Գլուխ ԺԲ. - Թե ինչպե՛ս պատրաստվել Հաղորդությանը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԲ. - Թե ինչպե՛ս պատրաստվել Հաղորդությանը

1. Հիսուսը. Ինձ հաճելի է մաքրությունը, և ես եմ սրբություն շնորհում մարդկանց: Որպես հանգստիս վայր, փնտրում եմ մաքուր սրտերը: Պատրաստիր իմ համար «մեծ ու զարդարուն վերնատուն» (Մրկ 14, 15), և աշակերտներիս հետ քո տանը կկատարեմ Զատիկը: Եթե կամենում ես, որ քեզ գամ և օթևանեմ քեզնում, «մաքրվիր հին խմորից» (1Կր 5, 7), և ի ներքուստ մաքրիր սիրտդ: Դուրս նետիր այնտեղից այն ամենը, որ աշխարհային է ու մոլի, եղիր «ինչպես տանիքի վրայի միայնակ ճնճղուկը» (Սղմ 101, 8), և հոգուդ դառնության մեջ խորհրդածիր խեղճություններիդ մասին: Ով սիրում է, գեղեցկություններ է միայն պատրաստում իր սիրեցյալի համար, որովհետև իր եռանդից է ճանաչվում այն քաղցրիկ զգացումը, որ տածում է սիրելի անձի նկատմամբ:
 
2. Իմացիր, սակայն, որ չես կարող արժանապես տրամադրվել շնորհիվ առաքինի գործերիդ, նույնիսկ եթե մի ամբողջ տարի պատրաստվես և մտքիդ մեջ էլ չունենաս ուրիշ ոչինչ: Գթությանս պարգևով է միայն, որ թույլատրված է քեզ մասնակցել Սուրբ Ընթրիքին: Հրավիրված ես ինչպես մի մուրացիկ՝ հարուստի կողմից, և չես կարող փոխհատուցել սույն բարեգործությանը, եթե ոչ միայն՝ խոնարհվելով ու երախտագիտություն հայտնելով: Դու արա՛ այն, ինչ կարող ես, ջանասեր խնամքով. ո՛չ սովորությունից մղված, և ո՛չ էլ ստիպված, այլ՝ երկյուղով, մեծարանքով ու սիրով ընդունիր սիրեցյալ Տեր Աստծուդ Մարմինը: Ես ինքս կանչեցի քեզ և ես ինքս պատվիրեցի քեզ կատարել սա. ես ինքս կլրացնեմ այն, ինչ պակասում է քեզ: Ե՛կ, ընդունիր ինձ:
 
3. Երբ շնորհեմ քեզ եռանդ ու մխիթարություն, շնորհակալ եղիր. արժանի չէիր, բայց ես «գթացի քեզ» (Մտթ 18, 33): Իսկ երբ զգաս քեզ չոր ու ցամաք, հավասարապես հարատևիր աղոթքի մեջ, հառաչիր ու բախիր, մինչև փրկարար շնորհի գեթ մի փշրանք կընդունես կամ մի կաթիլ: Դո՛ւ իմ կարիքն ունես, ո՛չ թե ես՝ քո: Դու չես, որ սրբացնելու ես ինձ, այլ՝ ես եմ, որ գալիս եմ քեզ սրբացնելու ու կատարելագործելու: Դու գալիս ես իմ մոտ՝ ինձ միանալով սրբանալու, նորանոր շնորհներ ստանալու և եռանդդ կրկին բորբոքելու համար, որպեսզի կարող լինես բարելավելու վարքդ: «Մի՛ մերժիր այս շնորհս» (1Տմ 4, 14): Պատրաստիր սիրտդ ուժերիդ ներածի չափով, և առանց վարանումի սրտիցդ ներս հյուրընկալիր Արարչիդ:
 
4. Անհրաժեշտ է նաև, որ բարեպաշտության տրամադրվես ո՛չ միայն հաղորդվելուց առաջ, այլ՝ Խորհուրդն ընդունելուց հետո ևս հոգատարությամբ հարատևես նրանում: Եթե հարկավոր է ջերմ նախապատրաստություն, պահանջված է նաև եռանդի ո՛չ սակավ պահպանում հետագա ժամանակներում: Հաղորդվելուց հետո առաքինասեր եռանդի պահպանումը լավագույն պատրաստությունն է է՛լ ավելի մեծ շնորհներ ստանալու: Ոմանք կորցնում են իրենց բարի տրամադրությունները, որովհետև աղոթքից անմիջապես հետո տրվում են արտաքին ցրումների: Խուսափիր շատախոսությունից, ամփոփ մնա և վայելիր Աստծուդ: Կրում ես քեզնում Նրան, ում ամբողջ աշխարհը չի կարող խլել քեզնից: Ես եմ Նա, ում պետք է տաս ամեն բան, այնպես, որ այլևս քեզնում չապրես, այլ՝ ինձնում, զերծ՝ տառապանքներից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։