3) Աստված Իր ազատ կամքով ստեղծեց տիեզերքը – Գրադարան – Mashtoz.org

3) Աստված Իր ազատ կամքով ստեղծեց տիեզերքը

Ինչպես տեսանք, պանթեիստների համաձայն՝ տիեզերքն Աստծո էության անհրաժեշտ դրսևորումն է:

Սպինոզան ևս պաշտպանում է տիեզերքի ստեղծման անհրաժեշտությունը: Աստված ստիպված էր տիեզերքը ստեղծել:

Համաձայն Լայբնիցի, տիեզերքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանական է, այսինքն՝ կախված է Աստծո իմաստությունից և բարությունից:

Շոպենհաուերը ցանկանում է տիեզերքը ներկայացնել որպես ինչ-որ կույր Ուժի արդյունք, որը մարմնավորվել է տիեզերքի մեջ՝ իր տառապանքներին որևէ մխիթարություն գտնելու հույսով:

Սակայն, Աստված տիեզերքը ստեղծել է ազատ կամքով: Նա, լինելով առաջին և գերագույն Էակը, չունի ավելի վեր որևէ ուժ, որն Իրեն կարող է մղել արարելու: Միակ ուժը, որի մասին որոշակի առումով կարող ենք ասել, որ Աստծուն մղել է արարելու տիեզերքը և մարդուն, դա Իր անսահման Սերն է, Սիրո ուժը, բայց դա Աստծո նկատմամբ արտաքին ուժ չէ, այլ՝ Իր իսկ Էությունն է, ուստի ևս մեկ անգամ՝ Աստված արարել է Իր ազատ ու ինքնիշխան կամքով, սիրով լի կամքով։

Մյուս կողմից, տիեզերքի բոլոր էակները, լինելով պատահական էակներ, անհրաժեշտորեն գոյություն ունենալու որևէ պահանջ չեն ներկայացնում: Աստված էլ, ամենակատարյալ և ամենաերանելի էակը լինելով, ինքնաբավ է և կարոտ չէ որևէ էակի:

Եթե տիեզերքն իր բնակիչներով գոյություն ունի, դա միմիայն Աստծո անսահման բարության արդյունքն է:

Արարչագործությամբ՝ Աստծուն միայն արտաքին փառք է ավելանում: Աստծո ներքին կյանքը մնում է անփոփոխ:

Ստեղծագործության ողջ օգուտն ու բոլոր առավելությունները արարածների համար են, հատկապես՝ մարդու, որն Աստծո գլուխգործոցն է և տիեզերքի կենտրոնը:

Բնության բոլոր հրաշալիքները մարդու համար են, իսկ մարդն էլ՝ Աստծո:

Այն սերը և փառքը, որ տալիս ենք մեր Ստեղծողին, մեր Արարչին, Նրա էության միջից մեզ է վերադառնում հավերժափայլ ցոլացումով:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։