2) Ինչը որ շարժվում է կամ փոփոխվում, մեկ ուրիշից է շարժվում կամ փոփոխվում – Գրադարան – Mashtoz.org

2) Ինչը որ շարժվում է կամ փոփոխվում, մեկ ուրիշից է շարժվում կամ փոփոխվում

Յուրաքանչյուր շարժման կամ փոփոխության մեջ կա մի ենթակա (սուբյեկտ), որը շարժվում կամ փոփոխվում է: Առանց ենթակայի շարժում կամ փոփոխություն գոյություն չունի, ինչպես որ առանց վազողի չկա վազք, առանց թռչողի չկա թռիչք:

Այսպիսով, ենթական, շարժվելով կամ փոփոխվելով, ինչ-որ մեկնակետից անցնում է մի ուրիշ վիճակի, ստանում է նոր մի բան, որ առաջ չուներ: Այս նոր կատարելությունը շարժվող էակը չի կարող ինքն իրեն տալ, այլ՝ մեկ ուրիշից է ստանում այն:

Բացատրենք օրինակով:

Երբ ջուրը, որ սառն է, տաքանում է, երբ սենյակը, որ մութ է, լուսավորվում է, այդ սառը ջուրը չի կարող ինքն իրեն տաքացնել, մութ սենյակը չի կարող ինքն իրեն լուսավորել: Եթե սառը ջուրն ինքն իրեն տաքություն տար, այդ ժամանակ միևնույն ջուրը թե՛ տաքություն պիտի ունենար, որովհետև ինքն իրեն տաքություն տվեց, թե՛ տաքություն չպիտի ունենար, որովհետև սառն է:

Բայց միևնույն բանը միաժամանակ ունենալը և չունենալը անկարելի է և հակասական: «Որևէ մեկն իր չունեցածը չի կարող ուրիշին տալ»: Սառը ջուրը, որ տաքություն չունի, չի կարող ինքն իրեն տաքացնել, մութ սենյակը չի կարող ինքն իրեն լուսավորել, անշարժ էակը չի կարող ինքն իրեն շարժել:

 

***

 

Բայց չէ՞ որ սերմն ինքնուրույն ծլում է ու աճում, կենդանիներն ու մարդիկ իրենք իրենց շարժում են: Ահա՛ մի առարկություն, որի պատասխանը շատ պարզ է:

Սերմն արդեն իր թփից ստացել է ծաղկելու կարողությունը, և երբեք չի կարող ինքնուրույն, առանց արտաքին պատճառների ազդեցության, այդ աճելու կարողությունն իրականացնել: Սերմը տարիներով կարող է տուփի մեջ մնալ առաց ծաղկելու: Այն պետք է հողից ստանա իր աճման նյութերը և օդի, ջրի, լույսի ազդեցության տակ է, որ ձգվում է դեպի արևը:

Նմանապես մարդիկ և կենդանիներն են ապրում, աճում, շարժվում: Սիրտն է, որ ծնողից ստացած ուժով պտտվել է տալիս արյանը: Երբ սիրտը դադարի աշխատել, կդադարեն նաև կենդանու բոլոր շարժումները: Ինչպես որ ժամացույցի զսպանակն է լարող ձեռքից ստացած ուժով շարժում մյուս անիվներն ու սլաքները, և երբ լարումն ավարտվում է, անկարող է այլևս ինքն իրեն շարժել:

Սերմը, կենդանիները, մարդիկ ու ժամացույցը դրսից ստացած զորությամբ է, որ իրենք իրենց շարժում են: Եթե իրենք իրենց մեջ ունենային այդ զորությունը, երբեք պիտի չդադարեին իրենք իրենց շարժել, իրենք իրենց մեջ պիտի ունենային անսպառ աղբյուրն իրենց շարժման: Այսպիսով, եթե իրենց ուժը դադարում է և սպառվում, պատճառն այն է, որ մեկ ուրիշից են ստացել այն: Հետևաբար ոչ մի շարժում կամ փոփոխություն չի կարող ինքն իր ամբողջական պատճառը լինել: Շարժուն էակը առաջ կամ ներկայումս մեկ ուրիշից պետք է ստացած լինի իր շարժումը: Շարժումը միշտ կախումնավոր է ուրիշից:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։