4) Աստված անչափելի է և ամենուր – Գրադարան – Mashtoz.org

4) Աստված անչափելի է և ամենուր

Ասելով, որ Աստված անշոշափելի է, ի նկատի ունենք, որ Նա սահմանափակված չէ տարածության մեջ ինչպես նյութական էակները: Աստված ո՛չ ժամանակի մեջ է, ո՛չ էլ տարածության:

Այստեղ էլ է մեր երևակայությունը դավաճանում մեզ՝ ներկայացնելով Աստծուն իբրև անսահմանորեն տարածուն մի էակ:

Բայց Աստված, լինելով ամենապարզ և աննյութ էակ, տարածություն չունի (տարածությունը, հարկավոր է միշտ հիշել սա, բնորոշ հատկություններից մեկն է նյութի, մատերիայի, ո՛չ թե աննյութ էակների): Եվ տարածություն չունենալով՝ չի կարող սահմանափակվել տարածության մեջ և տեղ գրավել:

Որևէ աննյութ էակ, թեև չի կարող որոշակի տեղ գրավել տարածության մեջ, բայց կարող է որևէ տեղ ներկա լինել:

Եթե աննյութ էակը սահմանավոր է, ապա միայն մեկ տեղ կարող է ներկա լինել, իսկ եթե անսահման է, կարող է ամեն տեղ ներկա լինել:

Լինելով աննյութ, բայց սահմանավոր էակ, մարդկային հոգին ներկա է միմիայն մարմնի մեջ, իսկ Աստված, որ աննյութ է և միաժամանակ անսահման, ներկա է ամեն տեղ:

Տարածության մեջ Աստծո տեղ չգրավելը հետևանք է իր աննյութ և ամենապարզ էակ լինելու, իսկ ամեն տեղ ներկա լինելը՝ նյութական տիեզերքի հետևանք է: Այնպես՝ որ եթե նյութական ոչինչ գոյություն չունենար, Աստված ոչ մի «տեղ» ներկա չպիտի լիներ, քանի որ նյութական իրերի բացակայութան պատճառով «տեղ» և «տարածություն» գոյություն չպիտի ունենային:

Տեղը և տարածությունը նյութական տիեզերքի արդյունքն են: Եթե ջնջենք նյութական տիեզերքը, «տեղ» հասկացողությունն էլ ջնջած կլինենք: Տարածության երեք չափումները, այսինքն՝ երկարությունը, լայնությունը և բարձրությունը, առանց նյութի գոյություն չունեն, այլ՝ պարզ հարաբերական մտապատկերներ են և ո՛չ թե իրականություն:

 

ա) Աստված անչափելի է:

Աստված ամենապարզ և անհուն էակ է: Բայց ամենապարզ և անհուն էակը չի կարող տարածության մեջ սահմանափակվել:

Ինչպես որ Աստված չի կարող ժամանակի մեջ լինել, եթե նույնիսկ ժամանակը սկիզբ և վերջ չունենար, որովհետև ժամանակը հատուկ է շարժուն և փոփոխելի էակներին, այդպես էլ Աստված չի կարող տարածության մեջ ամփոփվել և տեղ գրավել, որովհետև տարածությունը նյութի, քանակի արդյունք է: Մինչդեռ Աստված աննյութ է և անքանակ: Չափը նյութական առարկաներին բնորոշ հատկություն է, հետևաբար՝ Աստված աննյութական լինելով, չի կարող չափվել։

Մյուս կողմից, Աստված, լինելով անհուն էակ, չի կարող որևէ տեղ ներկա լինել և բացակայել ուրիշ տեղերից: Այսպիսով, Աստված ո՛չ միայն անչափելի է, այլ նաև՝ ամեն տեղ ներկա:

 

բ) Աստված ամենուր է:

Յուրաքանչյուր ոք, որ գործում է, ներկա պիտի լինի այնտեղ, ուր գործում է: Աստված, որպես Արարիչ և Պահապան ամենայն բանի, գործում է ամեն տեղ. ուստի ամենուր է:

Բացատրենք: Ինչպես տեսանք ու դեռ պիտի տեսնենք, Աստված ամեն ինչ գիտի, ճանաչում է, ամեն ինչ ստեղծում է, շարժում, պահպանում և կառավարում: Եվ ուրեմն, Աստծո ճանաչողությունը և գործունեությունը նույնանում են Իր էության հետ: Այսպիսով, Աստված ամենուր ներկա է Իր էությամբ:

Բայց Աստված, լինելով ամենապարզ էակ, ամենուր ներկա է Իր ամբողջ էությամբ: Ողջ տիեզերքի և նրա ամեն մի մասնիկի մեջ Աստված ներկա է Իր ամբողջությամբ: Աստված ամբողջությամբ կա ողջ տիեզերքում, և Աստված ամբողջությամբ կա տիեզերքի ամեն մի մասնիկի մեջ:

Խորասուզվենք ծովերի խորքերը, թե ապաստանենք երկնքի բարձրություններում, Աստված Իր ամբողջությամբ պիտի հանդիպի մեզ:

Աստծո ամենատես Աչքը միշտ հսկում է ամենուր:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։