ԱՆԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ – Գրադարան – Mashtoz.org

ԱՆԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ

Գերմանացի Դեններթը[1] 283 գիտնականների աշխատությունները քննելով՝ պարզեց, որ դրանց հեղինակներից 220-ը աստվածապաշտ էին, 7-ը՝ անաստված, 8-ը՝ անտարբեր էին խնդրին, իսկ 48-ի պարագայում պատասխանն անորոշ էր:

Մեկ ուրիշ ուսումնասիրություն ընդգրկում էր 19-րդ դարին պատկանող 432 գիտնականների գործերը: Հետազոտության արդյունքը հետևյալն էր. 367 հավատացյալ, 16 անաստված գիտնական, 15-ն անտարբեր էր խնդրին, 34-ի պարագայում պատասխանն անորոշ էր: Ուրեմն, վերոհիշյալ գիտնականների 4% էր միայն անաստված[2]:

Նմանապես Դյուպլեսսին, իբրև եզրակացություն իր ուսումնասիրությունների, գրում է. «138 հեղինակների մեջ 9-ը տարակուսողներ գտանք, 5 հայտնի անհավատներ և 124 հավատացյալ՝ Աստծո, հոգու և հանդերձյալ կյանքի»[3]:

Իսկ հայ մատենագրության մեջ դժվարությամբ կարելի է գտնել մի քանի հեղինակ, որոնց գործերն անաստվածությամբ ապականված են:

Ուրեմն, նշված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեսական անաստվածները հազվագյուտ ուղտափշեր են Գիտության լայնարձակ պարտեզի մեջ:

Լը-Դանտեկ անաստված գիտնականն անգամ չի վարանում հայտարարել. «Ի՛նչ ուզում են, թող ասեն, մեր օրերում անաստվածների մի չնչին փոքրամասնություն գոյություն ունի: [...] Մարդկանց մեծամասնությունը հագեցած է Աստծո գաղափարով»[4]:

«Բացարձակ անաստվածի գոյությանը չեմ հավատում», ասում է Ռ. Բերբերյանը, «եթե բացարձակ անբարոյական չէ նա։ Քանի որ ճշմարիտ անաստվածությունը բարոյականի ուրացումն է, խղճի խավարումը»[5]:

Ավելացնենք նաև, որ շատ անաստվածներ վտանգի կամ մահվան ճիրանների մեջ աստվածավախ են դառնում: «Ո՞ր անաստվածն իր մահամերձ մոր սնարի կողքին չի ասել. Աստվա՜ծ իմ»[6]:

Աստծո գաղափարն այնքա՜ն մտերիմ է մարդու սրտին, որ հնարավոր չէ հեշտությամբ կտրել նրանից:

Աստծո գոյության դեմ արտահայտվող բոլոր վարդապետությունները կարելի է բաժանել երեք գլխավոր տեսակների.

Ա. – Նյութապաշտություն [մատերիալիզմ] (matérialisme).

Բ. – Ագնոստիցիզմ (agnosticisme).

Գ. – Պանթեիզմ (panthéisme)։

Նյութապաշտությունը ժխտում է Աստծո գոյությունը:

Ագնոստիցիզմը անտեսում է Աստծո գոյությունը:

Պանթեիզմը տիեզերքը նույնացնում է Աստծո հետ:

Անցնենք վերոհիշյալ ուսմունքներն առանձին առանձին քննելուն և տանք դրանց հերքումը:

Մատերիալիզմի և Ագնոստիցիզմի մասին պիտի խոսենք Գ-Է գլուխներում, իսկ Պանթեիզմի մասին՝ Երրորդ Մասի Ե. գլխում:

[1] Տե՛ս A. ZACCHI, Dio, Roma 1944, vol. I, p. 94.
[2] EYMIEU, La part des croyants dans le progrès de la science au dernier siècle, Paris (Pérrin) 1928.
[3] DUPLESSY, Apologétique, Paris (Bonne Presse) 1935, p. 73.
[4] F. LE DANTEC, L'Atheisme, Paris (Flammarion), p. 8-17.
[5] Ռ. ՊԷՐՊԷՐԵԱՆ, Դպրոց եւ Դպրութիւն, Վիեննա 1907, էջ 408.
[6] Տե՛ս F. LELOTTE, La solution du problème de la vie, Paris 1948, p. 56.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։