Հազիվ թե սկսես միջակությամբդ բավարարվել, տագնապն ու խռովքը իսկույն կմտնեն սրտիցդ ներս: Մեծագույն խաղաղությամբ սակայն կողողվի հոգիդ, եթե եռանդով հարատևես: Աստվածային շնորհն ու առաքինության սերը աշխատանքդ շատ ավելի թեթև կդարձնեն քո համար: Ջերմեռանդ ու միշտ է՛լ ավելի կատարյալին ձգտող մարդիկ պատրաստ են ամեն ինչի: Ավելի դժվար է մոլություններին ու կրքերին դիմադրել, քան տոկալ մարմնի հոգնություններին: «Ով չի խուսափում փոքր թերություններից, հետզհետե ավելի մեծերի մեջ է ընկնում» (Սիր 19, 1): Երեկոյան կհրճվես, եթե օրդ արդյունավետ անցկացնես: Հսկիր անձիդ վրա, խրախուսիր ինքդ քեզ և հանդիմանիր: Եվ ինչպիսին էլ լինի պարագան ուրիշի, դու քո՛ առաջադիմությամբդ միայն մտահոգվիր: Որքան ավելի բռնանաս անձիդ վրա, այնքան ավելի կառաջադիմես առաքինության մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։