Գլուխ Ե. - Ճանաչենք ինքներս մեզ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ե. - Ճանաչենք ինքներս մեզ

1. Չպետք է շատ ապավինենք մեր ուժերին, որովհետև հաճախ են շնորհն ու իմաստությունը պակասում մեզ: Մի փոքրիկ լույս ունենք մեր մտքերում, այն էլ հեշտությամբ ենք կորցնում մեր անհոգության պատճառով: Ավա՜ղ, հաճախ չենք անդրադառնում անգամ, թե ներքուստ որքա՜ն կույր ենք: Մեր գործերը հաճախ են հոռի, և հոռեգույն՝ մեր ինքնարդարացման փորձերը: Հաճախ ենք կրքերից մղված գործում, կարծելով, թե դա է եռանդը: Նկատում ենք այլոց թեթև թերությունները, և անտեսում՝ մեր ծանր սխալները: Անմիջապես զգում ենք ու կշռում վիշտը, որ մեզ պատճառում են ուրիշները, և չենք մտածում երբեք, թե ինչեր են կրում նրանք մեր պատճառով: Ով արդարությամբ է դատում իրեն, տեսնում է, որ ուրիշներին խստությամբ դատելու իրավունք չունի:
 
2. Ներանձնական կյանքին նվիրված մարդն ամենից առաջ իր հոգու մասին է մտածում, ուշադիր է իր թերություններին և լռակյաց՝ ուրիշների պակասությունների դիմաց: Ներանձնական կյանքին ու բարեպաշտությանը չես կարող տիրանալ, եթե չսովորես լռել այլոց վարքի շուրջ և քո հոգիովդ միայն զբաղվել: Եթե աչքերդ քո անձի և Աստծո վրա միայն սևեռես, արտաքին աշխարհը քեզ շատ չի մտահոգի: Ո՞ւր ես թափառում, երբ միտքդ ցրումներին ես հանձնում. ի՞նչ օգուտ քեզ, եթե մտովին ամբողջ աշխարհով մեկ շրջագայես և մոռացության մատնես ինքդ քեզ: Եթե կամենում ես խաղաղություն և Աստծո հետ մտերմություն վայելել, պետք է հրաժարվես ամեն ինչից և հոգուդ փրկության մասին միայն մտածես:
 
3. Հոգևոր կյանքում բավական առաջադիմած կլինես, եթե ձերբազատվես առօրյա հոգսերից: Հոգիդ, մինչդեռ, շատ կտուժի, եթե արժեք ընծայես անցավոր արարածներին: Թող որ քո համար չլինի ոչինչ ավելի մեծ, ավելի վսեմ, ավելի հաճելի ու ընդունելի, քան Աստված և աստվածային բարիքները: Բացարձակապես ունայն սեպիր արարածներից բխող բոլոր հաճույքներն ու մխիթարությունները: Աստվածասեր հոգին արհամարհում է այն ամենն, ինչը ստորադաս է Աստծուն: Հավիտենական, անհուն ու ամենակարող Աստված Ինքն է խաղաղությունն իր հոգու և ճշմարիտ ուրախությունն իր սրտի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։