Գլուխ ԺԸ. - Սուրբ Հայրերի օրինակը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԸ. - Սուրբ Հայրերի օրինակը

1. Սուրբ Հայրերի օրինակին հետևիր. նրանց մեջ է փայլում հոգևոր կյանքի ճշմարիտ կատարելությունը: Նրանց գործերի համեմատ՝ մեր արածն այնքա՜ն քիչ է, գրեթե ոչինչ: Ավա՜ղ, քանիցս նվաստ է մեր կյանքը՝ նրանց վարքի համեմատությամբ: Սրբերն ու սրբության ծարավն ունեցողները ծառայեցին Հիսուսին քաղցի ու ծարավի, ցրտի ու մերկության, աշխատանքների ու հոգնության, հսկումների ու ծոմապահության, աղոթքի ու խոկման, տեսակ տեսակ նախատինքների ու հալածանքների մեջ: Ինչպիսի՜ ծանրածանր նեղություններ կրեցին Առաքյալները, Մարտիրոսները, Խոստովանողները, խոնարհ Կույսերը և բոլոր նրանք, ովքեր կամեցան հետևել Հիսուսին: Այս աշխարհում ատեցին իրենց անձը, այն հանդերձյալում պահելու համար: Ինչպիսի՜ խստակյաց և անձնուրաց կյանք վարեցին Անապատի Սուրբ Հայրերը: Քանի՜ցս երկար ու ծանր փորձություններ կրեցին, որքա՜ն չարչարվեցին թշնամուց: Ինչպիսի՜ եռանդագին աղոթքներ բարձրացրին առ Աստված և որքա՜ն խիստ ապաշխարանքներ կատարեցին: Ինչպիսի՜ եռանդ և բուռն ճիգ գործադրեցին իրենց հոգիների առաջադիմության համար, ի՜նչ անողոք պայքար մղեցին իրենց կրքերի դեմ, և Աստծո առաջ որքա՜ն մաքուր էր իրենց դիտավորությունը:
 
2. Իրենց ամբողջ ժամանակը գործածեցին օգտակար կերպով. կարճ էին համարում Աստծո ծառայությանը հատկացված ժամերը, և այնքան հմայք ու հրապույր էին գտնում ներանձնական կյանքում, որ մոռանում էին մարմնի կարիքները: Հրաժարվում էին հարստություններից, պատիվներից, տիտղոսներից, բարեկամներից ու ծնողներից: Չէին ուզում ոչ մի բան: Մարմնին անհրաժեշտ սնունդն էին միայն հոգում, իսկ հարկավոր դեպքերում նրա հոգսն ու դարմանումը ծանր էր թվում նրանց և հառաչանքների պատճառ դառնում: Աղքատ էին երկրային բարիքներից, բայց հարուստ՝ շնորհով ու առաքինությամբ: Արտաքուստ զուրկ էին ամեն ինչից: Ներքուստ, սակայն, նրանց զորացնում էին աստվածային շնորհն ու մխիթարությունը: Օտար էին աշխարհին, բայց միացած՝ Աստծուն, բարեկամ էին Նրան ու մտերիմ: Իրենց անձի շուրջ չունեին ոչ մի կարծիք. աշխարհն արհամարհում էր նրանց, բայց Աստծո աչքին պատվական էին ու սիրելի: Ապրում էին անկեղծ խոնարհությամբ, միամիտ հնազանդությամբ, եղբայրսիրությամբ ու համբերությամբ: Այս իսկ պատճառով, հսկայաքայլ առաջադիմում էին առաքինության մեջ և օրեցօր ավելի հաճելի դառնում Աստծուն: Նրանք օրինակներ են մեր՝ քրիստոնյաներիս համար, և պետք է որ ներշնչեն մեզ ծարավ՝ հասնելու կատարելությանը: Միջակների բազմությունը մեզ մեղկության առիթ չպետք է հանդիսանա:
 
3. Որքա՜ն ջերմեռանդ էին այդ վանականներն իրենց միաբանությունների հիմնման ժամանակ: Ի՜նչ եռանդ աղոթքի, ի՜նչ մրցակցություն առաքինության, խիստ կարգապահություն և հպատակություն ու հարգանք իրենց Հիմնադրի հաստատած կանոնների հանդեպ: Ինչը որ տակավին մնում է միաբանություններից, վկայում է, թե որքա՜ն վեհանձնորեն են պայքարել այդ հոգիները և ոտնակոխ արել աշխարհը: Իսկ այսօր, ավա՜ղ, մեծ բան է համարվում, եթե վանականը զանց չի առնում իր օրենքը և համբերությամբ է կրում իրեն հանձնված բեռը: Որքա՜ն գաղջ ենք մենք ու անհոգ. այսքան շո՞ւտ հանգեց նախկին եռանդը: Այժմ մեր մեղկության պատճառով ձանձրույթ ենք զգում և կյանքն անգամ անտանելի համարում: Երանի՜ թե այդքան բարեպաշտ անձանց օրինակը տեսնելուց հետո, առաքինության շավիղներում առաջադիմելու բաղձանքն ու ծարավը լիովին չհանգեին սրտիդ խորքում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։