Գլուխ ԽԲ. - Մեր խաղաղությունը մարդկանց մեջ չէ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԽԲ. - Մեր խաղաղությունը մարդկանց մեջ չէ

1. Հիսուսը. Որդյակ, եթե խաղաղությունդ ջանում ես գտնել քեզ համակրելի կամ քեզ ընկերակցող անձանց մեջ, տևապես կշարունակես մնալ անկայուն և շղթայված: Մինչդեռ եթե դիմես հավիտյան կենդանի ճշմարտությանը, քեզ թանկագին որևէ մեկի մահվան համար նաև չես տրտմի: Ընկերային կամ ուրիշ որևէ սեր պետք է հիմնվի իմ վրա, և ինձ աչքերիդ առջև ունենալով պետք է սիրես նրանց, ովքեր այս կյանքում համակրելի են քեզ և թանկագին: Առանց ինձ, մտերմությունն անարժեք է և չի կարող տևել. իրական և ջինջ չէ այն ընկերությունը, որ ես չեմ օրհնում: Որպես վանական, պետք է այնքան մահացած լինես մարդկային սիրո համար, որ փափաքես, հնարավորության սահմաններում, հեռու մնալ հասարակությունից ու աղմկալի ժողովատեղիներից: Մարդն այնքան ավելի է մոտենում Աստծուն, որքան ավելի է խուսափում երկրային սփոփանքներից: Եվ այնքան ավելի է դեպի վեր, դեպի Աստված բարձրանում, որքան ավելի վար է իջնում ներքուստ, հոգով ու սրտով խոնարհվելով:
 
2. Ով իրեն է վերագրում որևէ բարիք, խոչընդոտում է աստվածային շնորհի հոսքին, որովհետև խոնարհ հոգուն է միշտ փնտրում Սուրբ Հոգու շնորհը: Եթե կարողանայիր ոչնչացնել եսապաշտությունդ և խուսափեիր արարածներին կապվելուց, շնորհներս հոգուցդ ներս առատությամբ հեղելու հնարավորությունը կտայիր ինձ: Երբ անմաքուր աչքով ես դիտում արարածներին, Արարչի դեմքը թաքնվում է հայացքիցդ: Սովորիր ի սեր Արարչի հաղթել անձնասիրությանդ ամեն ինչում, և այդպիսով միայն կարող կլինես հասնելու Աստծո ճանաչողությանը: Ա՛յլ բան է հավատալ Աստծո գոյությանը, ա՛յլ բան է ճանաչել Աստծուն: Եթե նույնիսկ հարցը վերաբերվում է մի ոչինչ իրողության, եթե դրան տրվում ես չափազանցյալ «աչքով» ու «սրտով», արգելքի է վերածվում դեպի գերագույն Բարին ուղղված ընթացքիդ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։