1) Աստված ամենագետ է – Գրադարան – Mashtoz.org

1) Աստված ամենագետ է

Աստծո գոյության հինգերորդ ապացույցի մեջ տեսանք, որ Աստված տիեզերքի անհունազան էակներին մղում է թե՛ իրենց անհատական նպատակներին և թե՛, բոլորին միասին, մեկ համընդհանուր նպատակի:

Սակայն, միմիայն ամենագետ անձը կարող է այդպիսի գործ կատարել: Մյուս կողմից, Աստված ամենակատարյալ և անհուն է Իր կատարելություններով:

Իմացականությունն էլ կատարելություն է, որ Աստծո մեջ անհուն չափով պետք է լինի:

Եթե Աստված սահմանափակ գիտություն և իմացականություն ունենար, պիտի դադարեր ամենակատարյալ և անհուն էակ լինելուց: Կարող ենք ավելացնել նաև, որ Աստված, ամենապարզ էակ լինելով, նաև գերազանցապես աննյութ և հոգեղեն էակ է:

Բայց որևէ էակ, որքան ավելի հոգեղեն լինի, այնքան ավելի իմացականությամբ օժտված պետք է լինի:

Ուրեմն Աստված, որ գերազանցորեն հոգեղեն էակ է, նաև գերազանցորեն իմացական էակ է, որի գիտելիքները չափ ու սահման չունեն:

Բացատրենք: Էակը, որքան աննյութ լինի և զերծ լինի թանձր նյութի ազդեցությունից, այնքան ավելի կատարյալ ճանաչողություն կունենա:

Անասունները նյութի հետ չափազանց շաղախված լինելով, չափազանց անկատար ճանաչողություն ունեն: Նրանց զգայական հոգին չի կարող ամբողջապես ինքն իր վրա անդրադառնալ և ինքնագիտակցություն ունենալ:

Մարդկային միտքը, լինելով նյութից ավելի անկախ, կարող է ամբողջական անդրադարձում ունենալ ինքն իր վրա և անասուններից ավելի կատարյալ ճանաչողություն ունի:

Հրեշտակները, որոնք բոլորովին զերծ են նյութի ազդեցությունից, մարդկանցից ավելի կատարյալ ճանաչողությամբ են օժտված:

Իսկ Աստված, որ ամենապարզ և անհուն էակ է, ամենակատարյալ իմացականությունն ունի:

Աստծո մեջ անգիտությունից դեպի գիտություն անցում չկա: Մեկ ճանաչողությամբ Նա ճանաչում է բոլոր իրական և հնարավոր ճշմարտությունները: Նա Ինքնին Ճշմարտությունն է, և բոլոր մյուս ճշմարտություններն այս Ճշմարտության Արեգակի մեկական շողերն են:

Աստված բոլոր իրականությունների մեջ Ինքն է առաջին և անսկիզբ իրականությունը, որից ծագում են բոլոր մյուս իրականությունները: Նա ամեն բանից առաջ ճանաչում է Ինքն Իրեն ուղղակի անմիջական ճանաչողությամբ:

Աստված, Ինքն Իրեն ճանաչելով, ճանաչում է նաև բոլոր իրական և հնարավոր էակներին, մեր ազատ և կախումնավոր գործերը, նաև նրանք, որոնք դեռ չենք արել, բայց անելու ենք, կամ անելու էինք, եթե ա՛յլ պարագաներում գտնվեինք, անցյալում, ներկայում և ապագայում: Եվ այս ամենը ճանաչում է մեկ ամենապարզ ճանաչողությամբ:

Մեր ճանաչողությունը կախված է արտաքին աշխարհից: Աստված, ընդհակառակը, դրսի աշխարհը ճանաչում է Իր էության ներսից: Նրա էությունը ո՛չ միայն հայելի է, որում արտացոլվում են բոլոր էակները, այլ նաև՝ միակ ակունքը, որից ծագել են և պիտի ծագեն բոլոր իրականությունները:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։