ՊԱՏՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԱՐԶ, ԱՆՓՈՓՈԽԵԼԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ Է – Գրադարան – Mashtoz.org

ՊԱՏՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԱՐԶ, ԱՆՓՈՓՈԽԵԼԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ Է

Պատճառականության օրենքը պարզ է արևի լույսի նման և բացատրության ու ապացույցի կարիք չունի: Այն ժխտողն անխուսափելի հակասության մեջ կընկնի:

Նա, ով ասում է. «Արդյունքը կամ պատահական էակը պատճառ չունի», բացահայտ կերպով հակասում է իրեն: Որովհետև, երբ ասում է «արդյունք կամ պատահական էակ», ասում է նաև, որ այդ էակը ինքն իրենից չէ, քանի որ արդյունք է, պատահական էակ է, որն իր մեջ չունի իր լինելու պատճառը: Մյուս կողմից, երբ ավելացնում է «պատճառ չունի», այդ ժամանակ ժխտում է իր առաջին ասածը, որովհետև այն արդյունքը կամ պատահական էակը, որ պատճառ չունի, արդյունք չէ, պատահական էակ չէ, այլ՝ ինքն իրենից է, առանց պատճառի: Հակասությունների հակասություն է ասելը, թե «պատահական էակը (= ինքն իրենից չէ) պատճառ չունի (= ինքն իրենից է)»:

Այսպիսով, պատճառականության օրենքը արևի պես ինքն իրենով շողում է մեր մտքի առջև և ինքն իրեն պարտադրում է: «Անուրանալի է մարդկային բանականության համար, որ ամեն արդյունք պատճառ ունի»[1], ասում է Գրիգոր Օտյանը: «Առանց պատճառի որևէ եղելություն ընունելը նույն իր՝ Գիտության ուրանալն է»[2], ասում է ֆրանսիացի գիտնական Քլոդ Բեռնարը (Claude Bernard), որովհետև «Գիտությունների հիմքը պատճառականության օրենքն է»[3], ավելացնում է Էռնեստ Նավիլը (Ernest Naville): Օրինակ. բժիշկը արդյունքից ճանաչում է հիվանդության տեսակը: Մեծն Նյուտոնը խնձորի վայր ընկնելուց հետո գտավ ձգողականության օրենքը, որը խնձորի վայր ընկնելու պատճառն է, և այլն:

Անփոփոխելի և ընդհանրական այս օրենքը պահում է իր զորությունը գիտության ու փիլիսոփայության բոլոր ոլորտներում: Յուրաքանչյուր արդյունք կամ պատահական էակ, լինի այն նյութական կամ աննյութ, զգայական թե ոչ զգայական, ժամանակավոր թե հավիտենական, ենթակա է այս օրենքին: Պատճառականության օրենքի մեջ բացառություն չկա: Ինչ որ գոյություն ունի, էակ է, և պատճառականության օրենքը բոլոր էակների օրենքն է:

[1] ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ, Գոհարներ, Կ. Պոլիս 1931, էջ 130.
[2] CLAUDE BERNARD, տե՛ս F. GAETANI, Dio, Roma 1944, p. 47.
[3] ERNEST NAVILLE, տե՛ս F. GAETANI, Dio, Roma 1944, p. 48.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։