Գլուխ ԽԷ. - Կրել նեղությունները հավիտենական կյանքի համար – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԽԷ. - Կրել նեղությունները հավիտենական կյանքի համար

1. Հիսուսը. Որդյակ, ետ մի՛ ընկրկիր հոգնությունների առաջ, որոնք հանձն ես առել սիրույս համար, և մի՛ հուսալքվիր ընդմեջ նեղությունների, այլ՝ ի՛նչ էլ պատահի, քաջալերվիր ու մխիթարվիր խոստմանս ակնկալությամբ: Ես միայն կարող եմ վարձատրել քեզ գերիվեր, քան բոլոր կերպերն ու չափերը: Միշտ չէ, որ ճնշված ես մնալու փորձությունների բեռան տակ, և միշտ չէ, որ կրելու ես վշտեր: Սպասիր մի քիչ և կտեսնես ավարտը բոլոր չարիքների: Կգա այն պահը, երբ կվերջանան բոլոր հոգնություններն ու մտահոգությունները:
Հավատա՛, չնչին ու ոչինչ է այն ամենը, որ անցնում է ժամանակի հետ:
 
2. Ինչ անում ես, արա՛ լավագույն կերպով, հավատարմությամբ աշխատիր այգուս մեջ. ե՛ս կլինեմ քո վարձը: Գրի՛ր, կարդա՛, երգի՛ր, հառաչի՛ր, լռի՛ր, աղոթի՛ր, քաջությամբ կրի՛ր հակառակությունները. հավիտենական կյանքն անկասկած արժանի է այսպիսի և դե՛ռ ավելի ծանր պայքարների: Խաղաղությունը կգա այն օրը, որն ինձ է միայն հայտնի: Եվ այնժամ չի լինի այլևս օր ու գիշեր, ինչպես ներկա ժամանակում, այլ՝ անմայրամուտ լույս, անվերջ ճաճանչ, կայուն խաղաղություն և ապահով հանգիստ: Այնժամ այլևս չես ասի. «Ո՞վ կազատի ինձ այս մահկանացու վիճակից» (Հռմ 7, 24), և ո՛չ էլ կաղաղակես. «Ավա՜ղ, երկարում է աքսորս երկրի վրա» (Սղմ 119, 5), որովհետև «մահը կկործանվի» (Ես 25, 8) և փրկությունն անթերի կլինի. ոչ մի տառապանք, այլ՝ կատարյալ զվարթություն և քաղցր ու գեղեցիկ ընկերություն Սրբերի հետ:
 
3. Եթե տեսնեիր Սրբերի փառքը Երկնքում, և թե ինչպիսի հանգստի մեջ են այժմ հրճվում նրանք, ովքեր մի ժամանակ արհամարհանքներ էին միայն ընդունում և անարժան համարվում ապրելու, անկասկած կխոնարհվեիր մինչև հնարավոր վերջին սահմանը, կնախընտրեիր ենթակա լինել բոլորին, քան գերադաս նույնիսկ մի հոգու: Ինչպես նաև չէիր տենչա վայելելու երջանիկ օրեր այս կյանքում, այլ՝ կփափաքեիր տառապել ի սեր Աստծո, և շահ կնկատեիր մարդկանց մեջ ոչինչ համարվելդ:
 
4. Եթե ճաշակեիր այս ճշմարտությունները և սրանք արմատանային սրտիդ խորքում, ինչպե՞ս կկարողանայիր տակավին դժգոհել: Մի՞թե արդար ու վայել չէ, որ հավիտենական կյանքի համար կրես ծանր նեղություններ:
Չնչին ու անհիշարժան իրողություն չէ Աստծո Արքայությունը ստանալ կամ կորցնելը:
Դեպի վեր, դեպի Երկինք բարձրացրու հայացքդ. տե՛ս ինձ և իմ բոլոր Սրբերին, որ իմ հետ են: Երկրի վրա մղեցին դառն ու դաժան պայքարներ, մինչ այժմ վայելում են, այժմ մխիթարված են, այժմ հանգստանում են և իմ հետ հավիտյան մնալու են Հորս Արքայությունում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։