Գլուխ ԻԲ. - Աստծո անթիվ ու անհամար բարերարությունները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԲ. - Աստծո անթիվ ու անհամար բարերարությունները

1. Հավատացյալը. Բա՛ց սիրտս, Տեր, օրենքներիդ առաջ և ուսուցանիր ինձ ընթանալ պատվիրաններիդ արահետներով: Տուր ինձ ըմբռնել կամքդ և շնորհիր մեծագույն մեծարանքով ու երախտագիտությամբ հիշել բարերարություններդ, լինեն դրանք ընդհանուր թե մասնավոր, որպեսզի այսուհետև կարողանամ շնորհակալությանս զգացումները հայտնել Քեզ հնարավոր լավագույն չափով: Քաջ գիտեմ և խոստովանում եմ, որ նվազագույն չափով անգամ չեմ կարող փոխհատուցել Քեզ կամ երախտագիտության արժանաչափ գովք մատուցել: Ես ստորադաս եմ շնորհածդ բոլոր բարիքներին, և մինչ խորհրդածում եմ վիթխարի վեհանձնությանդ շուրջ, հոգիս լցվում է սրբազան երկյուղով:
 
2. Ի՛նչ էլ որ ունենք և որքա՛ն որ ունենք հոգու և մարմնի մեջ, արտաքուստ և ներքուստ, բնական և գերբնական, Քո բարերարություններն են, որ հռչակում են Քեզ գթառատ, վեհանձն ու գորովալի, բաշխող այս բոլոր բարիքների: Եվ եթե ոմանք առավել են ստանում, իսկ ոմանք՝ սակավ, բարիքները միշտ Քոնն են, և առանց Քեզ դրանց փոքրագույնն իսկ չենք կարող ունենալ: Ով առավել մեծ բարիքներ է ընդունում, չի կարող հպարտանալ, իբրև թե իր իսկ արժանիքի արդյունքն են, ո՛չ էլ կարող է վերադասել իր անձն ուրիշներից, և ո՛չ էլ արհամարհել սակավ ստացողին, քանի որ վերջինս առավել խոնարհ է ու եռանդուն՝ երախտագիտություն հայտնելիս: Ով բոլոր մարդկանց մեջ ամենանվաստն ու անարժանն է նկատում իրեն սրտանց, նա է առավել տրամադիրը ընդունելու միշտ մեծագույն շնորհներ:
 
3. Իսկ ով սակավ է ստանում, չպետք է տրտմի, ո՛չ էլ նախանձի առավել ճոխացածին, այլ՝ պետք է ուղղվի դեպի Քեզ և գովաբանի բարությունդ, որովհետև շնորհում ես պարգևներդ առատությամբ, ձրի ու հոժարությամբ, առանց անձերի խտրության: Բոլոր բարիքները բխում են Քեզնից և գովքի ես արժանի դրանցից յուրաքանչյուրի համար: Դու քաջ գիտես, թե որքան է պատշաճ շնորհել ամեն մեկին, և մեկի շատ, իսկ մյուսի քիչ ունենալը մեր քննարկման նյութը չի կարող հանդիսանալ, այլ միայն Քո, որ շնորհում ես պարգևներդ, Նախախնամությանդ ծրագրերի համաձայն:
 
4. Այս իսկ պատճառով, Աստված իմ, ես մեծագույն բարիք եմ համարում նաև չունենալն այն բարիքների, որոնք փառահեղ լինելով ըստ մարդկանց գնահատանքի, հայթայթում են գովք ու պատիվ: Եվ իրոք, ոչ ոք, երբ նկատում է իրեն աղքատ և զուրկ զանազան տաղանդներից ու ձիրքերից, չպետք է այդ պատճառով անձնատուր լինի տրտմությանը, մելամաղձոտությանը կամ հուսահատությանը, այլ ընդհակառակը՝ պետք է զգա մխիթարություն և մեծ անդորր, որովհետև Դու, Աստված, որպես Քեզ մտերիմներ ու ընկերներ ընտրեցիր աղքատներին, խոնարհներին և աշխարհի կողմից արհամարհվածներին: Վկա են սրան նաև Առաքյալներդ, որոնց «իշխաններ կարգեցիր համայն երկրի վրա» (Սղմ 44, 17): Այսօրինակ հավիտենական պատվի բարձրանալով հանդերձ, նրանք աշխարհում ապրեցին առանց գանգատվելու, խոնարհությամբ ու պարզությամբ, առանց չարամտության կամ խարդախությունների. այնպես, որ վայելում էին Անունդ վկայելու պատճառով կրած նախատինքները և վիթխարի սիրով փարվում էին այնպիսի իրողությունների, որոնցից աշխարհը սարսափահար խորշում է:
 
5. Ոչինչ այնքան ուրախություն չպետք է պատճառի Քեզ իսկապես սիրողներին և նրանց, ովքեր ճանաչում են բարերարություններդ, որքան իրենց անձերում կամքիդ անմնացորդ կատարումը և իրագործումը Քո հավիտենական որոշումների: Կամքդ պետք է լինի նրանց բերկրանքն ու մխիթարությունը, հոժարությամբ նախընտրելով լինելն ամենափոքրը, ինչպես ուրիշը կբաղձար լինել ամենամեծը. և այսպես գրավել վերջին տեղը խաղաղությամբ ու հոգեզվարթությամբ, կարծես թե առաջինը լիներ, հաճույքով ընդունել արհամարհելի ու արհամարհված, անանուն ու անհռչակ լինելու իր պարագան, կարծես թե ամենապատվավորը լիներ ընդմեջ բոլորի և ամենահզորն աշխարհում: Հարկ է, որ կամքդ և Անվանդ փառքի նախանձախնդրությունը նրանք դասեն ամեն ինչից վեր ու առաջ, և իրենց սփոփանքն ու գոհունակությունը նույնպես կամքիդ կատարման մեջ գտնեն ավելի, քան այն բարիքների, որոնք ստացել են, կամ որ կարող են երբևէ ստանալ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։