Գլուխ ԺԱ. - Քչերն են սիրում Հիսուսի Խաչը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԱ. - Քչերն են սիրում Հիսուսի Խաչը

1. Շատերն են սիրում Հիսուսի երկնային Արքայությունը, բայց քչերն են կամենում կրել Նրա Խաչը: Շատերն են փափաքում վայելել Նրա մխիթարությունները, բայց քչերն են սիրում Նրա Չարչարանքները: Շատերի բաղձանքն է Նրան սեղանակցելը, բայց քչերն են կամենում մասնակցել Նրա զրկանքներին: Շատերն են կամենում փառավորվել Հիսուսի հետ, բայց քչերն են հանձն առնում Նրա վշտակրությունը: Շատերն են հետևում Հիսուսին մինչև հացի բեկումը, բայց քչերը՝ մինչև ճաշակումը Չարչարանաց բաժակի: Շատերն են հիանում Նրա հրաշքներով, բայց քչերն են հետևում խաչի նախատինքներին: Շատերն են սիրում Հիսուսին, բայց քանի դեռ նեղություններ չեն կրում: Շատերն են օրհնում ու փառաբանում Նրան, քանի դեռ մխիթարություններ են ընդունում Նրանից: Բայց հազիվ է Հիսուսը մի քիչ հեռանում կամ լքում իրենց, իսկույն տրտնջում են և հուսալքվում:
 
2. Ովքեր Հիսուսին Հիսուսի համար են սիրում, և ո՛չ թե՝ անձնական մխիթարությունների ակնկալությամբ, օրհնում են Նրան նաև վշտերի բովում, սրտի անձկության մեջ, ինչպես որ սովոր են վարվել մեծ մխիթարությունների պահին: Եվ եթե չտար իրենց գեթ մի մխիթարություն անգամ, կշարունակեին օրհնել Նրան և երախտապարտ կմնային Նրա հանդեպ: Որքա՜ն հզոր է Հիսուսի հանդեպ մաքուր սերը, երբ զտված է անձնասիրությունից ու անձնական շահերից: Մի՞թե վարձկաններ կոչվելու արժանի չեն նրանք, ովքեր շարունակ մխիթարություններ են միայն ակնկալում ունենալ: Մի՞թե Հիսուսից ավելի իրենց անձը չեն սիրում նրանք, ովքեր իրենց անձնական շահի համար են աշխատում միայն: Որտե՞ղ կարելի է գտնել մի վեհանձն հոգի, որ Աստծուն սիրի ի սեր Աստծո միայն:
 
3. Հազվադեպ են այնպիսիք, որոնք այնքան են առաջադիմում հոգևոր կյանքում, որ ամբողջովին հրաժարվում են իրենց անձից: Ո՞վ կարող է գտնել հոգով ճշմարիտ աղքատին, որն ամբողջովին ձերբազատված կլինի արարածներից. նրան շա՜տ հեռվում է պետք փնտրել, մինչև աշխարհի ծայրը: Եթե մեկն իր ամբողջ ունեցվածքը տա, դեռ չի տվել ոչինչ: Եթե ծանրածանր ապաշխարանքներ հանձն առնի, տակավին քիչ է: Եթե յուրացնի բոլոր գիտություններն անգամ, հեռու է դեռ նպատակից: Եթե մեծամեծ առաքինություններ ունի և աստվածապաշտություն, շատ բաներ են դեռ պակասում իրեն, պակասում է կենսականը. հրաժարվելով բոլոր վայելքներից՝ ուրանա իր անձը և սիրտը ներքուստ դատարկի ամեն տեսակ անձնահաճությունից: Իսկ եթե կատարի այն ամենն, ինչ պետք է աներ, կրկին թող համոզվի, որ արածը ոչինչ է: Թող մեծ չհամարի այն, ինչ կարող է մեծ կարծվել, այլ՝ ամենայն անկեղծությամբ թող խոստովանի իր անպետքությունը, Հիսուսի հետևյալ խոսքի համաձայն. «Երբ կկատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թե անպիտան ծառաներ ենք» (Ղկս 17, 10): Մարդ այդժամ է միայն հոգով աղքատ և անջատ բոլոր արարածներից, և հնարավորությունն ունի կրկնելու Մարգարեի հետ. «Աղքատ եմ ես և աշխարհում միայնակ» (Սղմ 24, 16): Բայց չկա ավելի հարուստ ու ավելի հզոր մեկը, քան նա, ով գիտի հրաժարվել իր անձից ու ամեն ինչից և խոնարհվել մինչև հետին նվաստություն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։