5) Հավելված. – ՀՐԱՇՔԸ – Գրադարան – Mashtoz.org

5) Հավելված. – ՀՐԱՇՔԸ

Հրաշքը մի «արդյունք» է, որն առանց Աստծո՝ գիտության համար մնում է որպես անըմբռնելի «առեղծված»:

Հրաշք ասելով հասկանում ենք այն շոշափելի եղելությունը, որը բնության ուժերից և օրենքներից վեր է և կամ դրանց հակառակ: Օրինակ, փտած դիակի վերակենդանանալը, լայն վերքի վայրկյանական բուժումը բնության ուժերից և օրենքներից վեր երևույթ է:

Ուրեմն, իրական հրաշք ունենալու համար հարկավոր է մի «եղելություն», որ լինի գերբնական և բնության ուժերով անբացատրելի:

Հրաշքը բնական օրենքներից դուրս մի արդյունք է, որի պատճառը հնարավոր չէ գտնել բնության մեջ:

Հրաշքը պետք է լինի նաև «շոշափելի», այսինքն՝ պետք է հնարավոր լինի զգայական փորձառությամբ հաստատել դրա գոյությունը:

Արդյո՞ք իրական հրաշք գոյություն ունի երկրի վրա:

Շատերն ապրիորի ժխտում են հրաշքի գոյությունը (ապրիորի, այսինքն՝ առանց իրենց ժխտումը փաստագրելու, ապացուցելու, հիմնավորելու): Հրաշքը, ասում են նրանք, բնության օրենքներին հակառակ է, մինչդեռ բնության օրենքները անփոփոխելի են: Հրաշքով՝ բնության օրենքները խախտվում են: Հրաշք անելով՝ Աստված Իր իսկ գրած օրենքներին դեմ պիտի գործեր, ինչ-որ մի եղանակով պիտի սրբագրեր Իր իսկ օրենքները, ինչը որ Աստծո իմաստությանը վայել գործ չէ:

Փիլիսոփաներ Սպինոզայի, Հոբսի, Լոկքի և ուրիշների համաձայն՝ հրաշքը «զարմանալի» երևույթ է, բայց ո՛չ՝ գերբնական:

Սակայն, չնայած այս ժխտումներին, հրաշքը մի իրականություն է, որի ստուգության վերաբերյալ հնարավոր չէ կասկածներ ունենալ: Այսօր յուրաքանչյուր լուրջ գիտնական ընդունում է հրաշքի եղելությունը և ցանկանում է բացատրություն տալ դրան:

Ո՛չ միայն հին արժանահավատ և ականատես կամ ականջալուր պատմագետներն են վկայում հրաշքների իրականությունը, այլ՝ նաև մեր օրերում են պարբերաբար, աշխարհի բոլոր ծայրերում հրաշքներ պատահում:

Մենք այստեղ պիտի անդրադառնանք միայն այն հրաշքներին, որոնք տեղի են ունենում Ֆրանսիայի Պիրենեյան լեռներում գտնվող «Լուրդ» գյուղաքաղաքի աշխարհահռչակ սրբավայրում:

Անժխտելի իրականություն է, որ ամեն տարի, աշխարհի բոլոր ծայրերից բազմահազար հիվանդների խմբեր են գնում՝ Լուրդի հրաշագործ ավազանի մեջ լվացվելով իրենց բուժումը գտնելու:

Ավելացնենք նաև, որ Լուրդում մշտապես գործող մի կազմակերպություն գոյություն ունի, որի անդամները քրիստոնյա, հրեա, ա՛յլ կրոնների պատկանող և աթեիստ բժիշկներ են: Այս կազմակերպության նպատակն է քննել այնտեղ ժամանող հիվանդների հիվանդությունները նախքան իրենց բուժվելը, հետո երկրորդ անգամ հետազոտել բժշկված հիվանդներին և անտարակուսելի փաստերով հաստատել նրանց կատարյալ բուժումը:

Սահմանված կարգ է, որ երբ բժիշկների այդ հանձնախմբի անդամներից գոնե մեկը կասկածներ ունի որևէ հիվանդի ամբողջական բուժման կապակցությամբ, այդ հրաշքը չեղյալ է հայտարարվում:

