Գլուխ ԻԸ. - Ընդդեմ բամբասկոտների – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԸ. - Ընդդեմ բամբասկոտների

1. Հիսուսը. Որդյակ, մի՛ տրտմիր մարդկանց քո հանդեպ վատակարծիք լինելու համար, և եթե քո մասին խոսում են բաներ, որոնք կնախընտրեիր չլսել: Ավելին. դու ինքդ քո մասին պետք է ունենաս առավել վատթար կարծիք և քեզնում համոզում ձևացնես, որ քեզնից ավելի թերի մեկը գոյություն չունի: Եթե գեթ մի քիչ առաջադիմած լինեիր ներանձնական կյանքի արահետներում, կարևորություն չէիր տա օդի մեջ նետված խոսքերին: Փոքր իմաստություն չէ ընդդիմությունների ժամանակ լռելը և ներքուստ ուղղվելը դեպի ինձ, առանց խռովվելու մարդկային կարծիքներին ի լուր:
 
2. Խաղաղությունդ չպետք է կախում ունենա մարդկանց խոսքերից. նրանց մեծարանքի կամ նվաստացման խոսքերի հետևանքում դու չես փոխվում և չես դառնում մի ուրիշ մարդ: Ո՞ւր են գտնվում իրական խաղաղությունն ու ճշմարիտ փառքը: Չէ՞ որ ինձնում: Ով չի փափաքում հաճո լինել մարդկանց և չի վախենում նրանց երբեմն տհաճ լինելուց, մեծ անդորր կվայելի: Ինձ որպես իր միակ նպատակ չունեցող սիրուց և ունայն ու անհիմն վախերից են ծնվում սրտի ալեկոծումներն ու զգայարանների ապստամբությունները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։