Գլուխ ԺԱ. - Հաղորդությունը և Սուրբ Գիրքը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԱ. - Հաղորդությունը և Սուրբ Գիրքը

1. Հավատացյալը. Ո՜վ քաղցրագույն Տեր իմ Հիսուս, քանիցս մեծ է քաղցրությունը, որ վայելում է արքայական ընթրիքիդ մասնակցող հոգին, ուր Դու Ինքդ ես որպես կերակուր նվիրվում նրան, Դու՝ իր միակ սիրելին, իր սրտի միակ գերագույն փափաքը: Իմ համար ևս թովիչ իրողություն կլիներ սրտաբուխ սիրո արցունքներ հեղել ներկայությանդ, Մագդաղենացու նման արտասուքով ողողելով պաշտելի ոտքերդ: Բայց ո՞ւր է այս եռանդը, ո՞ւր՝ հեղումը սուրբ արցունքների: Քո առջև և սուրբ հրեշտակներիդ ներկայության սիրտս պետք է ամբողջովին բոցավառվեր և պետք է արտասվեի ուրախությունից, որովհետև Դու իսկապես ներկա ես Սրբազնասուրբ Խորհրդում, թեև ծածկված ես հացի կերպարանքի ներքո:
 
2. Աչքերս չէին կարողանա դիմանալ աստվածային շողարձակ լույսիդ հայեցողությանը և աշխարհն ամբողջ սոսկումով կպատվեր վեհությանդ ի տես: Ամենասուրբ Հաղորդության մեջ թաքնվելով, հոգածությունդ ես ցուցաբերում տկարությանս հանդեպ: Ես իսկապես ունեմ և երկրպագում եմ Նրան, ում հրեշտակները պաշտում են Երկնքում. միայն թե այն տարբերությամբ, որ ես տակավին հավատքի մեջ եմ, մինչ նրանք՝ անքող տեսության: Հարկ է, որ բավարարվեմ ճշմարտուսույց հավատքովս և նրանով առաջնորդվեմ, մինչև որ կծագի օրը հավիտենական հստակ գիտության և կցրվեն ստվերները: «Երբ կգա այն, ինչ կատարյալ է» (1Կր 13, 10), խորհուրդների գործածումը կդադարի, որովհետև երկնային փառքով պսակվածները խորհուրդների կողմից մատուցված դեղորայքի կարիքը չունեն: Վայելում են Աստծո ներկայությունը, դեմ առ դեմ ընկղմված են Նրա փառքի հայեցողության մեջ: Եվ Աստվածության Լույսից լույսի վերափոխված՝ մասնակցում են Աստծո մարդացած Բանի երանությանը, ինչպես էր Նա ի հավիտենից և ինչպես լինելու ու տևելու է հավիտյան:
 
3. Երբ մտածում եմ այս հրաշալիքների մասին, բոլոր մխիթարությունները, նույնիսկ հոգևոր, վերածվում են ձանձրույթի, որովհետև քանի դեռ չեմ տեսնում Տիրոջս Իր փառքի մեջ, ոչինչ եմ սեպում այն ամենը, որ տեսնում կամ լսում եմ երկրի վրա: Դու, Աստված իմ, վկա ես ինձ, որ ոչինչ չի կարող մխիթարել հոգիս, ոչ մի արարած չի կարող քաղցրացնել վշտերս, եթե ոչ միայն՝ Դու. Քո Դեմքի հայեցողության մեջ եմ փափաքում ընկղմվել հավիտենության մեջ: Ինչը, սակայն, անհնարին է այս մահկանացու կյանքի ընթացքում: Հարկ է, որ տրամադրվեմ մեծ համբերության, և բոլոր փափաքներս ենթարկեմ կամքիդ: Սրբերիցդ յուրաքանչյուրը, Տեր, որ այժմ բերկրում է Երկնքի Արքայությունում, առանց բացառության բոլորն էլ հավատքով ու վիթխարի համբերությամբ սպասում էին փառքիդ հայտնությանը: Ինչին նրանք հավատացին, ես նույնպես հավատում եմ. ինչին նրանք հուսացին, ես նույնպես հույսն ունեմ դրա. ուր նրանք հասան, ես նույնպես վստահ եմ, թե կհասնեմ շնորհիվ Քո մեծ ողորմության: Իսկ մինչ այդ, կընթանամ հավատքով, Սրբերի օրինակներից խրախուսվելով: Եվ Աստվածաշունչը նույնպես կունենամ որպես սփոփանք և կյանքի հայելի: Բայց գերիվեր, քան ամեն բան, կզորանամ Սրբազնագույն Մարմնիդ ճաշակմամբ, որ իմ միակ դարմանն է ու ապավենը:
 