Այսպիսով, յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, կարող է գնալ և ստուգել այդ կազմակերպության գրասենյակի մատյանները, որ անթիվ կաղեր ու կույրեր, համրեր ու խուլեր, անդամալույծներ, քաղցկեղով և ուրիշ ամեն տեսակ հիվանդություններով ու վերքերով տառապող հիվանդներ վայրկենապես բուժվել են իրենց հիվանդություններից՝ ոմանք սրբավայրի ավազանում սուզվելով, ոմանք էլ՝ առանց լոգանքի՝ պարզ աղոթքի զորությամբ:

Հազարավոր հրաշքներից միայն երկուսն ենք այստեղ ներկայացնում՝ վերցնելով դրանք հավաստի աղբյուրներից:

Ռուշե անունով մի տիկին Գայլախտի (lupus) մաշկային հիվանդությամբ էր տառապում: Գայլախտը սոսկալի ու գարշահոտ վերք էր բացել նրա դեմքի վրա: Քիթը, շրթունքները և այտերի մի մասը կտոր-կտոր պոկվել էին և լայնանիստ վերքն այլանդակել էր նրա դեմքը: Երբ գնում է Լուրդ և եկեղեցում եռանդով աղոթում է, դեմքի վիրակապը հանկարծակի վայր է ընկնում և երեսն իր նախկին թարմագեղ առողջությունն է վերագտնում՝ վերքի վայրկենական անհետացումով[1]:

Պիեռ Դը Ռուդեր անունով բելգիացի 44 տարեկան մի գործարարի ձախ սրունքի երկու ոսկորները կոտրվում են ինչ-որ պատահարի հետևանքով: Բռունցքի մեծությամբ գարշահոտ վերք է գոյանում՝ ոսկորից երեք միլիմետր փտեցնելով: Մի օր, երբ աղոթում էր Լուրդի Աստվածածնին նվիրված քարայրի արձանի առաջ, փտած ու կոտրված ոսկորները մեկ ակնթարթում իրար են միանում և վերքն իսկույն աներևութնում է: Մարդը ևս 23 տարի ապրելուց հետո մահանում է 1908 թվականին[2]:

Լուրդում կատարվող այս հրաշքների ստուգությունն այլևս անտարակուսելի է: Սակայն ինչպե՞ս կարելի է բացատրություն տալ դրանց:

Գիտնականներից ոմանք փորձում են բնական ուժերով բացատրել դրանք:

1) Ոմանք պնդում են, թե Լուրդում գտնվող ավազանի ջուրը բուժիչ հատկություններ ունի:

Սակայն, այս կարծիքի սխալ լինելն ապացուցեց Ֆիլհոլ ուսուցչապետը, ով, քննելով սրբավայրի ավազանի ջուրը, հանգեց այն եզրակացության, որ այդ ջուրը չի տարբերվում լեռներում գտնվող սովորական մյուս ջրերից: Նույն հետևությանը հանգեցին նաև բժիշ Նոտոնի, Մուքի և ա՛յլ գիտնականների ուսումնասիրությունները:

Եթե նույնիսկ ընդունելու լինենք այդ ջրի բուժիչ զորությունը, անհասկանալի կմնա սակայն, թե ինչպե՞ս են միևնույն ջրի զորությամբ վայրկենական բուժում գտնում տարատեսակ հիվանդություններ, օրինակ՝ անդամալուծություն, բորոտություն, քաղցկեղ, խլություն, կուրություն, և այլն:

Անըմբռնելի է մնում նաև, թե ինչո՞ւ ամեն բորոտ, կույր, կաղ կամ խուլ չի բուժվում, այլ՝ միայն քչերը: Էլ չենք խոսում այն մասին, որ բազմաթիվ հիվանդներ, առանց նույնիսկ ջրին մոտենալու, աղոթքի միջոցով առողջանում են իրենց բազմազան հիվանդություններից:

