Գլուխ Ժ. - Երախտագիտություն աստվածային շնորհի համար – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ժ. - Երախտագիտություն աստվածային շնորհի համար

1. Ինչո՞ւ ես հանգիստ կյանք փնտրում, երբ ծնվել ես աշխատելու համար: Ավելի համբերության վարժվիր, քան մխիթարության, ավելի խաչ կրելու, քան ուրախ վայելքների: Ո՞վ կմերժեր հոգևոր մխիթարություններն ու ուրախությունները, եթե ի վիճակի լիներ դրանք հարատևորեն վայելելու: Քանզի հոգևոր մխիթարությունները շատ ավելի գերազանց են, քան աշխարհի բոլոր զվարճություններն ու մարմնի բոլոր հեշտանքներն ի միասին: Աշխարհի վայելքներն ու գգվանքները միշտ ունայն են ու ամոթալի: Հոգևոր ուրախություններն են միայն բերկրալի ու վայելուչ, որովհետև առաքինություններից են բխում և մաքուր խղճին Աստծուց շնորհված պարգևներն են: Բայց ոչ ոք չի կարող երկարատև վայելել աստվածային մխիթարությունները, որովհետև փորձությունները երկար դադար չեն տալիս: Մտքի թյուր ազատությունն ու չափն անցած ինքնավստահությունը արգելքներ են երկնային այցելության ճանապարհին: Աստված մեծ բարեգործություն է կատարում մարդու հանդեպ, երբ սփոփում է նրան Իր մխիթարություններով. սակայն մարդն ապերախտ է, եթե ամեն բան Աստծուն չի վերագրում երախտագետ սրտով: Շնորհի բարիքները չեն հոսում մեր վրա, որովհետև ապերախտ գտնվեցինք դրանք պարգևողի հանդեպ և չբարձրացրեցինք դրանք մինչև իրենց սկզբնաղբյուրը: Շնորհին արժանի է նա, ով երախտագետ է Աստծո հանդեպ, որովհետև Աստված խոնարհին է տալիս այն, ինչ վերցնում է հպարտի ձեռքից:
 
2. Աստված իմ, չեմ կամենում ունենալ այն մխիթարությունները, որոնք զրկում են ինձ զղջման հուզմունքից. չեմ փափաքում հայեցողական այն կյանքը, որը կարող է ինձ հպարտության հասցնել: Որովհետև ինչ բարձր է, անպայման սուրբ չէ. ինչ քաղցր է, միշտ լավ չէ. ամեն բաղձանք մաքուր չէ և ինչը որ հարգված է մարդկանց կողմից, կարող է տհաճ լինել Քեզ: Սիրում եմ շնորհը, որն ինձ միշտ ավելի խոնարհ ու շրջահայաց է դարձնում և տրամադրում ինքնուրացման: Շնորհի պարգևով լուսավորված և նրանից զրկվելու պատժով փորձառու դարձած մարդը չի հանդգնում բարեգործություններն իր անձին վերագրել. ընդհակառակն, ավելի հստակ է տեսնում իր տկարությունն ու խեղճությունը: Տո՛ւր Աստծուն այն, ինչ Աստծուց ես ստացել, իսկ քոնը քեզ պահիր. պարգևած շնորհների համար շնորհակալ եղիր Աստծուն, իսկ քեզ վերագրիր հանցանքներդ և նրանց արժանի պատիժը: Միշտ վերջին տեղը գրավիր և քեզ կմատուցվի առաջինը, որովհետև բարձրը ցածրի վրա է հենվում: Մեծ Սրբերն Աստծո առաջ ամենաստորին մարդիկն էին իրենց համարում. այժմ նրանք այնքան ավելի մեծ են փառքով, որքան ավելի խոնարհ էին իրենց մտքում: Ճշմարտության լույսով ու երկնային փառքով լցված, նրանք այլևս չէին փնտրում աշխարհի սին փառքը: Աստծուն էին ապավինել, հետևաբար՝ չէին կարող հպարտության մեջ ընկնել: Ով իր ընդունած բոլոր բարիքները վերագրում է Աստծուն, չի փնտրում մարդկանց տված փառքը, այլ՝ երազում է այն փառքը, որն Աստված է տալիս իրեն (Հվհ 12, 43): Նրա միակ բաղձանքն այն է, որ իր և բոլոր մարդկանց սրտերում ամեն ինչից ավելի Աստված ճանաչվի ու փառաբանվի: Ամենափոքր պարգևն ամենամեծը համարիր, իսկ ամենահասարակը՝ առանձնաշնորհում: Եթե աչքիդ առջև ունենաս տվողի արժանապատվությունը, ամեն բան մեծ կտեսնես, որովհետև Աստծո բոլոր պարգևները վիթխարի են: Եթե նույնիսկ վշտեր ու նեղություններ ուղարկի քեզ, ընդունիր դրանք ուրախությամբ, որովհետև հոգուդ փրկության համար են: Եթե կամենում ես Աստծո շնորհը հոգուդ մեջ պահել, նախ երախտագիտությունդ հայտնիր արդեն իսկ տրվածների համար. իսկ եթե ետ վերցնի պարգևը, համբերող եղիր: Աղոթիր, որ կրկին շնորհի այն. զգույշ և խոնարհ եղիր, որպեսզի նորից չկորցնես ստացածդ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։