2) Երկրի վրա իրար ենթակա (իրարից կախյալ) պատճառներ կան – Գրադարան – Mashtoz.org

2) Երկրի վրա իրար ենթակա (իրարից կախյալ) պատճառներ կան

Ակնհայտ իրականություն է, որ երկրի վրա գտնվող պատճառներն իրենց գործունեության մեջ կախյալ են իրարից:

Երբ լեռան լանջին կամ ժայռի ստորոտում կուսագեղ մի կոկոն իր աչքն է բացում արևին, ամբողջ տիեզերքն է ներկա այնտեղ իր ազդեցությամբ:

Տաք բնի մեջ ձվից թռչնակին դուրս հանելուն մասնակցում են բնության տարբեր ուժեր:

Օդը, լույսը, ջերմությունը, ջուրը շատ հաճախ անհրաժեշտ տարրեր են էակների գոյության ու գործունեության համար: Օրինակ՝ խնձորը կախում ունի խնձորենուց, խոնձորենին՝ հողից, ջրից արևից, և այլն։ Արևն իր ճառագայթները խնձորենուն հասցնելու համար կարիքն ունի օդի, և այլն:

Գործող ամեն ինչ, շնչավոր թե անշունչ, որևէ արդյունք ստանալու համար կարիքն ունի ուրիշի օգնության: Մեր երկրի վրա անկախ պատճառներ չկան: Իրենց գոյությունը պահպանող և իրենց գործունեությունը կիրարկող ինքնաբավ և ինքնամփոփ էակներ գոյություն չունեն ողջ տիեզերքում: «Չկա փոքրագույն իսկ շունչ, որ մթնոլորտում գեթ մի ալիք չառաջացնի»[1]: Ամենամեղմ ձայնն անգամ իր արձագանքն ունի տիեզերքի մի անկյունում. ամենափոքր ատոմը, որ մանրանկարն է տիեզերքի, հաղորդակից է մեծ տիեզերքում տեղի ունեցող հեղաշրջումներին:

Նույնիսկ բնության ազատախոհ արքան՝ մարդը, իր կյանքի պահպանման, իր մտքի ու սրտի գործունեության մեջ շղթայված է արտաքին աշխարհի անշունչ տարրերին:

[1] Ռ. ՊԷՐՊԷՐԵԱՆ, Առաջին տերեւք, Կ. Պոլիս 1877, էջ 160.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։