Գլուխ Գ. - Աստծո խոսքը հարկ է ունկնդրել խոնարհությամբ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Աստծո խոսքը հարկ է ունկնդրել խոնարհությամբ

1. Հիսուսը. Լսիր, որդյակ, իմ խոսքերը, խոսքերս մեղմ ու անուշ, որոնք գերազանցում են այս աշխարհի իմաստասերների ու գիտունների իմացականությանը: «Իմ խոսքերը հոգի են և կյանք» (Հվհ 6, 64) և չեն ենթարկվում մարդկային չափանիշներին: Ուսուցումներս միտքդ մեծամտությամբ լցնելու համար չեն. հարկ է ունկնդրել դրանք լռությամբ, ընդունել՝ խոնարհությամբ ու սիրով:
 
2. Հավատացյալը. «Երանի՜ նրան, Տեր, ում Դու Ինքդ ես դաստիարակում և կրթում ըստ Քո օրենքների, տալու համար անդորր դառնության օրերին» (Սղմ 93, 12-13), այդպիսով լքված չթողնելով նրան երկրի վրա:
 
3. Հիսուսը. Սկզբից ևեթ ես կրթեցի Մարգարեներին և դեռ շարունակում եմ խոսել բոլորին. բայց շատերն են խուլ ձևանում ի լուր իմ ձայնի: Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է լսել ձայնն աշխարհի, քան իմ. ավելի սիրով հետևում են իրենց մարմինների քմահաճույքին, քան աստվածային կամքին: Աշխարհը խոստանում է բաներ ճղճիմ, և սակայն մարդիկ եռանդով են ծառայում նրան: Ես խոստանում եմ իրողություններ գերազանց ու հավիտենական, բայց նրանց սրտերը մնում են անզգա: Ո՞վ է այնպիսի պատրաստակամությամբ ծառայում ու հնազանդվում ինձ, ինչպիսի ջանասիրությամբ որ ստրկանում է աշխարհին ու նրա տերերին:
«Ամաչի՛ր, Սիդոն, գոչում է ծովը» (Ես 23, 4): Ինչո՞ւ: Փոքրիկ շահի համար անգամ մարդիկ կատարում են երկարատև ուղևորություններ, մինչդեռ հավիտենական կյանքը ձեռքբերելու համար հրաժարվում են գեթ մի քայլ կատարել: Փոքրագույն շահն անգամ գրգռում է մարդկանց ախորժակը, ոչինչ գումարի համար ստորանում են ու կռվում, մի անարժեք առարկայի կամ մի սին խոստման համար հանձն են առնում ծանր հոգնություններ օր ու գիշեր: Մինչ ավա՜ղ, անհամեմատելի բարիքի, անսպառելի վարձատրության, գերագույն պատվի ու անմայրամուտ փառքի ճանապարհին ծուլանում են և մանրիկ արգելքների առաջ անգամ ետ ընկրկում:
 
4. Ամաչի՛ր, ուրեմն, ծույլ ու դժգոհ ծառա, որովհետև նրանք ավելի պատրաստակամ են իրենց կորուստին, քան դու՝ փրկությանդ: Նրանց համար ունայնությունն ավելի շքեղ հմայք ունի, քան քո համար՝ ճշմարտությունը: Եվ սակայն, քանի՜ցս անգամներ նրանք հուսախաբ են մնում իրենց ակնկալություններից, մինչ իմ խոստումն անխաբ է և երբեք չեմ մերժել և չեմ մերժի ինձ ապավինող հոգուն: Խոստացածս կտամ, ասածս կանեմ: Բավական է, որ մարդիկ մինչև վերջ հավատարիմ մնան սիրույս: Ես եմ վարձատրում բոլոր բարի գործերը, բայց նախ ծանր փորձությունների եմ ենթարկում աստվածասեր հոգուն:
 
5. Խոսքերս դրոշմիր սրտիդ խորքում և խորհրդածիր նրանց շուրջ, որովհետև նրանք քո համար անհրաժեշտություն են փորձության պահին: Ինչը որ չես հասկանում այժմ կարդալով, կըմբռնես, երբ այցելեմ քեզ: Երկու կերպերով եմ սովոր այցելելու իմ ընտրյալներին. փորձությամբ և մխիթարությամբ: Եվ յուրաքանչյուր օր կրկնում եմ այս երկու դասախոսություններս. առաջինով հանդիմանում եմ նրանց ախտերը, երկրորդով՝ քաջալերում եմ առաջադիմելու առաքինության ասպարեզում:
Իսկ նա, ով լսում է իմ խոսքերը և արհամարհում դրանք, այդ իսկ նվաստ համարված խոսքերի համաձայն է դատվելու դատաստանի օրը:
 
6. Հավատացյալը. Տեր իմ և Աստված իմ, Դու ես իմ միակ գանձը: Ո՞վ եմ ես, որ համարձակվում եմ խոսել Քո հետ: Ամենահետինն եմ ծառաներիդ մեջ, ողորմելի որդ եմ, և դե՛ռ ավելի խեղճ ու թշվառ, քան որքան գիտեմ կամ կարողանում եմ ասել: Հիշիր, ուրեմն, Տեր, որ ոչինչ եմ ես, արժեքավոր ոչինչ չունեմ և ընդունակ չեմ ոչ մի բարեգործության: Դու ես միակ բարին, արդարն ու սուրբը: Դու ես ամենակարողը, բաշխողը բոլոր շնորհների ու ձիրքերի, և բարության ձգտողներին կատարելության հասցնողը: Իրենց մեղքերի մեջ համառողներին ես միայն ձեռնունայն թողնում: Արդ, հիշիր ողորմություններդ, Տեր, և ճոխացրու այս խեղճ սիրտս շնորհներիդ զեղմամբ, Դու, որ չես կամենում կորուստը Քո արարածների:
 
7. Ինչպե՞ս կկարողանամ կրել այս թշվառ աքսորը, եթե ողորմությունդ ու շնորհդ չզորացնեն ինձ ու չմխիթարեն: Տեր, մի՛ թաքցրու ինձնից հայացքդ, մի՛ հետաձգիր այնքա՜ն սպասված այցելությունդ. զովացրու հոգիս մխիթարությանդ ցողով, որպեսզի Քեզնից զրկվելով՝ անջրդի հող չդառնա այն: Տեր, կամենում եմ կատարել Քո կամքը, կրթի՛ր ինձ: Ասա՛, ինչպե՞ս կարող եմ վարել մի կյանք, որ խոնարհ լինի ու Քեզ հաճելի: Որովհետև Դու ես ակունքն իմաստության, միայն Դու ես ճանաչում ինձ ամենայն ճշգրտությամբ: Աշխարհի ստեղծումից և իմ իսկ աշխարհ գալուց առաջ արդեն ճանաչում էիր ինձ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։