ԳԼՈՒԽ Ե. – ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄԸ ԴԵՄ Է ՈՂՋՄՏՈՒԹՅԱՆԸ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Ե. – ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄԸ ԴԵՄ Է ՈՂՋՄՏՈՒԹՅԱՆԸ

«Ու երբ ըսեն, թէ գիտութիւնը նոր,
Այրեց հի՜ն, փոշո՜տ գիրքերը բոլոր,
Թէ նիւթ կայ միայն, հոգին չէ՛ անմահ,
Հոգին չի կայ իսկ. – Մի՛ հաւատաք, ա՜հ»[1]:
 
Ռուբեն Սևակ

 

Մատերիալիզմը Ա) ամեն ինչ նյութի վերածելով, Բ) ամեն ինչ նյութի կույր հեղաշրջման արդյունք համարելով և Գ) նյութն անսկիզբ, առանց պատճառի և հավիտենական հռչակելով՝ բախվում է նաև ողջմտության ժայռին ու փշրվում է:

 

Ա. – Ո՞ր մի առողջ միտքը հստակ չի տեսնում, որ երկաթի ու բույսի միջև երախը բաց մի անհատակ ու անանցանելի վիհ կա: Որևէ մի վարդ անհունորեն ավելի կատարյալ է, քան ամբողջ անհոգի տիեզերքը: Գլխապտույտ առաջացնող հեռավորություն կա անզգա մի քարի և գերզգայուն մի սրտի, հատկապես՝ մոր սրտի միջև, որի մասին Մ. Չերազն ասել է. «Ո՞վ չգիտի, որ մայրական սիրտը բնության հրաշալիքն է»[2]:

 

Բ. – Մարդկային ողջմտությունն իր դատապարտության շիրմաքարն է դնում նաև նյութի կույր էվոլյուցիայի ուսմունքի վրա:

Ողջմտության տարրական սկզբունքներից մեկն է, որ «շատը ինքնիրեն չի կարող քչից առաջանալ», կամ «որևէ մեկը չի կարող իր չունեցածը ուրիշին տալ» և կամ «անկատարը ինքն իրենով չի կարող կատարյալ դառնալ»:

Հեղաշրջման (էվոլյուցիայի) մատերիալիստական ուսմունքը ընկրկում է վերոհիշյալ ճշմարտությունների շողերի առջև:

Ընդունել, թե կյանքը ծագել է անկենդան նյութից, նշանակում է ընդունել, որ կույր աչքը կարող է ինքնուրույն տեսնել, որ նեխած դիակը կարող է ինքն իրեն հարություն առնել, և որ մարած լապտերը կարող է ինքն իրեն բոցավառվել:

Ընդունել, որ տիեզերքի ներդաշնակ կարգուկանոնը ծագել է նախնական ինչ-որ մի խառնակությունից՝ նյութի անգիտակից և կույր ուժերի միջոցով, նշանակում է ընդունել, որ որևէ ավերված քաղաք կարող է ինքն իրեն, միայն բնության կույր ուժերով վերականգնվել, որ տպարանի խառնված գրանշանները կարող են իրենք իրենցով շարվել և Ալիշանի հատորներից մեկը հավաքել, կամ որ նոտաները, առանց հեղինակի, կարող են պատահաբար Բեթհովենյան մի սիմֆոնիա դառնալ:

Տիեզերքն էլ ներդաշնակ և խորհուրդներով լի մի սիմֆոնիա է: Ամենից անհեթեթ հակասությունը կլիներ հավատալ, որ կույր «դիպվածը» տիեզերքի բազմամիլիոնանոց լարերի վրա նվագում է բնության՝ դարերը զմայլեցնող քաղցրահնչյուն երգը (այս մասին մանրամասն, տե՛ս՝ Երկրորդ մասի Տասներորդ գլխում):

