3) Միայն Աստված կարող է այդ փափագի առարկան լինել ու հագեցնել այն – Գրադարան – Mashtoz.org

3) Միայն Աստված կարող է այդ փափագի առարկան լինել ու հագեցնել այն

Ինչպես նյութական ծարավն ունի իր առարկան, այնպես էլ հոգեկան ծարավը, որ անհուն է, պետք է ունենա իր անհուն առարկան:

Համոզվեցինք, որ մարդու հոգեկան անհուն ծարավի առարկան ո՛չ փառքն է, ո՛չ հարստությունը, ո՛չ առողջությունը, և ո՛չ էլ՝ երկրային բարիքը. միայն անհուն և Գերագույն Բարիքն է կարող զովացնել մարդկային սրտի՝ անհուն երջանկության ծարավը:

«Մարդկային խորաթափանց բանականությունը, որը նույնպես մի անհունություն է», ասում էր Ավետիս Ահարոնյանը, «հավիտենապես դժգոհ է բնության ստեղծագործությունից, հավիտենապես ծարավի է մի գեղեցկության, որը կգերազանցեր այն ամենին, ինչը որ նա տեսել էր իրականում, և ճգնում է մի իդեալի, որն ավելի բարձր է, քան բնությունը»[1]:

Մենք այդ Իդեալը, այդ Գերագույն Բարիքը կոչում ենք Աստված: Միայն Նա կարող է հագուրդ տալ մեր անսպառ տենչերին: Միայն Նա է կարող լցնել մեր սրտի անհատակ անդունդը:

«Մարդկային սիրտն ի սկզբանե վիրավորված է անհունից արձակված նետով: Ոչ ոք չի կարողանա բուժել այն, եթե ոչ միայն Նա, Ով բացեց այն»[2]:

Իզո՜ւր են մարդիկ տքնում հաճույքի նորաձև վայրեր ստեղծել: Իզո՜ւր են ջանում հրճվանքի ոսկեհունչ բաժակներով զովացնել իրենց սրտի տենչերը, որովհետև երկրային հաճույքի բաժակների հատակը միշտ լի է դառնությամբ:

Պետություններն իզո՜ւր են խոստանում երջանկության դրախտի վերածել երկիրը, որը դատապարտված է մարդկանց համար փուշ ու տատասկ աճեցնելու:

Դրախտը սրտերի խորքում է, որոնք անհունություն ունեն իրենց մեջ: Միայն անհուն Էակն է կարող լցնել սրտի անհուն պարապությունը։

Ահա՛ այսպես, մեր սրտի՝ անհուն երջանկության փափագը Աստծո գոյության կրկնակի ապացույց է:

Նախ, որովհետև միայն անհուն Էակն է կարող անհուն տենչանք ստեղծել մեր մեջ. «շատը չի կարող քչից առաջանալ, անհունը՝ սահմանափակից»:

Երկրորդ. միայն անհուն Էակն է կարող անհուն տենչանք հագեցնել:

Աստված, որ միակ պատճառն է ամեն էակի, նաև նրանց միակ վախճանն է: Իրենից է բխում ու կրկին իրեն է վերադառնում ամեն կատարելություն:

Ինքն է այն Մեծազոր Մագնիսը, որ դեպի իրեն է քաշում ամեն արարածի, իսկ արարածների միջից՝ ամենից ավելի մարդու սիրտը, որ բնության բոցաշառաչ գոհարն է:

Հարմար տեղն է, որ մեջբերենք Սուրբ Օգոստինոսի հետևյալ խոսքը. «Քո համար ստեղծեցիր մեզ, ո՜վ Տեր, և մեր սիրտն անհանգիստ է, քանի դեռ չի հանգչում Քո մեջ»[3]:

[1] Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ, Ժողովածու երկերի, Չորրորդ հատոր, Բոստըն 1946, էջ 318.
[2] MGR. D’HULST, տե՛ս F. LELOTTE, La solution du problème de la vie, Paris 1948, p. 49.
[3] S. AGOSTINO, Confessioni I, 1.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։