2) Բնության մեջ կան էակներ, որոնք ունեն միևնույն տեսակի կատարելությունները՝ զանազան աստիճանների – Գրադարան – Mashtoz.org

2) Բնության մեջ կան էակներ, որոնք ունեն միևնույն տեսակի կատարելությունները՝ զանազան աստիճանների

Առօրյա կյանքում ամեն քայլափոխի հանդիպում ենք բարի ու չար, իմաստուն և հիմար մարդկանց: Ոմանց քաղցրահամ պտուղներն ենք վայելում, ուրիշների չարիքներով դառնանում: Աշխարհը մի պարտեզ է, ուր ցորենն ու որոմը միասին են բուսնում, ուր ձյունափայլ շուշանի կողքին փշառատ դժնիկն է աճում: Կան առաքինության բարձունքների վրա բացված ծաղիկներ, կան նաև անբարոյականության ճահճի մեջ փտած կոճղեր:

Կատարելությունների աստիճանակարգված բաշխումը բացարձակ իրականություն է:

Գեղարվեստի ասպարեզում կան երկնամերձ գագաթներ, կան նաև գաճաճ բլուրներ:

Նկարչությունն ունեցել է իր ստեղծագործ վարպետները և մի ամբողջ զորագունդ միջակություններ։

Երաժշտությունը երկնային մեղեդիների հետ մեզ տվել է նաև վայրենագոչ ժխորներ արտադրող գոռոցներ:

Եղել են քնարակիր հանճարներ, որոնց հաջողվել է հպվել բանաստեղծության գերզգայուն լարերին: Եղել են նաև վրիպած քերթողներ՝ իրենց խռպոտ երգերով:

Մի խոսքով, բնությունը լի է լույսի ու ստվերի, բարու և չարի, գեղեցիկի ու տգեղի հակադրություններով:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։