Գլուխ Զ. - Մաքուր խղճի բերկրանքը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Զ. - Մաքուր խղճի բերկրանքը

1. «Բարի մարդու փառքն իր խղճի վկայությունն է» (2Կր 1, 12): Խիղճդ մաքուր պահիր և զվարթությունը անպակաս կլինի սրտիցդ: Մաքուր խիղճը համբերում է ամեն ինչի և հակառակությունների մեջ անգամ ուրախ է: Իսկ արատավորված խիղճը միշտ տրտում է ու վրդովված: Անպատմելի խնդություն կվայելես, եթե խիղճդ չհանդիմանի քեզ: Բարի գործերիդ համար միայն ուրախացիր: Չարամիտներն անխառն ուրախություն և հոգևոր անդորր չունեն, որովհետև «ամբարիշտների համար խաղաղություն չկա», ասում է Տերը (Ես 57, 21): Եվ եթե այդ նույն անօրենները հայտարարեն անգամ, թե. «Մենք խաղաղություն ունենք, մենք զերծ ենք դժբախտություններից և ո՞վ կարող է մեզ վնասել» (Եր 5, 12), մի՛ հավատա, որովհետև Տիրոջ բարկությունն է ահա հասնելու նրանց, նրանց գործերն անհետանալու են, իսկ խորհուրդները՝ չքանալու:
 
2. Աստվածասեր հոգու համար դժվար չէ պարծենալ կրած նեղություններով, որովհետև այդ պարծանքը Հիսուսի Խաչից է տրվում իրեն: Վաղանցուկ է մարդկանց փոխադարձաբար միմյանց տված փառքը: Աշխարհի փառքին միշտ էլ դառնություններ ու տրտմություններ են խառնված: Արդարների փառքը ո՛չ թե մարդկանց բերանում է, այլ՝ իրենց խղճի վկայության: Արդարների բերկրանքը Աստծուց է և Աստծո մեջ, իսկ իրենց գոհունակությունը բխում է ճշմարտությունից: Ով կամենում է հասնել ճշմարիտ ու հավիտենական փառքին, անցավորի մասին չի մտածում անգամ: Իսկ ով անցողիկ մեծություններն է փնտրում և չի արհամարհում դրանք ամբողջ սրտով, հասկացնում է, թե չի սիրում հավիտենական փառքը: Սրտի վիթխարի անդորր է վայելում նա, ով միևնույն անտարբերությամբ է ընդունում և՛ գովասանքները, և՛ հանդիմանությունները:
 
3. Մաքուր խիղճ ունեցողը գոհանում է քչով և շատ շուտ խաղաղվում է: Ավելի սուրբ չես, երբ մարդիկ գովում են քեզ, և ո՛չ էլ ավելի ստոր, երբ նախատվում ես նրանցից: Մնում ես այն, ինչ որ ես, և արժանի չես ավելի մեծ համարվելու, քան ինչ որ ես Աստծո առաջ: Եթե ավելի այն քննեիր, թե ինչ ես ներքուստ սրտիդ մեջ, ոչ մի կարևորություն չէիր տա անձիդ շուրջ արտահայտված կարծիքներին: Մարդիկ երեսին են նայում, մինչ Աստված քննում է սրտերը (1Թգ 16, 7): Մարդիկ ականատես են գործին, իսկ Աստված կշռում է դիտավորությունը: Խոնարհ հոգիներին է հատուկ շարունակ բարեգործելն առանց իրենց անձի շուրջ որևէ դրական կարծիք ունենալու: Արարածներից բխող մխիթարություններից հրաժարվելը նշան է սրտի մեծ մաքրության և Աստծո վրա ունեցած անսասան վստահության: Ով արտաքին վկայություն չի փնտրում իր անձի համար, հայտնում է, թե Աստծուն է հանձնվել ամբողջովին: Որովհետև, ասում է Պողոս Առաքյալը, «ո՛չ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է ընծայում, այլ՝ նա, ում ընծայում է Տերն Ինքը» (2Կր 10, 18): Հոգևոր կյանքին նվիրված մարդկանց է հատուկ սրտով Աստծուն միացած ապրելն ու արտաքուստ չկապվելն արարածներին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։