4. Երկու բան եմ անփոխարինելիորեն անհրաժեշտ տեսնում այս կյանքում, առանց որոնց այն անտանելի կլիներ իմ համար իր բոլոր խեղճություններով: Մահկանացու վիճակիս բեռան տակ կքված, խոստովանում եմ, որ կարիքն ունեմ երկու բանի. կերակուր և լույս: Ահա այս պատճառով է, որ հիվանդներիս շնորհեցիր Մարմինդ, հոգու և մարմնի սնուցման համար, և դրեցիր «խոսքդ իբրև ճանապարհիս լուսատու» (Սղմ 118, 105): Առանց այս երկուսի չէի կարողանա լավ ապրել: Եվ իրոք, խոսքդ լույս է հոգուս համար, իսկ Խորհուրդդ՝ կյանքի հաց: Կարելի է նաև այլաբանորեն Սուրբ Եկեղեցու գանձատանը կազմակերպված երկու խնջույքներ անվանել սրանք: Մեկը խնջույքն է սրբազան խորանի, ուր կենարար Հացն է, Սրբագույն Մարմինդ: Իսկ մյուսը խնջույքն է աստվածային օրենքի, որն իրենում պարունակում է սրբազան վարդապետությունը, ուսուցանում է ճշմարիտ հավատքը և առաջնորդում դեպի Սրբերի Սրբությունը:
 
5. Երախտագիտությունս եմ հայտնում Քեզ, Հիսուս, Լույս հավիտենական, ծառաներիդ՝ մարգարեների, առաքյալների ու հայրապետների շնորհիվ ճշմարտուսույց վարդապետությանդ խնջույքը մեր համար պատրաստած լինելուդ համար: Շնորհակալ եմ Քեզ, մարդկության Արարիչ և Փրկիչ, որ թշվառներիս հանդեպ ունեցած սերդ հայտնելու համար՝ պատրաստեցիր այս հոյակապ Ընթրիքը, ուր այլևս չենք ճաշակում ապագան խորհրդանշող գառը, այլ՝ Սուրբ Մարմինդ ու Արյունդ: Ահա այս հրավերով Դու զվարթացնում ես հավատացյալներիդ հոգիները, և նրանց տալիս ես փրկարար բաժակը, ուր ամփոփված են դրախտի բոլոր քաղցրությունները: Սուրբ հրեշտակները նույնպես հագենում են մեր հետ, միայն թե՝ ավելի երանելի անուշությամբ:
 
6. Քանի՜ցս վեհ ու վսեմ է քահանաների կոչումը, որոնց իշխանություն է տրված սրբազան խոսքերով նվիրագործել փառքի Տիրոջը, շրթունքներով օրհնել Նրան, հպվել, ճաշակել և բաշխել ուրիշներին: Ա՜հ, որքան անարատ պետք է լինեն քահանայի ձեռքերը, մաքուր՝ բերանը, սուրբ՝ մարմինը, և անբիծ՝ սիրտը, որովհետև ծառան է սրբության Տիրոջ: Ոչ մի պիղծ ու անվայել, հայհոյիչ ու գայթակղեցուցիչ խոսք չպետք է դուրս գա քահանայի բերանից, որ հաճախ է կատարում փրկարար Խորհուրդը: Պարզ ու անարատ պետք է լինեն քահանայի աչքերը, որ հաճախ են սևեռվում աստվածային Խորհրդի վրա: Սուրբ և դեպի Երկինք վերամբարձյալ պետք է լինեն քահանայի ձեռքերը, որ հաճախ են հպվում երկնքի ու երկրի Արարչին: Հատկապես քահանաների համար է գրված Օրենքի հրամանը. «Սուրբ եղեք, որովհետև ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտ 19, 2):
 
7. Թող որ շնորհդ, Աստված մեր ամենակարող, օգնության հասնի բոլոր նրանց, ովքեր հանձն են առել քահանայական պաշտոնը. թող կարող լինեն արժանապես ու եռանդով ծառայելու Քեզ, ջինջ մաքրությամբ ու անստգտանելի խղճով: Իսկ եթե ոմանք չեն կարողանում ապրել այն կատարյալ անմեղությամբ, որով պարտ էր, շնորհիր նրանց գեթ զղջում և ցավալի արտասուք՝ գործված թերությունների համար, որպեսզի շարունակ նորոգվելով՝ կարողանան այդուհետև առավել բուռն եռանդով ծառայել Քեզ, առաջ ընթանալով խոնարհության հոգու և բարի կամքի առաջադրանքների մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։