2) Պանթեիզմի հերքումը – Գրադարան – Mashtoz.org

2) Պանթեիզմի հերքումը

Պանթեիզմը, ի՛նչ ձևով էլ այն ներկայանա մեզ, կա՛մ տիեզերքն է ամբողջությամբ նույնացնում Աստծո հետ, կա՛մ էլ՝ տիեզերքի էակներին ընդունում է որպես Աստծո էության մի անբաժանելի մասնիկը, իրական կամ գաղափարական կերպավորումը:

Սակայն պանթեիզմը, իր բոլոր ձևերով ու տարբերակներով, հակասական և սխալ ուսմունք է, ուստի՝ անընդունելի:

Հակասական և սխալ է նույնացնել տիեզերքը Աստծո հետ, որ անհուն, ամենակատարյալ, ամենապարզ, անհրաժեշտ, բացարձակ և ինքնագիտակից Էակն է: Ընդհակառակը, տիեզերքը կազմված է սահմանավոր, անկատար, բաղադրյալ, պատահական, կախումնավոր և անգիտակից էակներից։

Անկարելի է, որ միևնույն էակը միաժամանակ իրար միանգամայն հակասող հատկություններ ունենա:

Մանրամասն ցույց տվեցինք արդեն, որ Աստված տիեզերքում գտնվող բոլոր շարժուն և փոփոխելի էակների առաջին անփոփոխելի պատճառն է, որից ամեն էակ ստանում է իր շարժումը, գոյությունը, գործունեությունը, կատարելությունները և կարգուկանոնը:

Եվ ուրեմն, ողջմտությանը դեմ է նույնացնել պատճառն իր արդյունքի հետ, շարժում տվողին՝ շարժման հետ, պատահական գոյությունը ինքնագո գոյության հետ, կատարելության աղբյուրը՝ անկատարության հետ, կառավարչին և օրենսդրին՝ կարգուկանոնի և օրենքի հետ:

Սխալ է նաև ասել, որ տիեզերքի էակները Աստծո գոյացության իրական կամ գաղափարական կերպերն են, որովհետև այդ դեպքում այդ զանազան կերպերը Աստծո գոյացության վրա և՛ նոր կատարելություններ պետք է ավելացնեին, և՛ այն պետք է սահմանափակեին:

Սակայն, Աստծո անսահման գոյացությունը կամ էությունը չի կարող ենթակա լինել սահմանավոր կերպավորումներին: Անսահմանը չի կարող ոչ մի ձևով սահմանավորվել:

Նույնքան սխալ է իդեալիստ պանթեիստների պնդումը, որի համաձայն՝ միակ իրականությունը Միտքն է, որն ինքն իր գիտակցումն ունենալու համար ինքն իրեն պարզեցնում է, իր թաքուն ուժերը դրսևորում է իբրև իր ճանաչողության առարկա: Այս դրսևորումից առաջ է գալիս տիեզերքն իր էակներով, և Բանականությունը, ճանաչելով դրանք, անխոս կունենա իր ինքնագիտակցությունը:

Բայց այն բանականությունը, որ իր գիտակցությունը չունի, այլ՝ այն ունենալու համար հեղաշրջման կարիքն ունի, չի կարող Աստված լինել:

Հետո, որքա՜ն անտրամաբանական է աստվածացնել տիեզերքը, ուր գիտակցություն ունեցող միակ էակը մարդն է:

Զարմանալի է իրապես, որ շատ անգամ մարդիկ, փոխանակ խոնարհվեն լուսապայծառ ճշմարտությունների առջև, ընդունում և պաշտպանում են ամենաանհեթեթ ու անիմաստ ուսմունքները:

Ինչպե՞ս չզարմանալ, երբ Ֆիխտեի, Շելլինգի և Հեգելի նման համբավավոր փիլիսոփաները, սոսկ չընդունելու համար ճշմարիտ Աստծո գոյությունը, աստվածացնում են բնությանը և մարդուն: Բնությանը, որ հակառակ իր բազմազան գեղեցկությունների, զուրկ է իմացականությունից և զգացումից, և մարդուն, ով հակառակ իր ստեղծագործ հանճարին, ենթակա է տկարությունների և հեղինակ է նաև ամենաստոր չարագործությունների:

«Աստուածացեալ մարդ, ամօթ քեզ ամօթ,
Մութ, ամբարտաւան խրոխտութեանց անօթ,
Դեռ ամէն գինով կը կառչիս հողին, [...]
Նայէիր աշնան տերեւին դեղին [...] »[1]:

Որքա՜ն արտառոց է նաև իդեալիստների հղացած աստվածը, այն է՝ Բանականությունը և տիեզերքի էակները, որոնք պարզապես գաղափարական և ենթակայական կերպերն են այդ Բանականության:

Ո՛չ, տիեզերքի էակները ենթակայական էակներ չեն, այլ առարկայական, անկախ մեր բանականությունից: Տիեզերքի մեջ մարդն է միայն մտածող, ով ավելի շատ ոչնչության անդունդի եզերքներում է թափառում, քան սավառնում է աստվածության անհասանելի բարձունքի վրա:

[1] Ռ. ՍԵՎԱԿ, Կարմիր գիրքը, Կ. Պոլիս 1910, էջ 65.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։