ԱԳՆՈՍՏԻԿ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ – Գրադարան – Mashtoz.org

ԱԳՆՈՍՏԻԿ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ

Ագնոստիկ հեղինակները հիմնական երկու խմբերի են բաժանվում.

Ա. – Պոզիտիվիստներ (positiviste).

Բ. – Սուբյեկտիվիստներ (subjectiviste):

 

Ա. – Պոզիտիվիստները, որոնց ուսմունքի հիմնադիրը Օգյուսթ Քոմթն է (Auguste Comte), մեծ մասով ֆրանսիացիներ են, ովքեր բացարձակապես մերժում են որևէ ճանապարհ, որ մեզ առաջնորդում է դեպի Աստված:

Անկարելի է որևէ կերպ հասնել Աստծուն, շոշափել Աստծո գոյությունը, ասում են նրանք. ուստի ավելորդ է նաև Աստծո գաղափարով զբաղվելը: «Աստծո վերաբերյալ հարցերը հիվանդություն են», ասում է Լիթրեն, «դրանից ազատվելու միակ միջոցը այդ հարցերի մասին չմտածելն է»[1]:

Կան նաև անգլիացի պոզիտիվիստներ, որոնք թեև ընդունում են, որ Աստված տեղ չի կարող ունենալ գիտության մեջ, քանի որ անզգալի էակ է, սակայն ասում են, որ կրոնական հարցերով զբաղվելը ներելի է, որովհետև հասարակության և անհատների միջև առկա է կրոնական գաղափարը, որն իր ազդեցությունն ու հետևանքներն ունի հանրային կյանքի մեջ:

Ստյուարտ Միլլը (Stuart Mill) նույնիսկ ընդունում է Աստծո գոյության թեթև հավանականությունը:

Սփենսերը (H. Spenser) վստահ է Անճանաչելիի գոյությանը: Այս կերպ անգլիացի պոզիտիվիստները տեղ են տվել նաև կրոնին:

 

Բ. – Սուբյեկտիվիստները, որոնց առաջնորդն է գերմանացի փիլիսոփա Քանթը, ավելի նպաստավոր են արտահայտվում Աստծո գոյության մասին:

Նրանք ասում են, որ թեև մտքի լույսով չենք կարող Աստծո գոյությունն ապացուցել, սակայն «կամքի» ու «սրտի» ճանապարհով կարող ենք Աստծուն հասնել: Աստված թեև գիտության սահմանից դուրս է գտնվում, բայց առարկան է մեր «Հավատքի»:

Քանթը մի եզակի տեսություն ունի մարդկային ճանաչողության մասին:

Նա առանձնացնում է մարդկային մտքի գործողության երեք տեսակ. 1) տեսական, 2) գործնական, 3) գեղարվեստական:

Տեսական միտքը ճշմարտությունը ճանաչելու իմացական կարողությունն է:

Գործնական միտքը բարին ցանկանալու կամեցողական կարողությունն է:

Իսկ գեղարվեստական միտքը գեղեցիկը ըմբռնելու կարողությունն է:

Քանթը մեր գիտական ճանաչողության մեջ տարբերում է երեք տարր: 1) Արտաքին տարրի երևույթը: Այս երևույթը եզակի է և պատահական: 2) Մեր զգայությունը օժտված է տարածության և ժամանակի կերպարանքներով, որոնք մեզ անծանոթ արտաքին տարրը տարածության և ժամանակի մեջ են զետեղում: Տարածությունը և ժամանակը մեզնից դուրս գոյություն չունեն, այլ մեր զգայությանը «ապրիորի» պատկանող երկու կերպարանքներն են։ 3) Ճանաչողության երրորդ տարրը առաջ է գալիս մեր մտքի մեջ նախապես, «ապրիորի» գոյություն ունեցող 12 կատեգորիաներից: Այս 12 կատեգորիաները սուբյեկտիվ են և ո՛չ թե օբյեկտիվ, այնպես որ մենք իրերը ճանաչում ենք ո՛չ թե այնպես, ինչպես որ են իրականում, այլ՝ ինչպես որ «երևում» են մեզ մեր զգայարանների միջոցով:

Հատկապես որ, ասում է Քանթը, մեր գիտակցությունը կախված չէ արտաքին աշխարհից, այլ՝ արտաքին աշխարհն է կախված մեզնից. «Մեր իմացությունը», ասում է Քանթը, «բնությունից օրենքներ չի վերցնում, այլ՝ ընդհակառակը, ինքն է բնության օրենքներ սահմանում»[2]:

Հետևաբար, Քանթը մեր գիտության (իմացության) սահմաններն է՛լ ավելի է նեղացնում, քան մատերիալիստներն ու պոզիտիվիստները: Ըստ Քանթի, մեր իմացությունը սահմանափակված է զգայական աշխարհի երևույթների մեջ: Մեր գիտակցությունը ո՛չ միայն չի կարող ճանաչել Աստծո գոյությունը, այլ նաև՝ անկարող է ճանաչել զգայական իրերը ինչպես որ են. ճանաչում է դրանք ինչպես երևում են:

Մյուս կողմից, փրկելու համար կրոնը, Քանթը ավելացնում է. եթե մենք մտքի լույսով չենք կարողանում ճանաչել Աստծո գոյությունը, կարող ենք, սակայն, հասնել Նրան գործնական մտքով, այսինքն՝ կամքի բարձրագույն պահանջների միջոցով: Քանթը ընդունում է պարտքի գերագույն օրենքը, որի հետ անխզելիորեն կապված են կամքի ազատությունը, հոգու անմահությունը և Աստված: Հետևաբար, ամեն մարդ հաստատապես պետք է հավատա Աստծո գոյությանը:

[1] Revue des deux Mondes, I-er juin 1865.
[2] E. KANT, Prolegomeni, էջ 137.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։