Նկատենք նաև, որ այդ ջրում լողում են ամեն տեսակ վարակիչ հիվանդություն ունեցող մարդիկ, որոնք ավազան մտնելով՝ այն լցնում են իրենց հիվանդության մանրէներով: Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այդ վնասակար ու դյուրավարակ մանրէներով լի ջուրը խմելով է, որ շատերը, փոխանակ նոր հիվանդություններով վարակվելու, կատարելապես առողջացել են իրենց հիվանդություններից:

2) Որոշ հոգեբաններ ցանկացել են «խորը տպավորություններով լի ներշնչանքին» (sugestion) վերագրել հրաշքի բուն պատճառը:

Արդարև, «ներշնչանքի» միջոցով հնարավոր է բազմաթիվ հիվանդների բուժել: «Ներշնչանք» ասելով՝ հասկանում ենք այն ներշնչումը, որով բժիշկը հիվանդի մեջ խորը համոզում է առաջացնում, որ նա պիտի բուժվի իր հիվանդությունից: Ահա՛ այս խորը վստահությունը կամ հավատքը շատ անգամ բուժիչ դեր է կատարում հիվանդի ներսում: Այսօր մեծ զարկ է տրվում մագնիսականությամբ և ներշնչանքի միջոցով հիվանդների բուժմանը: Կամքը մեծ ազդեցություն ունի մարդու առողջության վրա: Այս իմաստով է, որ Գյոթեն ասում էր, որ «մարդն ապրում է այնքան երկար, որքան չմեռնելու հաստատուն կամքն ունի»:

Սակայն հարկավոր է առանձնացնել հիվանդությունների երկու տեսակ. 1) նյարդային տկարությունից առաջացած հիվանդությունները, և 2) օրգանական (organique) խանգարումներից առաջ եկած հիվանդութունները:

Մագնիսական կամ ներշնչողական մեթոդներով հնարավոր է բուժել միայն նյարդային և հոգեբանական հիվանդությունները, բայց ո՛չ երբեք՝ լայն բացված վերքը, խորացած քաղցկեղը, կամ բորոտությունը, կուրությունը կամ կաղությունը, և ա՛յլ օրգանական հիվանդություններ:

Լուրդում կատարված բուժումները գերազանցապես օրգանական հիվանդություններից են:

Լուրդի ուխտավայրում բժշկվել են նաև մանուկներ, որոնք անկարող են ներշնչման եղանակով բուժվելու, քանի որ իրենց բանականությունը դեռ լիակատար կերպով բացված չէ: Ներշնչել կարելի է միայն խելահաս մարդկանց:

3) Վերջապես, գիտնականների մեկ ա՛յլ խումբ, տեսնելով վերևում նշված բացատրությունների անբավարարությունը, հրաշքը կամենում է վերագրել մեզ տակավին «անծանոթ» և «թաքուն» ուժերին:

Մեր գիտությունը, ասում են նրանք, հակառակ իր հսկայաքայլ առաջադիմությանը, տակավին շատ բան ունի սովորելու:

Ո՞վ գիտի, թե որքա՜ն մեզ այսօր անծանոթ թաքուն ուժեր են վաղը նորանոր գյուտերի միջոցով դառնալու մեր սեփականությունը: Ռադիոն, օդանավը, հեռուստացույցը, յուրաքանչյուրը մի հրաշք պիտի թվար սրանից հազար տարի առաջ ապրող մարդկանց: Այն եղելությունները, որոնք այսօր գերբնական հրաշքներ են թվում մեզ, ապագայում պետք է գտնեն իրենց բնական լուծումը:

Ահա՛ մեր պատասխանը այս կերպ տրամաբանողներին:

Բնական ոչ մի ուժ, ծանոթ թե անծանոթ, չի կարող վայրկենական բուժումներ գործել:

Բնական բոլոր ուժերը ենթակա են ժամանակին. չեն կարող ժամանակի իրավունքները ոտնակոխ անել:

