6) Հավելված. – ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ԾԱԳՈՒՄԸ – Գրադարան – Mashtoz.org

6) Հավելված. – ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ԾԱԳՈՒՄԸ

Մարդու հոգին «պատահական» էակ է, որի ծագումը, առանց Աստծո, կատարյալ առեղծված է գիտնականների համար:

Յուրաքանչյուր մարդ կազմված է հոգուց և մարմնից: Առանց հոգու, մարմինը պարզապես մի «դիակ» է: Հոգին է մարդու գործունեության, շարժվելու, աճելու, զգալու, մտածելու գլխավոր պատճառը: Անջատիր հոգին մարմնից, և մարդը կվերածվի անշարժ և անզգա մսակույտի, որ սահմանված է փտելու:

Սակայն, հոգին աննյութ և պարզ էակ է, որովհետև մտածում է. աննյութ, վերացական, ընդհանրական, հոգեղեն գաղափարներ ու դատողություններ ունի. օրինակ՝ Աստծո, բարության, ճշմարտության և ա՛յլ գաղափարները նյութազերծ գաղափարներ են, որոնք նյութական իրերի պես տարածականություն, ամրություն, գույն, ձայն, հոտ չունեն և ոչ մի կերպ չեն կարող մեր զգայարանների առարկան դառնալ:

Այնպիսի անվանի հոգեբաններ, ինչպիսիք են Բինեն, Վուդվորդը, Բյուհլերը, Բովեն, Լոտցը, անհերքելիորեն ապացուցել են, որ մարդկային մտածումն ու գաղափարները «էապես» տարբերվում են նյութից, զգայական և երևակայական մտապատկերներից: Զգայական «պատկերներից անջատ մտածումի գոյությունն արդեն գիտակցված»[1] և ընդունված իրողություն է, ասում է հոգեբան Բովեն:

Այսպիսով հոգին, որ աննյութ գաղափարներ ու դատողություններ ունի, պիտի որ ինքն էլ աննյութ մի էակ լինի, որովհետև արդյունքը պետք է համեմատական լինի իր պատճառին. արդյունքը չի կարող երբեք գերազանցել իր պատճառին: «Քչից, անկատարից չի կարող ինքնաբերաբար առաջանալ շատը և ավելի կատարյալը»:

Ինչպես «աչքերը, որոնցով տեսնում ենք նյութական իրերը, նյութական են, այսպես էլ հոգին, որի միջոցով խորհում ենք աննյութ իրերի մասին, պետք է աննյութ լինի»[2]:

Լինելով աննյութ՝ հոգին մի պարզ էակ է և մասեր չունի, հետևաբար՝ այն հնարավոր չէ մասերի բաժանել:

Այսպիսով, յուրաքանչյուր մարդ, իր հղացման պահից իսկ, հոգի ունի իր մեջ: Որտեղի՞ց է գալիս այդ հոգին:

1) «Աստծո հոգու մի մասնիկն է», ասում են պանթեիստները:

Սակայն, ինչպես դեռ կտեսնենք այս գրքի Երրորդ մասում, սխալ է այս կարծիքը, որովհետև Աստծո հոգին մասեր չի կարող ունենալ:

2) «Ծնողների հոգուց է առաջ գալիս նորածին մանուկի հոգին», ասում են մյուսները:

Այս կարծիքն էլ է անընդունելի, քանի որ ծնողների հոգիները, լինելով աննյութ ու պարզ, մասերից բաղկացած չեն և անկարող են որևէ եղանակով բաժանվելու և իրենցից մի մաս տալու ուրիշին: Ինչպես նաև, բավական է տեսնել ծնողների ու զավակների միջև շա՜տ հաճախ գոյություն ունեցող նկարագրի, մտքի, բնավորության, ձգտումների և ա՛յլ տեսակի տարբերությունները, հասկանալու համար, որ զավակի հոգին բնավ չի կարող ծնողների հոգու մի մասը լինել։

 

Հետևաբար, մարդկությունը փառավորող մեծ փիլիսոփաների հետ միասին հարկավոր է ընդունել, որ յուրաքանչյուր մարդու հոգին ստեղծվում է «ոչնչից» այն պահին, երբ ծնողների համագործակցությամբ՝ ծնունդ է առնում մարդկային սաղմի առաջին բջիջը:

Բայց ո՞վ կարող է «ոչնչից» ինչ-որ մի բան ստեղծել, եթե ո՛չ միայն՝ Աստված: Անհուն կարողություն է հարկավոր՝ ոչնչից ինչ-որ մի բան ստեղծելու համար: Արարչագործությունը, ինչպես պիտի տեսնենք հետո, միայն Աստծուն է վերապահված:

Առանց Աստծո գոյության, մարդկային հոգու ծագումը մնում է առեղծվածային խավարում պարուրված:

[1] BOVET, Arch. de Psych. 8, p. 39.
[2] ՍԲ. ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, De quantitate animae, cap. XIII.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։