ՊՈԶԻՏԻՎԻԶՄԻ ՀԵՐՔՈՒՄԸ – Գրադարան – Mashtoz.org

ՊՈԶԻՏԻՎԻԶՄԻ ՀԵՐՔՈՒՄԸ

Պոզիտիվիստների սխալը գալիս է մեր մտքի ճանաչողության մասին ունեցած սխալ գաղափարից: Ինչպես տեսանք մատերիալիզմի առաջին սկզբունքի հերքման մեջ, սխալ է ասելը, թե մեր միտքը կարող է միայն զգայական իրերը ճանաչել, սխալ է ասել նաև, որ «ճանաչելի» է միայն «զգայականը», իսկ ոչ-զգայականը՝ անճանաչելի:

Որովհետև.

1) մարդը երկու տեսակ ճանաչողություն ունի. մեկը զգայական, որ հատուկ է նաև կենդանիներին, մյուսը՝ իմացական, որ հատուկ է միայն մարդուն: Ավելորդ կլիներ ևս մեկ անգամ ապացուցել, որ զգայական ճանաչողությունը մեզ հասանելի է դարձնում եզակի, պատահական, փոփոխական, ժամանակի և տարածության մեջ սահմանափակված իրերը, իսկ իմացական ճանաչողությունը տալիս է ընդհանրական, անփոփոխ, անհրաժեշտ գիտելիքներ, որոնք դուրս են ժամանակի ու տարածության, քանակի ու որակի սահմաններից:

2) Այս ընդհանրական գաղափարներից բացի, ունենք նաև զուտ վերացական գաղափարներ, որոնք երբեք չի կարելի զգայական ճանաչողության առարկա դարձնել. օրինակ՝ աննյութ հոգու, բարության, ճշմարտության վերացական գաղափարները անկարելի է իջեցնել զգացողական մակարդակի;

3) Ընդհանրական և զուտ վերացական գաղափարներից բացի, ունենք նաև մտքի դատողությունները (օրինակ՝ մասն իր ամբողջից փոքր է, շատը ինքնին չի կարող քչից առաջ գալ, ամեն արդյունք իր պատճառն ունի, և այլն), որոնք անփոփոխելի են և զգայական փորձառությունից վեր:

Այդ դատողություններից ոմանք նույնիսկ անկախ են զգայական փորձառությունից. օրինակ՝ հակասության օրենքը, որն ասում է. «Ոչինչ չի կարող միաժամանակ և՛ լինել, և՛ չլինել», և փիլիսոփայական ուրիշ օրենքներ, որոնք զուտ իմացական գաղափարներ են:

4) Ունենք նաև դատողություններ, որոնք թեև կախում ունեն մեր զգայական փորձառությունից, սակայն չեն սահմանափակվում ժամանակի և տարածության մեջ: Օրինակ՝ էմպիրիկ գիտությունների բոլոր օրենքները:

5) Զգացողությունը կամ զգայական ճանաչողությունը զուտ կրավորական գործողություն է, մինչդեռ դատողությունները ներգործական գործողություններ են, որոնք էապես տարբերվում են զգայական ճանաչողությունից: Հետևաբար պոզիտիվիզմը, մատերիալիզմի նման, ո՛չ միայն խարխլում է փիլիսոփայության, կրոնի, բարոյականի հիմքերը, այլև, էմպիրիկ գիտությունների հետ միասին, քանդում է ինքն իրեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։