Գլուխ Ի. - Ճանաչել և խոստովանել անձնական տկարությունները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ի. - Ճանաչել և խոստովանել անձնական տկարությունները

1. Հավատացյալը. «Արդ խոստովանում եմ մեղքերս և չեմ թաքցնում» (Սղմ 31, 5), խոստովանում եմ, Տեր, ամբողջ տկարությունս: Այն, որ ընկճում է ինձ և տրտմեցնում, հաճախ իրողություն է չնչին ու ոչինչ: Առաջադրում եմ պայքարել քաջությամբ, բայց հազիվ է գլուխ բարձրացնում մի թեթև փորձություն, իսկույն մատնվում եմ անասելի տխրության: Երբեմն աննշան հակառակությունն անգամ առիթ է դառնում ներքին մեծ փոթորիկների: Ինչպես նաև, մինչ խաղաղ եմ կարծում ինձ ու ապահով, չնկատելով վտանգը, երբեմն քամու մի թեթև շնչից ուղղակի գետնատարած եմ գտնում ինձ:
 
2. Տե՛ս, ուրեմն, Տեր, փոքրկությունն իմ ու դյուրաբեկությունս, որ ճանաչում ես իր բոլոր մանրամասներով: Գթա՛ ինձ և «դուրս քաշիր ինձ ճահճուտներից, որպեսզի այնտեղ չխեղդվեմ» (Սղմ 68, 15) և չմնամ այնտեղ ընկղմված: Հենց սա է ինձ հաճախակի վշտացնող և Քո առջև ինձ շփոթի ու ամոթի մատնող պարագան. անկայունությունս ու տկարությունս՝ կրքերին դիմադրելու գործում: Եվ թեպետ համաձայնություն չեմ տալիս նրանց ամբողջովին, բայց միևնույնն է, նրանց դեմ մաքառելը ծանր է ու հոգնեցուցիչ, և հոժարությամբ չէ, որ պայքարում եմ նրանց դեմ ամեն օր: Եվ այստեղ եմ ըմբռնում լիակատար անկարողությունս, որովհետև երևակայական անսուրբ պատկերներն ավելի մեծ հեշտությամբ են մուտք գործում մտքիցս ներս, քան թողնում հեռանում ինձնից:
 
3. Իսրայելի ո՜վ հզոր Աստված, պաշտպան Քեզ հավատարիմ հոգիների, բարեհաճությամբ անդրադարձիր ծառայիդ պայքարներին ու վշտին և զորավիգ եղիր ինձ: Ճոխացրու ինձ երկնային զորությամբ, որպեսզի հին մարդը՝ այս քստմնելի մարմինը, որ տակավին չի հնազանդվում հոգուն, իշխանության գլուխ չանցնի: Այս ողորմելի պանդխտության ընթացքում հարկավոր է մինչև վերջին շունչը ճակատամարտել մարմնի ցանկությունների դեմ: Մի՞թե հնարավոր է կյանք կոչել այս աքսորը, ուր նեղություններն ու խեղճությունները վխտում են անհաշվելի բազմությամբ, ուր ամեն բան և ամեն վայր լի է պատրանքներով ու թշնամիներով: Եվ իրոք, հազիվ է դադարում տառապանքներից կամ փորձություններից մեկը, ահա սկսվում է մի ուրիշը. և նույնիսկ մինչ մղվում է ճակատամարտերից մեկը, ուրիշներ ևս հասնում են և միմյանց վրա կուտակվում անսպասելիորեն:
 
4. Ինչպե՞ս կարելի է սիրել մի կյանք, որ լի է այսքան դառնություններով և ենթակա է բազում ձախորդությունների ու խեղճությունների: Ավելին. ինչպե՞ս կարելի է կյանք անվանել, երբ ծնում է այսքան մահեր ու ժանտահոտություն: Եվ սակայն, սիրված է և շա՜տ շատերը նրանում են փնտրում իրենց քաղցրությունները: Հաճախ է աշխարհը հանդիմանվում իբրև խաբուսիկ և ունայն, բայց հետո չի լքվում հեշտությամբ. ա՜յս աստիճան ստրուկ ենք մարմնի ցանկություններին: Որոշ պարագաներ մղում են մեզ սիրելու աշխարհը, ուրիշ պատճառներ՝ արհամարհելու այն: Աշխարհը սիրելու են մղում «մարմնի ցանկությունները, աչքերի ցանկությունները և աշխարհում տիրող հպարտությունը» (1Հվհ 2, 16), մինչդեռ հոգնություններն ու ձանձրույթը, որ արդարացիորեն հաջորդում են մարմնի հաճույքներին, ծնում են ատելություն աշխարհի հանդեպ և անհամության զգացում:
 
5. Ապականված հաճույքները տիրում են աշխարհին նվիրված հոգուն, որն «անուշություն է սեպում փշերի մեջ քայլելը» (Հոբ 30, 7), որովհետև ո՛չ տեսնում է և ո՛չ էլ ճաշակում Աստծո քաղցրությունը և առաքինության հոգեղեն գեղեցկությունը: Մինչդեռ նրանք, ովքեր անվերապահ կերպով արհամարհում են աշխարհը և որոշում են սուրբ սկզբունքների համաձայն ապրել Աստծո համար, վայելում են աստվածային քաղցրությունը, որ խոստացված է նրանց, ովքեր սրտանց հրաժարվում են աշխարհից և տեսնում, թե քանիցս չարաչար են սխալվում աշխարհասերները և թե քանի՜ քանի՜ կերպերով են մնում խաբված:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։