Գլուխ ԺԴ. - Առաքինասերների վառ բաղձանքը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԴ. - Առաքինասերների վառ բաղձանքը

1. Հավատացյալը. «Քանի՜ցս մեծ է, Տեր, քաղցրությանդ առատությունը, որ վերապահել ես երկյուղածներիդ համար» (Սղմ 30, 20): Երբ մտաբերում եմ որոշ բարեպաշտներ, որոնք ջերմ եռանդով ու սիրով են մոտենում Սուրբ Խորհրդիդ, այնժամ խոնարհվում եմ ու ամոթից կարմրում, որովհետև ես սառնությամբ եմ մոտենում խորանին և Սուրբ Հաղորդությանը. որովհետև այսքան ցամաք եմ ու անսեր. որովհետև ներկայությանդ ամբողջովին բոցավառ չեմ, Աստված իմ, և հափշտակված ու հուզված չեմ սրտի այն սլացքից, որից մղված շատ հոգիներ այնպես էին բռնկվում Հաղորդության փափաքով, որ չէին կարողանում զսպել արցունքների հեղումը: Նրանք իրենց սրտի բերանով – ո՛չ նվազ, քան մարմնի բերանով – կամենում են իրենց ծարավը Քեզնով հագեցնել, Աստված իմ, աղբյո՜ւր կենդանի, չկարողանալով ուրիշ տեղ մեղմել, ո՛չ էլ լիովին հագեցնել իրենց քաղցը, եթե ոչ միայն՝ հաղորդվելով Քեզ քաղցրիկ բերկրանքով և հոգևոր սուրբ տենչով:
 
2. Այդ հոգիների վառ հավատքն է Քո իրական ներկայության փաստն ու գրավականը: Նրանք հացը բեկանելիս ճանաչում են իրենց Տիրոջը և նրանց սրտերը ճմլվում են, մինչ Դու խոսում ես: Ես բավական հեռու եմ նմանօրինակ զգացումներից ու եռանդից, այդքան ջերմ սիրուց: Ներողամիտ եղիր իմ հանդեպ, Հիսուս իմ, քաղցր ու գթալի. աղքատ մուրացկանիս շնորհիր Սուրբ Հաղորդության մեջ գեթ երբեմն համտեսել սիրույդ զգացումը, որպեսզի հավատքս ավելի ամրապնդվի, հույսս՝ աճի ու զորանա, և սերս, երկնային մանանայի ճաշակմամբ մի անգամ կատարյալ կերպով բոցավառվելով, չհանգչի բնավ:
 
3. Որորմությունդ ամենակարող է, Տեր, և կարող է շնորհել ինձ այս պարգևը, կարող է անհուն գթությամբ այցելել ինձ եռանդի հոգիով, երբ հասնի որոշածդ օրը: Թեև հրդեհված չեմ այնքան եռանդով, որքան վերոհիշյալ բարեպաշտները, սակայն Քո իսկ օգնությամբ կամենո՛ւմ եմ ունենալ նրանց վառ փափաքը, հայցելով Քեզնից դասել ինձ եռանդուն ծառաներիդ շարքերում և մասնակից դարձնել ինձ նրանց սուրբ ընկերությանը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։