1) Մարդու բնության մեջ բարոյական օրենք կա – Գրադարան – Mashtoz.org

1) Մարդու բնության մեջ բարոյական օրենք կա

Բարոյական օրենքը ընդհանրական, անփոփոխելի և բացարձակ օրենք է, որովհետև մարդկային բնության օրենքն է:

 

ա) Բարոյական օրենքն ընդհանրական է:

Բանականությամբ օժտված յուրաքանչյուր մարդ իր մեջ հստակ տեսնում է բարոյական օրենքի գոյությունը, որը ստիպում է իրեն բարիք գործել և խուսափել չարից: Աֆրիկայի խորքերում ապրող վայրենուց մինչև քաղաքակրթության վերջին նորույթներին հետևող մարդը ենթակա են այս օրենքին:

Ամեն մարդ գիտի տարբերել լավ մտածումները չար մտածումներից, ինչպես նաև՝ պատվաբեր և անպատիվ գործերը:

Ամեն ոք գիտի գովել և պախարակել, և սրանով ապացուցում է, որ կարող է ըմբռնել բարին ու չարը:

Ամեն քաղաք ունի իր դատարաններն ու բանտերը: Ամեն պետություն ունի իր հերոսների հուշարձաններն ու չարագործների կախաղանները:

Թեև երբեմն, կախված մարդու նկարագրից, զարգացվածությունից և դաստիարակությունից, արարքի բարությունը կամ չարությունը ստանում է աստիճանավորումներ, սակայն ամեն մարդ, ո՛ր կլիմայի տակ էլ գտնվելու լինի, նվազ կամ ուժեղ կերպով լսում է միշտ խղճի ձայնը, որն ասում է. «Արա՛ – կամ՝ մի՛ արա – այդ գործը»:

 

բ) Բարոյական օրենքն անփոփոխելի է:

Մարդկային իշխանությունների կողմից սահմանված բոլոր օրենքները ենթակա են փոփոխության, մինչդեռ բարոյական օրենքն անփոփոխ է մնում: Որևէ հեղինակություն երբևէ իրավունք և բավարար կարողությունը չունի փոփոխության ենթարկելու խղճի օրենքները: Խղճի ձայնը կախում չունի մեր քմահաճույքներից:

Մարդկային օրենքները կարող են տարբեր երկրներում տարբեր լինել: Մի կառավարության կողմից արգելված արարքը կարող է օրինավոր լինել մեկ ա՛յլ կառավարության օրենքով: Ամեն օր կարելի է նոր օրենք հռչակել կամ նոր օրենք ջնջել պետական օրենսգրքից: Բայց որևէ պահի կամ որևէ տեղ հնարավոր չէ ջնջել կամ փոխել բարոյական օրենքը: Միշտ և ամեն տեղ վատ և պախարակելի արարք պետք է համարվի անմեղ ծնողներին սպանելը, բարեկամին դավաճանելը, հայրենիքի մատնիչ դառնալը, չքավորի ունեցվածքը գողանալը, ստացած բարիքի փոխարեն չարիք հատուցելը:

Այս բարոյական օրենքները հնարավոր է ոտնակոխ անել, բայց ո՛չ երբեք՝ արմատախիլ անելով անհետացնել, որովհետև դրանք մեր ազատությունը թեև չեն խլում, սակայն միշտ բողոքում են այդ անարգ և վատ գործերի դեմ:

 

գ) Բարոյական օրենքը բացարձակ է և անկախ:

Բարոյական օրենքը կախում չունի մեր կամքից: Ուզենք թե չուզենք, այն միշտ ներկա է մեր մեջ: Շատ հաճախ ենք լսում նրա հրամայական ձայնը՝ հակառակ մեր կամքին: Ո՛չ ռումբերի գոռ պայթյունները և ո՛չ էլ ոսկու քաղցրահնչյուն ձայնը չեն կարող լռեցնել խղճի ձայնը:

Կարող ենք մի պահ թաղել այն բազում ամբարշտությունների կույտի տակ, բայց վաղ թե ուշ՝ այն հարություն պիտի առնի, նույնիսկ սրտի փլատակների տակից:

Ոչ մի անհատ չի կարող բոլորովին ձերբազատվել նրանից: Ոչ ոք չի կարող դուրս վտարել այն իր սրտից: Այն մեր սրտերի գերագույն և բացարձակ Վեհապետն է: Անսասանելի է նրա գահը: Ոչ մի կայսր այնքան հպատակ չի ունեցել, որքան նա: Նրա իշխանությունը հասնում է ամեն տեղ, ուր որ կա մտածող մի էակ: Այն հրամայում է հարկ եղած դեպքում զոհել փառք, հարստություն, առողջություն, նույնիսկ մեր արյունը, քան թե անհավատարիմ լինել իրեն:

Չկա իրենից վեր ոչ մի հեղինակություն: Ամեն իշխան և իշխանություն, ամեն պետ և պետություն պարտավոր է գլուխ խոնարհել նրա առջև:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։