2.4) Նպատակային կարգուկանոնը մեր հինգ զգայարաններում և մարմնի տարբեր օրգաններում – Գրադարան – Mashtoz.org

2.4) Նպատակային կարգուկանոնը մեր հինգ զգայարաններում և մարմնի տարբեր օրգաններում

Մարդկային մարմինը տիեզերքում գտնվող ամենակատարյալ մեքենան է, որը ենթադրում է ամենակարող և իմաստուն մեքենագործի գոյությունը:

Մարմնի բազմաթիվ և այլազան մասնիկներն իրենց ժիր գործունեությամբ ծառայում են մեկ նպատակի իրագործմանը, այն է՝ անհատի ամբողջական պահպանումը:

Աստծո գոյության ամենահամոզիչ ապացույցն է մարդը՝ իր ամբողջական օրգանիզմով: Եթե հազար կտոր էլ անենք նրան, Աստծո գոյության հազար ապացույց երևան կգա:

Մարդն ունի հինգ զգայարան:

 

1) Աչքը:

Աչքի նպատակը տեսնելն է: Կատարյալ լուսանկարչական գործիք է այն: Եթե լուսանկարչական գործիքն իր իմաստուն գյուտարարն ունի, որքա՜ն ավելի ակնհայտ է, որ աչքն իր ստեղծողն ունի, քանի որ առաջինից ավելի կատարյալ է:

Լուսանկարչական գործիքը նորանոր կատարելագործումների արդյունքում էլ տակավին անհամեմատ զիջում է աչքի առավելություններին:

Ինչ-որ բան նկարելուց առաջ լուսանկարչական գործիքը պետք է հարմարեցնել լույսին, հեռավորությանը, և այլն, մինչդեռ աչքն այդ գործողություններն ինքնաբերաբար է կատարում: Լուսանկարի ժապավենը յուրաքանչյուր նկարից հետո հարկավոր է փոխել, մինչդեռ աչքի ''ժապավենը'' փոփոխության կարիք չունի: Աչքը երկար կարող է դիտել բնության բոլոր տեսարաններն իրենց վառ երանգներով, շարժումներով և ամենակատարյալ բնականությամբ, մինչդեռ լուսանկարչական գործիքը բնության մի փոքր, մասնակի տեսարանն է տալիս մեզ, այն էլ՝ անշարժ ու անբնական կերպով:

Աչքն իմաստուն կերպով օժտված է նաև կոպերով՝ սաստիկ լույսից պաշտպանվելու համար, և բարեձև հոնքերով, որոնք թմբեր են քրտինքի հոսանքի դեմ:

 

2) Ականջը:

Եթե ռադիոընդունիչը ենթադրում է իր գյուտարարի գոյությունը, ապա որքա՜ն ավելի ճարտար գյուտարարի կարիքն ունի ականջը, որի դրսի հատվածը ձայնն ամփոփելու համար է, իսկ ներքին մասն ասես 6.000 զգայուն լարեր ունեցող քնար է, որ թրթռում է բնության ձայներից:

 

3) Քիթը:

Քիթը մի հիանալի գործիք է ամեն տեսակ բույրեր զգալու և թունավոր հոտերից ու դրանց վտանգներից մարդուն զգուշացնելու համար: Միևնույն ժամանակ օժտված է օդը մաքրելու և շնչելու կարողությամբ:

 

4) Բերանը:

Բացի համտեսելու դերից, բերանն ունի. 1) ատամներ, որոնք կերակուրը մանրացնելու, տրորելու կատարյալ գործիք են. 2) լորձաթաղանթ՝ որպես մարսողությունը դյուրացնող միջոց: Բերանը կոկորդից ելնող ձայներին աստիճանավորում և ամեն տեսակ նրբություն է տալիս: Այն երաժշտական լավագույն գործիքն է:

 

5) Ձեռքը:

Ձեռքը միայն ունելի չէ, այլ՝ ստեղծագործ և ամեն բանի հարմարվող գործիք: Գեղաքանդակ արձանները, գլուխգործոց նկարները և հրեշտակային նկարները իրենց գոյության մի մասով պարտական են մարդկային շինարար ձեռքին:

 

Կարելի է հատորներ գրել՝ մարմնի բոլոր օրգանները նկարագրելու համար: Ուղեղը, սիրտը, թոքերը, լյարդը, գեղձերը մեկական հրաշալիքներ են: Սրանցից յուրաքանչյուրն իր սեփական դերն ու նպատակն ունի, որի իրագործման համար մեծագույն հարմարություն և ժիր գործունեություն են ի ցույց դնում:

«Մարդու օրգանիզմում», ասում է անվանի բժիշկ Ալեքսիս Քարրելը, «անհերքելի է ինչ-որ նպատակամղվածության գոյությունը. ամեն ինչ ընթանում է այնպես, ասես յուրաքանչյուր օրգան ամբողջովին գիտակցում է ներկա և ապագա կարիքները և փոփոխվում է դրանց համաձայն»[1]:

Մարմինն, ուստի, իր բոլոր մասերով իմաստուն ներդաշնակության ու համագործակցության տիպիկ օրինակ է: Նրա գոյության համար հզոր հեղինակ է պահանջվում:

Անհնարին է ասել, թե մարմնի հեղինակները սոսկ ծնողներն են, որոնք ծնունդ են տալիս այդ մարմնին: Ծնողները միայն միջոց են՝ մարմինը ծնելու համար:

[1] ALEXIS CARREL, L’uomo, questo sconosciuto, Milano 1937, p. 215.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։