Գլուխ Թ. - Աստված՝ նպատակն ու իմաստը ամեն ինչի – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Թ. - Աստված՝ նպատակն ու իմաստը ամեն ինչի

1. Հիսուսը. Որդյակ, եթե իսկապես կամենում ես երջանիկ լինել, որպես կյանքիդ նպատակ ինձ պետք է ունենաս: Այսօրինակ նպատակադրմամբ կմաքրագործվեն իղձերդ ու փափաքներդ, որոնք շատ հաճախ շեղվում են և ձգտում սիրելու անձդ ու արարածներին: Որովհետև եթե որևիցէ մի բանում փնտրես քո իսկ անձը, կենսաբեր տրամադրությունների նվազում իսկույն կզգաս քեզնում և հոգիդ կցամաքի ու կանապատանա: Հետևաբար, ամեն բան կողմնորոշիր դեպի ինձ՝ իրենց ակունքին, որովհետև ես եմ պարգևել քեզ բոլոր բարիքները: Այսպես դիտիր բոլոր իրողությունները. իբրև սերում գերագույն Բարիքից, և հետևաբար՝ ուղղիր ամեն բան դեպի ինձ, իրենց բնօրրանին:
 
2. Ինձնից՝ կենարար Աղբյուրիցս են կենդանարար ջրեր քաղում փոքրն ու մեծը, աղքատն ու հարուստը. և նրանք, ովքեր ազատ հոժարությամբ ծառայում են ինձ, կստանան շնորհ շնորհի վրա: Իսկ ով կկամենա փառք գտնել ինձնից դուրս, կամ ուրախություն գտնել իմ կողմից պարգևված բարիքներից բացի ուրիշ ինչ որ մի բանում, չի կարողանա խաղաղվել ընդմեջ իրական հոգեզվարթության, և ո՛չ էլ՝ ընդարձակել իր սիրտը: Այլ՝ քայլ առ քայլ ավելի կսեղմվի ու կվշտանա: Բարիքներն, ուրեմն, քեզ մի՛ վերագրիր, և ո՛չ էլ առաքինությունները՝ մի որևէ մարդու, այլ՝ ամեն բան ուղղիր առ Աստված, առանց որի մարդը չունի ոչինչ:
Ես քեզ տվեցի ամեն բան, կամենում եմ վերստանալ ամեն բան: Տվեցի ամեն բան, պահանջում եմ երախտագիտություն դրանց փոխարեն:
 
3. Սա՛ է ճշմարտությունը, որ մոխրացնելով անէացնում է սնափառության հետքերը: Եվ եթե սրան դեռ ավելանան և միջամտեն երկնային շնորհն ու իրական սերը, անձիցդ ներս այլևս տեղ չեն գտնի նախանձն ու սրտի տառապանքը, և ո՛չ էլ եսասիրությունը կգալարվի քեզնում օձապտույտ: Աստծո Սերը հաղթում է ամեն ինչի և բազմապատկում է հոգու կարողությունները: Եթե միտքդ խոհեմորեն բանեցնես, ուրախությունդ և հույսդ իմ վրա միմիայն կհիմնես, որովհետև «ո՛չ ոք բարի է, այլ միայն Աստված» (Ղկս 18, 19), որ պետք է գովաբանվի գերիվեր ամեն ինչից և օրհնաբանվի ամեն ինչում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։