Բացատրենք օրինակով: Վերցնենք միայն վերքի ամբողջական բուժումը: Միլիոնավոր նոր բջիջներ են պետք, որպեսզի վերքը սպիանա: Կենդանի բջջին, միայն ձևավորվելու համար արդեն՝ երկար ժամանակ է պահանջվում: Իսկ բջիջը ձևավորվում է մեկ ա՛յլ բջջից: Նշանակում է, որ այս միլիոնավոր բջիջներից յուրաքանչյուրը պետք է սպասի, որ իր նախորդ բջիջը ձևավորվի և հասունանա:

Ուրեմն, պարզ վերքի բուժումն իսկ անհրաժեշտորեն ժամանակի կարիք ունի: Անծանոթ ուժերը, որքան էլ զորավոր լինեն, չեն կարող երբեք վերքի բոլոր բջիջները վայրկենապես արտադրել:

Բայց հրաշքով եղած բուժումները վայրկենական են, հետևաբար՝ չեն կարող լինել բնական ուժերի արդյունքը, այլ միայն՝ գերբնական։

Վերջին շրջանի լավագույն ֆիզիոլոգներից մեկը՝ Ալեքսիս Քարրելը (1873-1944), քննելով Լուրդում կատարված հրաշքները՝ ասում է. «Բոլոր երկրներում միշտ հավատացել են հրաշքների գոյությանը, հիվանդների շատ թե քիչ արագ բուժումներին, որոնք տեղի են ունենում ուխտավայրերում և որոշ սրբավայրերում». և, խոսելով բնական օրենքների միջոցով մեկնություն տալու մասին, ավելացնում է. բնական օրենքների մեկնությունը «շատ հաճախ հերքվում է այն հետազոտություններով, որ ունենք. կարևորագույն դեպքերը (որոնք հերքում են ֆիզիկական օրենքների մեկնությունը) հավաքված են Bureau médical de Lourdes-ի» հանձնախմբի կողմից[3]:

Մի պահ ընդունենք, որ տիեզերքում գտնվող մեզ անծանոթ ուժերն են հրաշքի բուն պատճառը:

Հիմա հարցնենք մեր ընդդիմախոսներին. Լուրդում հրաշքները սկսել են կատարվել 1858 թվականին: Այդ անծանոթ ուժերն ո՞ւր էին դրանից առաջ: Եթե դրանք բնական ուժեր են, նշանակում է, գտնվում են նաև Լուրդից դուրս, ամենուր, և առաջ էլ պետք է որ գործեին, և ամբողջ երկրագնդի տարածքում:

Ուրեմն այդ անծանոթ ուժերն ինչո՞ւ ամեն տեղ նույնքան հաճախակի հրաշքներ չեն գործում:

Բացի այդ, Լուրդի հրաշքները միշտ կատարվում են աղոթքի հետևանքով, աղոթք, որ արդյունքն է այն պարզ ու խորը հավատքի, որ ունի հիվանդն Աստծո և նրա Ամենասրբուհի Մոր՝ Մարիամ Աստվածածնի նկատմամբ:

Այդ անծանոթ ուժը պետք է օժտված լինի իմացականությամբ, բարությամբ և ամենակարողությամբ, որպեսզի լսի հիվանդների աղոթքը, բժշկության բարիքը շնորհի նրանց թախանձանքներին և, ամենակարող զորությամբ, բնության օրենքներից վեր արդյունք ստեղծի:

Մենք այդ իմաստուն, բարի և ամենակարող Ուժն անվանում ենք Աստված: Նրա գոյությունն ապացուցելու համար հարկ չկա սպասել ապագային: Նա բոլորին ծանոթ Աստվածն է: Առանց Նրա, հրաշքը, դիտված միայն գիտության լույսով, անլուծելի առեղծված է մնում և միշտ էլ կմնա այդպիսին[4]:

[1] «Bulletin de l’association médicale Int. de N.D. de Lourdes», Mai, 1931, p. 72.
[2] G. BERTRIN, Histoire critique des événements de Lourdes, Paris 1905, p. 208.
[3] A. CARREL, L'uomo, questo sconosciuto, Milano 1937, p. 162-163.
[4] Հրաշքի մասին տե՛ս ընդարձակ շարադրված VITTORIO MARCOZZI, Il problema di Dio e le scienze, Roma 1946, p. 119-145.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։