Գլուխ ԾԲ. - Ավելի պատժի ենք արժանի, քան մխիթարությունների – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԾԲ. - Ավելի պատժի ենք արժանի, քան մխիթարությունների

1. Հավատացյալը. Տեր, արժանի չեմ մխիթարություններիդ ու հոգևոր այցելություններիդ, հետևաբար՝ արդարությամբ ես վարվում, երբ թողնում ես ինձ տխուր ու ձանձրացած: Եթե նույնիսկ ծով մի ամբողջ արցունքներ հեղեի, տակավին արժանի չէի լինի մխիթարությանդ: Մտրակվելու և պատժվելու եմ միայն արժանի, որովհետև հաճախ վշտացրեցի Քեզ և շատ մեղանչեցի ծանրորեն: Այս իսկ պատճառով, արժանի չեմ և ո՛չ իսկ փոքրագույն սփոփանքի: Բայց Դու, Աստված բարեգութ ու ողորմած, որ չես փափաքում մահն արարածներիդ, որ կամենում ես բարությանդ հարստությունները շռայլել մեզ՝ «ողորմության անոթներիս» (Հռմ 9, 23), Դու ծառաներիդ մխիթարում ես գերմարդկային կերպով, առանց մեր որևէ արժանիքի:
Մխիթարություններդ, իրոք, ոչնչով նման չեն մարդկանց դատարկ շատախոսություններին:
 
2. Ի՞նչ բարեգործություն եմ կատարել, որի փոխարեն կարողանամ հուսալ երկնային մխիթարություններդ: Ես չեմ հիշում ոչինչ. ավելին՝ միշտ հակված եղա դեպի մոլությունները և ծույլ եղա հոգևոր նորոգմանս գործում: Սա ճիշտ է, չեմ կարող մերժել: Եթե փորձեմ պաշտպանել ինձ, իմ դեմ դուրս կգաս ու կհանդիմանես, և ոչ ոք հանձն չի առնի պաշտպանելու դատս: Ինչի՞ արժանացա մեղքերովս, եթե ոչ միայն՝ դժոխքի հավիտենական կրակներին: Խոստովանում եմ, որ իրականում արժանի եմ ամեն տեսակ նվաստացման ու արհամարհանքի, և հավատարիմ ծառաներիդ շարքում կանգնելու իրավունքը չունեմ: Եվ թեև ծանր է կշռում սա իմ ուսերին, սակայն ի սեր ճշմարտության դատապարտելու եմ ինքս ինձ մեղքերիս համար, որպեսզի սիրալի ողորմությանդ հույսն ունենամ առավել մեծ վստահությամբ:
 
3. Ի՞նչ կարող եմ արդյոք ասել ես՝ ամոթահար մեղավորս: Շրթունքներս այս խոսքերն ասելու համար են միայն բացվում. «Մեղանչեցի, Տեր իմ, մեղանչեցի, ողորմիր ինձ, ներիր»: Թող վիշտս մի քիչ մեղմեմ արցունքներով, «ստվերներով ու մահվան մշուշով ծածկված բնակավայր փոխադրվելուցս առաջ» (Հոբ 10, 20-21): Ի՞նչ ես Դու պահանջում հանցապարտ ու խեղճ մեղավորներիցս, եթե ոչ միայն՝ զղջում, վերադարձ և խոնարհություն: Սրտի իրական զղջման ու խոնարհության մեջ է ծնվում ներման հույսը, խաղաղվում ապականյալ խիղճը, վերստին ձեռքբերվում կորցված շնորհը, ազատվում գալիք բարկությունից, և այս միևնույն ժամադրավայրում են սրբազնասուրբ գրկախառնմամբ հաշտվում Աստված և ապաշխարող հոգին:
 
4. Մեղքերի համար զղջումը և դրանցից հեռանալը, Տեր, Քեզ ընդունելի զոհ է, բուրմունք է Քո համար ավելի քնքուշ ու հաճելի, քան ամպակուտակ վերամբարձումը ամենաընտիր խնկի: Սա՛ է այն հոտավետ յուղը, որով թույլատրեցիր օծել պաշտելի ոտքերդ, որովհետև Դու, Տեր, «չես արհամարհում զղջացած սիրտն ու խոնարհ հոգին» (Սղմ 50, 19): Այստեղ է ապաստարանը թշնամու խարդախություններից, այստեղ է հոգին սրբվում ու մաքրվում այն բոլոր աղտերից, որոնցով ծածկվել էր այլուր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։