Գլուխ ԼԱ. - Մոռանալ արարածներին՝ Արարչին գտնելու համար – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԼԱ. - Մոռանալ արարածներին՝ Արարչին գտնելու համար

1. Հավատացյալը. Տեր, դե՛ռ ավելի մեծ շնորհների կարիքն ունեմ՝ այդպիսի կատարելության հասնելու համար, ուր ո՛չ մարդիկ, ո՛չ էլ մյուս բոլոր արարածները չեն կարողանա արգելք հանդիսանալ երկնամետ ընթացքիս: Իրոք, քանի դեռ ցանկության շղթաներով կապված եմ որևիցէ մի իրողության, չեմ կարող դեպի Քեզ ճախրել անպարագիծ ազատությամբ: Ազատ սավառնել էր տենչում նա, ով գոչում էր. «Ո՞վ կտա ինձ արդյոք թևեր աղավնու, որպեսզի մեկնեմ հանգիստս գտնելու» (Սղմ 54, 7): Ի՞նչ կա ավելի խաղաղ, քան մաքուր ու պարզ հայացքը: Եվ ո՞վ է առավել ազատ, քան նա, ով ոչինչ չի փափաքում ունենալ երկրի վրա: Հարկ է, ուրեմն, բարձրանալ արարածներից գերիվեր, լիովին լքել սեփական անձը, և երկնային իրողությունների շուրջ մտածումներով արբեցած՝ զմայլվել Քեզնով, Արարիչ բոլոր գոյությունների, որ անհամեմատելի ես արարածների հետ: Ոչ ոք չի կարող ազատորեն նվիրվել ծառայությանդ, եթե սրտով անջատված չէ բոլոր արարածներից: Եվ սա՛ է հայեցողության բարձունքներին հասած Սրբերի սակավաքանակության պատճառը, որովհետև շա՜տ քչերն են իրենց սրտերն ամբողջությամբ շղթայազերծում մահկանացու արարածներից:
 
2. Հետևաբար, անհրաժեշտ է մի մեծագույն շնորհ, որ բարձրացնի հոգին և այն ինքն իրենից վեր հափշտակի: Եթե հոգին չի ձգտում դեպի բարձրագույնը, չի անջատվում արարածներից, կատարյալ միությամբ միանալով Աստծուն, անարժեքություններ են իր գիտությունն ու ունեցվածքները: Ընդմիշտ թշվառ կմնա և չնչին փոքրկություններում կթափառի նա, ով համոզված է, թե իսկապես մեծ ինչ որ մի բան գոյություն ունի Միակ, Անպարփակ, Հավիտենական Բարիքից դուրս: Ինչը որ Աստծուց դուրս է, ոչինչ է և պետք է որակավորվի ու գնահատվի որպես այդպիսին: Վիթխարի տարբերություն կա աստվածապաշտ և ի վերուստ լուսավորված մարդու իմաստության և բազմամյա կրթություն ստացած, նյութական սահմաններում ամենիմաց մարդու գիտության միջև: Շատ ավելի վեհ ու վսեմ է ուսմունքը, որ բխում է ի վերուստ և աղբյուրանման հեղվում աստվածային պարգևատրմամբ, քան այն ճանաչողությունը, որ մարդկային միտքը ձեռք է բերում ջանքով ու հոգնությամբ:
 
3. Շատերն են փափաքում վայելել հայեցողական վիճակը, բայց քչերն են գործադրում նրան հասնելու միջոցները: Այս ճանապարհում ո՛չ փոքր արգելք է արտաքին զգայական հրահանգներին կառչելը և սակավ աշխատելը կատարյալ մահացուցմանը հասնելու համար: Չգիտեմ, թե ի՞նչ անվանեմ այս իրողությունը, չգիտեմ, թե ի՞նչ ոգի է մեզ առաջնորդում, թե ինչի՞ ենք հավակնում մենք, որ կույր, բայց իրականում ծածուկ հպարտությունից ծնված ինքնախաբեությամբ կոչում ենք մեզ հոգևորներ, երբ այնքա՜ն ջանք ու ճիգ, եռանդ ու խնամք ենք գործադրում նվաստ ու վաղանցուկ գործերում, մինչդեռ հազվադեպ անգամներ հազիվ ենք ամբողջական մտամփոփմամբ խորհրդածում մեր ներքին հոգևոր կյանքի շուրջ:
 
4. Ցավոք, կարճ ամփոփումից հետո իսկույն ցրվում ենք և խիստ քննության չենք ենթարկում մեր գործերը: Ուշադրություն չենք դարձնում, թե ինչպիսի իրողությունների ենք կապում մեր սրտերը, ո՛չ էլ ողբում ենք՝ մեզնում ամեն բան անմաքուր տեսնելով: «Մարդկանցից յուրաքանչյուրն ապականել էր իր կյանքը երկրի վրա», և այս իսկ պատճառով տեղի ունեցավ ջրհեղեղը (Ծնդ 6, 12): Հետևաբար, չափազանց ապականված լինելով մեր զգացումներն ու սկզբունքները, որոնց համաձայն ապրում ենք, դրանցից ծնունդ առնող գործերը նույնպես, բնականաբար, երևան են գալիս ապականված, բացահայտելով մեզնում ներքին եռանդի բացակայությունը:
Մաքուր սրտից ծլարձակում են պտուղներ աստվածահաճո լավորակ կյանքի:
 
5. Հիացումով ենք խոսում այս կամ այն մարդու կատարած գործերի շուրջ, բայց միևնույն ջանասիրությամբ չէ, որ կշռում ենք դիտավորությունն ու առաքինությունը, որոնցից մղված կատարել է այդ գործերը: Կամենում ենք իմանալ, թե այս մեկը կամ այն մյուսը հզոր է, հարուստ, գեղադեմ, ճարպիկ, ճարտար հռետոր, հաճելի երգիչ կամ հմուտ արվեստագետ. բայց թե հոգով աղքատ է, համբերող ու հեզ, բարեպաշտ ու ներանձնացած, այս որակների կողքով անցնում ենք համր լռությամբ:
Բնությունն ուշադրություն է դարձնում մարդու արտաքինին, իսկ Շնորհն իր հայացքը հառում է ներքին իրողությունների վրա: Առաջինը հաճախ է խաբվում. երկրորդը, մինչդեռ, վստահում և հանձնում է իրեն Աստծուն, երբեք չսխալվելով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։