Առարկություններ – Գրադարան – Mashtoz.org

Առարկություններ

Ա) Յուրաքանչյուր էակ իրեն հատուկ բնությունն ունի և անհրաժեշտորեն գործում է այդ բնության համապատասխան: Օրինակ՝ աչքը տեսնում է: Նրա բնությունն է տեսնելը, այնպես է ստեղծված, որ չի կարող չտեսնել: Այսպիսով, յուրաքանչյուր նպատակային կարգուկանոնի պատճառը իրերի բնությունն է: Հարկ չկա բնությունից դուրս որևէ ուրիշ իմացական էակ փնտրել:

Պատասխան. – Բնությունը էակների գործունեության մերձավոր պատճառն է, բայց ո՛չ վերջին բավարար պատճառը: Բավական չէ ասելը, թե օդանավը թռչում է, որովհետև այնպես է կառուցված, որ թռչելու հատկություն ունենա: Բավական չէ ասելը, որ ջերմաչափը ցույց է տալիս ջերմաստիճանը, որովհետև այնպես է ստեղծված, որ չի կարող ցույց չտալ:

Այլ՝ հարկավոր է ավելացնել. օդանավը թռչում է, որովհետև իմացականությամբ օժտված մի էակ նրան այնպիսի ձև է տվել, որ այն կարողանա թռչել: Ջերմաչափը ջերմաստիճանը ցույց է տալիս, որովհետև խելքով օժտված մի անձ, նախքան ջերմաչափը ստեղծելը, նախ մտքում ունեցել է դրա ծրագիրը և զանազան տարրեր այնպիսի ձևով է իրար հետ միացրել, որ այդ տարրերից ստեղծված ջերմաչափը կարողանա ջերմաստիճանը ցույց տալ:

Ահա՛ այսպես էլ աչքի Հեղինակը, որ իմաստությամբ հարուստ Էակ է, աչքն այնպես է ստեղծել, որ տեսնելու բնություն ու կարողություն ունենա:

 

Բ) Տիեզերքում զմայլելի կարգուկանոնին զուգահեռ կան նաև անկարգություններ, ավելորդ և վնասակար էակներ, օրինակ՝ մահը, մեղքը, ցավը, մարմնի ավելորդ օրգանները, և այլն: Դրանք կարծես լայնանիստ ստվեր են նետում Աստծո իմաստության և բարության վրա:

Պատասխան. – 1) Տիեզերքի Արարիչը ամենակարող է և ամենաիմաստուն: Դա հստակ երևում է Իր գործերից։ Իսկ բաները, որոնք մարդը տակավին չի հասկանում, ինքնըստինքյան չի նշանակում, թե զուրկ են որևէ իմաստից, նշանակությունից, օգտակարությունից։ Աստծո արարչագործության մեջ չի պակասում Իր կատարելություններից ևս մեկը, թերևս ամենակարևորը. Ազատությունը։ Ամեն ինչ կանոնակարգված է, բայց կանոնակարգվածությունն ինքնին տեսնում ենք, որ չի ներկայանում որպես անխուսափելի բանտ, այլ՝ կանոնակարգման ներսում անգամ ապահովված է Ազատության ներկայությունը:

2) Վերոհիշյալ վնասակար և ավելորդ համարվող էակները՝ մահը, մեղքը, ցավը, և այլն, որևէ ստվեր չեն գցում ստեղծագործ իմաստության և բարության վրա: Այդ մասին տե՛ս այս գրքի վերջին գլուխներում, ուր մանրամասն պիտի անդրադառնանք այս նյութին:

3) Իսկ գալով մարմնի՝ ավելորդ համարվող օրգաններին, օրինակ՝ կույր աղիքը և ա՛յլ գեղձեր, որոնք ժամանակին կարող էին որևէ նշանակություն ունենալ, բայց այսօր չունեն, պետք է ասենք, որ գիտությունը տակավին չի կարողացել ստուգել այս ավելորդ համարված օրգանների և գեղձերի նշանակությունը: Տարիներ առաջ մարդու մեջ հաշվում էին 107 ավելորդ օրգան, իսկ այսօր այդ թիվն իջել է մինչև 7-8-ը: Ուրեմն, մեր տգիտության արդյունքում ենք Աստծո գործում ստվերներ տեսնում: Մաքրի՛ր աչքիդ ճպռոտությունը, և այդ ստվերներն իսկույն կանհետանան:

 

Մեր ժողովրդական բանաստեղծ Ավետիք Իսահակյանն իր «Աբու Լալա Մահարի» պոեմում հարցնում է [1].

«Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի՝ անսկիզբ, անվերջ, շքեղ, դյութական,
Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հեշտանքներով,
Եվ ո՞վ է պատմում բյուր ձևերով՝ անդուլ և անխոնջ այսպես թովչանքով»:

Աշխարհի այս դյութական հեքիաթը հյուսել է Նա, Ով տիեզերքի Ճարտարապետն է: Իր գործը լի է անսպառ գեղեցկություններով և զմայլելի է: Դարեր ու դարեր պիտի գան՝ տիեզերքի անհուն գանձարանից գիտության լույսով միշտ նորանոր հրաշալիքներ երևան հանելու համար, որովհետև տիեզերքում Աստծո ցոլքը կա:

[1] Ա. ԻՍԱՀԱԿԵԱՆ, Աբու Լալա Մահարի, Կ. Պոլիս 1945, էջ 6.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։