3) Ֆիզիկական չարիքը – Գրադարան – Mashtoz.org

3) Ֆիզիկական չարիքը

3.1) Աստված ֆիզիկական չարիքը թույլատրում է մեր մեծագույն բարիքի համար

 
Երկու բարիքների միջից հարկավոր է ընտրել մեծագույնը և երկու չարիքների միջից հարկավոր է ընտրել փոքրագույնը: Սա է ողջմտության իմաստուն օրենքը:

Եվ ուրեմն, Աստված այս օրենքին հետևելով է, որ երկու բարիքներից մեծագույնն է նախընտրում: Հոգ չէ, որ այդ մեծագույն բարիքին անբաժանելիորեն միացած է նաև ֆիզիկական չարիքը: Այսպիսով, Աստված ուղղակիորեն կամենում է մեծագույն բարիքը, անուղղակիորեն՝ դրանից անբաժան չարիքը:

Խոսենք օրինակով:

Որևէ էակի համար ավելի մեծ բարիք է լինել զգայուն, քան՝ անզգա: Բայց, լինելով զգայուն, էակն անխուսափելիորեն ենթակա է թե՛ հաճույքին, թե՛ ցավին, թե՛ հրճվանքին և թե՛ տխրությանը: Եթե ուզում ենք ունենալ քաղցրահույզ պտուղի վայելքը, պետք է նաև լեղու դառնությունը զգանք: Եթե ուզում ենք զովարար ըմպելիքի հաճույքը վայելել, պետք է որ նախ ծարավի պատճառած տանջանքը կրենք:

Եվ ամենակարևորը. տիեզերք, որի ներսում, կարգուկանոնի կողքին, ապահովված է ազատությունը, և ազատ ու բանական էակի՝ մարդու ինքնակերտման հնարավորությունը, անխուսափելիորեն ենթադրում է մի միջավայր, որն իր պոտենցիալ կատարելության հետ միասին ներկայանում է որպես սահմանափակ, այժմեական վիճակում թերի, ազատ ընտրության հնարավորությունն ընծայող ստվերներով լի։ Անցավ աշխարհը զուրկ կլիներ ընտրության ազատությունից և մարդու ինքնակերտման հնարավորությունից, որը սակայն գերագույն բարիք է, ուստի՝ նախընտրելի։

 
3.2) Ցավի նախախնամական դերը մեր կյանքում

«Ցաւը հոգւոյ մահը չէ, այլ անոր կեանքը»[1]:

Մկրտիչ Պեշիկթաշլյան

 
Ցավն անհամար բարիքներ ունի մեր կյանքի պահպանման համար:

Եթե ցավը գոյություն չունենար, շատ կյանքեր պիտի զոհ դառնային վաղահաս մահվան: Ցավը մահվան ճամփաները ցույց տվող ոստիկանն է: Ցավը վտանգի մոտալուտ լինելու հուշարարն է:

Եթե չունենայինք, օրինակի համար, քաղցի և ծարավի պատճառած նեղությունները, մեզնից շատերը չպետք է հոգային անհրաժեշտ կերակուրի և ըմպելիքի համար, և անսնունդ պետք է դիմեին մահվան գիրկը:

Եթե չզգայինք ցրտի և ջերմության տվայտանքը, շատ անգամ սաստիկ ցրտից պիտի սառեինք և կրակի բոցերից պիտի այրվեինք անգիտակցաբար:

Եթե չզգայինք երկար ճամփորդության հոգնությունը, մեր մարմինը պիտի թունավորվեր հոգնությունից առաջ եկած հյութերով:

Եթե չունենայինք գլխի կամ ստամոքսի ցավերը, մենք անտեղյակ պիտի լինեինք մեր հիվանդությունից և անդարման պիտի իջնեինք մահվան փոսի մեջ:

Ուրեմն, ցավը կյանքի պահպանման մեծագույն ազդակներից մեկն է: Աստված ցավը ստեղծել է այս մեծագույն բարիքի համար, որպես ահազանգ:

Ցավն ունի նաև իր բարոյական օգուտները: Այն լավագույն դարբինն է մեր կամքի զորության և նկարագրի վեհության:

Ցավը կյանքի լավագույն ուսուցիչն է, որ սովորեցնում է մեզ կարեկցել թշվառներին, բարիք սփռել ամենուր:

Ցավը սրտեր միացնելու անխզելի կապ է, բարեկամություններ ամրացնելու ամենազորավոր շաղախը:

«Ա՜հ, ճշմարիտ է, որ վիշտն է, որ մարդուն վեհացնում է, մահկանացուին՝ անմահացնում»[2]. «Եղկելի էակ է նա, ով այլևս պատճառ չունի հառաչելու, հեծեծալու»[3], որովհետև ցավը մեզ սովորեցնում է աշխարհի ունայնությունը, հիշեցնում է մեր ոչնչությունը: Այն բաժանում է մեր սիրտն արարածներից և բարձրացնում է դեպի գերագույն ու անխառն երջանկությունը:

 
Ուստի, ո՜վ մարդ,
Թեւդ թեւին անցուր ու քալէ ցաւին հետ հայրօրէն.
Անոր վիրաւոր եղնիկի աչուըներն իմաստուն
Կեանքի բոլոր ճամբաները գիտեն [...] [4]։
 
Ցավը գիտի նաև այն ճանապարհը, որ մեզ տանում է դեպի աղբյուրը լույսի և երջանկության: Սա, անշուշտ, խորհրդավոր իրականություն է, բայց հարկավոր է միշտ հիշել, որ երկրային մեր այս գոյությունը մեր վերջին հանգրվանը չէ, այլ՝ ուղևորություն դեպի Հավիտենական Հայրենիք, իսկ որևէ ուղևորություն, որ պետք է հեռավորություններ հաղթահարի, որևէ աճ ու զարգացում, անխուսափելիորեն ենթադրում է նաև ջանք, հոգնություն, ցավ, և միաժամանակ՝ դրանց հաղթահարում և գերազանցում։
[1] Մ. ՊԷՇԻԿԹԱՇԼԵԱՆ, Նամակ առ Գրիգոր Օտեան.
[2] Ե. ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ, տես Հ. ՍԻՄՈՆ ԵՐԵՄԵԱՆ, «Ազգային դէմքեր», Չորրորդ շարք, էջ 133.
[3] Ե. ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ, տես Հ. ՍԻՄՈՆ ԵՐԵՄԵԱՆ, «Ազգային դէմքեր», Չորրորդ շարք, էջ 200.
[4] ՍԻԱՄԱՆԹՈ, Հոգեվարքի եւ յոյսի ջահեր, Փարիզ 1907, էջ 35.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։