4) Պատահական էակների գոյության պատճառը հարկավոր է փնտրել որևէ անհրաժեշտ էակի մեջ, որն ինքն իր մեջ կունենա իր գոյության պատճառը: Այդ անհրաժեշտ էակն Աստված է – Գրադարան – Mashtoz.org

4) Պատահական էակների գոյության պատճառը հարկավոր է փնտրել որևէ անհրաժեշտ էակի մեջ, որն ինքն իր մեջ կունենա իր գոյության պատճառը: Այդ անհրաժեշտ էակն Աստված է

Տեսանք, որ պատահական իրերն իրենց մեջ չունեն իրենց «գոյության» պատճառը, քանի որ իրենց «գոյությունը» ստանում են ուրիշից:

Եթե այս ուրիշը պատահական էակ է, ինքն էլ է իր գոյությունը ստանում ուրիշից:

Բայց չենք կարող անվերջ երկարացնել պատահական էակների շարքը, որովհետև եթե ամեն մի պատահական էակ, առանձին վերցված, չունի իր մեջ իր գոյության պատճառը, ապա անհուն թվով պատահական էակներ իրար միացած դարձյալ չպետք է ունենան իրենց գոյության պատճառը: Ճիշտ այնպես, ինչպես անթիվ լուսավառ էլեկտրական լամպեր, առանձին առանձին վերցված, իրենք իրենց մեջ չունեն իրենց լույսի պատճառը, այլ՝ այն ստանում են էլեկտրակայանից, և բոլորը միասին դարձյալ իրենք իրենց մեջ չեն ունենա իրենց լույսի պատճառը, այլ՝ անհրաժեշտ է, որ իրենցից դուրս գոյություն ունենա մի էլեկտրակայան, որը գլխավոր պատճառը կլինի բոլոր կանթեղների լուսավորության:

Նմանապես, պատահական էակների գոյությունը բացատրելու համար պետք է հասնել մի առաջին էակի, որը պատահական էակ չէ, այլ՝ «անհրաժեշտ», որի գոյությունն իր էությանն է պատկանում, որն իր գոյությունն ուրիշից չի ստանում, այլ՝ այն կրում է իր մեջ:

Այս անհրաժեշտ և ինքնագո էակին մենք Աստված անունն ենք տալիս: Նա միշտ կար և պիտի լինի, քանի որ Իր «լինել»ը Իր էությունն է:

Նա է մեր նախնիների «Լույս զվարթ»ը, «Առավոտ լուսո»ն, «Առաջին լույս»ը, այն մշտաբուխ Ակնաղբյուրը, որից ամեն էակ վառելով իր կյանքի ջահը՝ մի պահ փայլատակում է ու մարում:

Նա է անշիջանելի Արևը, որ, կանգնած լինելով երկու հավերժությունների՝ Անցյալի ու Ապագայի միջև, Իր շողերով լուսավորում է տիեզերքի անհաս խորությունները և դարերի անպարփակ հեռավորությունները:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։