ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ – Գրադարան – Mashtoz.org

ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ

Անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ Աստծո գոյությունը փաստող ապացույցները «մետաֆիզիկական» նկարագիր ունեն և ո՛չ թե «գիտական»: Այսինքն, օրինակի համար, երբ առաջին ապացույցը քաղում ենք էակների շարժումից կամ փոփոխությունից, շարժումը կամ փոփոխությունը չպետք է «նյութական» կամ «ֆիզիկական» իմաստով հասկանանք, այլ՝ «մետաֆիզիկական». ո՛չ թե ինչ-որ մի բան, որ ֆիզիկապես մի տեղից ուրիշ տեղ է շարժվում, սերմը, որ ծաղիկ կամ ծառ է դառնում. այլ՝ այդ շարժումը կամ փոփոխությունը դիտարկելու ենք որպես «լինել», որպես «գոյություն»:

Ա՛յլ խոսքով, ապացույցները, որ կոչվում են Սուրբ Թովմայի հինգ ապացույցներ, որպես մեկնակետ են ընդունում ո՛չ թե գոյություն ունեցող էակները, այլ՝ էակների «գոյությունը» կամ «լինելը»:

Փիլիսոփայական տերմիններով ձևակերպելիս՝ կարող ենք ասել, որ հինգ ապացույցները «մետաֆիզիկական» մակարդակի վրա են գտնվում, այլ ո՛չ թե՝ «գիտական»:

Որովհետև գիտությունը էակների «մերձավոր պատճառներն» է փնտրում, մինչդեռ մետաֆիզիկան գտնում է էակների «վերջին պատճառները»:

Աստծո գոյությունը փաստող գիտական ապացույցներ ունենալու համար հարկավոր է, որ Աստված բնական էակների կարգին դասվեր: Բայց, ինչպես կտեսնենք, Աստված բնական էակներից վեր գերազանց (մարդու համար գերբնական) Էակն է, այսինքն՝ աննյութ, անհուն, անսկիզբ և ամենակատարյալ, որից ծագել են և կախում ունեն մյուս բոլոր էակները:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։