Գլուխ Զ. - Անկարգ ցանկությունները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Զ. - Անկարգ ցանկությունները

1. Ամեն անգամ, երբ մարդ անօրեն բաներ է ցանկանում, անմիջապես վրդովմունք և տագնապ է զգում սրտի խորքում: Հպարտն ու ագահը չգիտեն, թե ի՛նչ է սրտի խաղաղությունը, մինչ աղքատն ու խոնարհ հոգին այն վայելում են առատորեն: Քանի դեռ մարդ չի սանձել իր եսասիրությունը, հաճախ է փորձվում և ամենաթեթև առիթով անգամ սայթաքում: Հոգով տկարը, մարմնապաշտ ու զգայական միտումներ ունեցողը դժվարությամբ է ազատվում աշխարհիկ ցանկություններից: Ահա սա է պատճառը, որ երբ մերժում է հագուրդ տալ մարմնի ցանկություններին, տրտմության ստվերով է ծածկվում իսկույն: Իսկ երբ ընդդիմությունների է հանդիպում, անհամբեր է դառնում: Եթե կարողանում է ձեռքբերել ցանկացածը, խղճի խայթն իսկույն ճնշում է վրան, որովհետև այդ ձեռքբերումի մեջ չի տեսնում ոչ մի օգուտ՝ իր փնտրած խաղաղության համար: Սրտի ճշմարիտ խաղաղությունը մեր ցանկությունների դեմ պայքարելով ենք գտնում և ո՛չ թե նրանց գոհացում տալով: Մարմնապաշտ մարդու սրտի մեջ չկա խաղաղություն. խաղաղություն չկա նաև արտաքին զբաղմունքներով կլանված մարդու սրտում: Խաղաղությունը հոգևոր կյանքը սիրող և ջերմեռանդ հոգիների վարձատրումն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։