Գլուխ Է. - Խոնարհությամբ պահպանել Աստծո շնորհները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Է. - Խոնարհությամբ պահպանել Աստծո շնորհները

1. Հիսուսը. Որդյակ, քո համար ավելի օգտակար է և ավելի ապահով՝ թաքցնելը եռանդիդ սովորականից ավելի աստիճանը: Դա ձրի պարգև է, դրա համար մի՛ հպարտացիր, շատ մի՛ խոսիր և մի՛ մտածիր դրա մասին, այլ ավելի՝ արհամարհիր անձդ և պատկառիր շնորհից, որին անարժան ես: Շատ մի՛ կապվիր այդ զգացումին, որովհետև քիչ ժամանակ անց կարող ես հայտնվել ընդմեջ ամբողջովին հակընթաց զգացումների: Երբ վայելում ես շնորհի ներկայությունը, մտածիր, թե որքա՜ն թշվառ էիր լինելու առանց նրա: Հոգևոր կյանքում առաջադիմելը ո՛չ այնքան ստեպ մխիթարվելու, որքան մխիթարություններից զրկվելը համբերությամբ, խոնարհությամբ ու անձնուրացումով տանելու մեջ է կայանում, որպեսզի չթուլանաս աղոթքի և հոգևոր հրահանգների կատարման մեջ: Կարողությանդ և ընդունածդ մտային լուսավորումների համաձայն, արա՛ ինչ կարող ես, և սրտիդ ցամաքության կամ անձկության պատճառով մի՛ անտեսիր հոգիդ:
 
2. Շա՜տ շատ են այնպիսիները, որոնք երբ չեն կարողանում իրենց գործերին տալ իրենց հաճելի ընթացքը, իսկույն կորցնում են համբերությունը և մատնվում անհոգության: «Մարդ միշտ չէ, որ տերն է իր ճանապարհների» (Եր 10, 23): Աստվածային անկապտելի իրավունքս է պարգևատրելն ու մխիթարելը ե՛րբ և որքա՛ն կամենում եմ, ո՛ւմ կամենում եմ և ինչպե՛ս կամենում եմ. ո՛չ ավելի: Որոշ անխոհեմներ և խոհեմներից խորհուրդ չհարցնողներ իրենք իրենց կործանեցին հենց իրենց ստացած շնորհների պատճառով, որովհետև կամեցան անել ավելին, քան կարող էին, առանց հաշվի առնելու իրենց սահմանները, հետևելով իրենց տաքարյունությանը ավելի, քան բանականության որոշումներին: Եվ քանի որ հավակնում էին հասնել առավել մեծ գործերի, քան իմ կողմից իրենց համար սահմանվածները, շուտով կորցրեցին շնորհը: Չքավոր ու նվաստացած մնացին բոլոր նրանք, ովքեր մտովին իրենց բնակությունն արդեն իսկ հաստատել էին Երկնքում, որպեսզի իրենց խեղճության ու թշվառության մեջ սովորեն չսավառնել սեփական բզկտված թևերով, այլ՝ ապահովություն գտնեն իմ թևերի հովանու ներքո: Սկսնակները և Տիրոջ ճանապարհներին անփորձները հեշտորեն են խաբվում և անդնդակործան գահավիժում, եթե չեն կամենում հետևել խոհեմ անձանց խորհուրդներին:
 
3. Եթե կամենում են առավել իրենց սեփական կարծիքին հետևել, քան վստահել Սրբերի փորձառությանը, եթե համառում են իրենց աշխարհայացքի մեջ և տեսակետներում, միշտ ողբալի է եղել և շարունակելու է այդպիսին լինել նրանց վախճանը: Իրենք իրենց իբր իմաստուն մեծարողները քիչ անգամներ են հանդուրժում ուրիշներից կառավարվել: Գերադասելի է խոնարհ լինել սահմանափակ մտքով ու ճանաչողությամբ, քան թե գիտության մեծագույն գանձեր ունենալ ունայն անձնահաճությամբ հանդերձ: Նախընտրելի է, որ քիչ ունենաս, քան շատ, որովհետև վերջինս ստեղծում է նաև հպարտանալու վտանգ: Բավական խոհեմությամբ ու հավասարակշռությամբ չի գործում նա, ով ամբողջովին անձնատուր է լինում ուրախությանը, ով մոռացության է մատնում իր նախկին չքավորությունը, ինչպես նաև Աստծո սուրբ երկյուղը, որը վախենում է ընդունած շնորհի դեռ հնարավոր կորստից: Եվ ո՛չ իսկ առաքինության բավարար քանակ է ցուցաբերում նա, ով վհատվում է ձախորդությունների և որևիցէ վշտակրության ժամանակ, իմ մասին խորհելով ու մտածելով նվազ վստահությամբ, ինչը որ վայել չէ:
 
4. Ով խաղաղության ժամանակ իրեն չափազանց ապահով է զգում, պատերազմի օրերին սովորաբար ներկայանում է իբրև մեկը երկչոտ ու անարի: Եթե կարողանայիր ներքնապես՝ մտքերիդ մեջ խոնարհ մնալ ու համեստ, եթե կարողանայիր կարգուկանոնի բերել ու կառավարել հոգևոր ապրումներդ, այսքա՜ն հեշտորեն չէիր ընկնի վտանգի ու մեղքի մեջ: Երբ զգում ես քեզնում եռանդն իր ամբողջ լիությամբ, խոհեմ եղիր և մտածիր, թե արդյոք ի՞նչ կլինեիր առանց իմ այդ լույսի: Իսկ երբ իսկապես սկսի աղոտանալ այդ լույսը, մտածիր, որ այն կարող է դեռ վերադառնալ, մտածիր, որ ես ինքս առկախեցի նրա հոսքը դեպի հոգիդ, քո իսկ բարիքի և իմ փառքի համար:
 
5. Այս փորձությունը քեզ ավելի օգտակար է, քան եթե ամեն բան կամքիդ համաձայն ընթանար: Հոգևոր արժանիքների մակարդակը չի չափվում այն փաստով, թե մեկը որքա՛ն հաճախակի տեսիլքներ ու մխիթարություններ է ընդունում ի վերուստ, կամ թե որքա՛ն հմուտ է ու մասնագիտացած Սուրբ Գրքի վերաբերյալ հարցերում, կամ թե ի՛նչ աստիճան է զբաղեցնում հասարակության մեջ կամ եկեղեցական ոլորտներում: Արժանիքները գնահատող ու որակավորող կնիքն են իրական խոնարհությունն ու Աստծո հանդեպ տածվող լիակատար սերը, միմիայն և ամբողջովին և ամենուր Աստծո փառքի փնտրտուքը, սեփական անձի շուրջ անկեղծ նվաստ կարծիքը և գիտակցությունը իր անձնական ոչնչության: Հոգևոր արժեք ունի նա, ով այլոց կողմից արհամարհված ու նվաստացած վիճակում ավելի խաղաղություն ու գոհունակություն է վայելում, քան պատիվներով ճոխացած ժամանակ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։