«Ի՞նչ», բացականչում է Ռ. Բերբերյանը, «նյո՞ւթն է, որ ինքնին գիտակցություն ունի ու խորհում է, դատողություններ անում, փիլիսոփայում: Ա՞յն է, որ ցանկանում է գեղեցիկը և համակրում բարուն, որ սիրում է, ընդունակ է զոհողության ու անձնվիրման: Ա՞յն է, որ իրեն ազատ է համարում (զգում) ու միանգամայն բարոյական օրենք է ստեղծում, որին դավանելն իր անձի համար պարտադիր է համարում: Ա՞յն է, որ մտածում է անհունի մասին, վճռում է բացարձակը, տեսլականի հղացում ունի և կատարյալի բնազդ»[3]:

Ո՛չ, անզգա նյութը չի կարող այսքա՜ն կատարելությունների օրրանը լինել:

 

Գ. - Նյութը չի կարող առաջին, անհրաժեշտ և առանց պատճառի էակ լինել, որովհետև.

1) Առաջին և անհրաժեշտ էակը պետք է ամեն տեսակ կատարելություն ունենա՝ դրանք ուրիշներին հաղորդել կարողանալու համար: Բայց նյութն անկատար է, և զուրկ՝ բուսական, զգայական և իմացական կյանքերից: Այն ո՛չ զգացում ունի, ո՛չ էլ՝ մտածում: Ուրեմն չի կարող զգացումի և մտածումի պատճառ լինել, քանի որ «չկա ոչ մեկ բան, որ կարողանա իր չունեցածը մեկ ուրիշին տալ»:

Նյութի ունեցած կատարելություններն անհրաժեշտորեն իր էությանը չեն պատկանում: Օրինակ՝ նյութը, կամ նյութեղեն որևէ մարմին, կարող է լինել տաք կամ սառը, լուսավոր կամ առանց լույսի, կարող է շարժվել կամ չշարժվել, կարող է իր մեջ կարգուկանոն ունենալ կամ չունենալ, հետևաբար տաքությունը, լուսավորությունը, շարժումը և կարգուկանոնը կատարելություններ են, որոնք նյութի էությանը չեն պատկանում: Նյութն ինքն իրենով չունի, այլ՝ մեկ ուրիշից է ստանում դրանք: Եթե նյութն ինքն իրենով ունենար իր կատարելությունները, պետք է որ դրանք իրենից միշտ անբաժան լինեին, պետք է որ միշտ տաք, լուսավոր, շարժուն, կանոնավոր և այլն լիներ: Քանի որ դա այդպես չէ, նշանակում է ինքն իրենով չունի այդ կատարելությունները, այլ՝ իրենից առաջ գոյություն ունեցող մի Էակից է ստացել դրանք:

2) Նյութը ենթակա է շարժման ու փոփոխության: Բայց, ինչպես կտեսնենք հետո առանձին գլխում (Երկրորդ մասի Երկրորդ գլուխ), շարժվող և փոփոխվող էակները միշտ կախյալ և անկատար էակներ են, որոնք միշտ մեկ ուրիշից են շարժվում ու փոխվում, և որոնք, փոփոխվելով, մի նոր կատարելություն են ստանում կամ կորցնում եղածը: Այսպիսով՝ նյութը, շարժման ու փոփոխության ենթակա լինելով, կախյալ և անկատար արարած է, որ ենթադրում է իրենից առաջ բացարձակ և կատարյալ մի Էակի գոյությունը:

3) Նյութը միշտ տարածական մարմին է: Իսկ տարածական մարմինն ա՛յլ զանազան մասերից է բաղկացած: Սակայն, բաղադրյալ որևէ մի մարմին միշտ ա) սահմանափակ, բ) կախումնավոր, գ) հետևանք է, որ ենթադրում է իր պատճառի գոյությունը:

 

ա. – Բացատրենք: Բաղադրյալ որևէ մի մարմին սահմանափակ է, որովհետև նրա զանազան մասերն իրար միանալով իրար սահմանափակում են: Բաղադրյալ մարմնի մասերը միշտ իրենց սահմաններն ունեն. բայց երկու կամ ավելի սահմանավոր մասեր, իրար հետ միանալով, միշտ սահմանավոր մարմին են կազմում և ո՛չ անսահման: Սահմանավոր էակները որքան էլ շատ լինեն, չեն կարող երբեք անսահման գոյություն ստեղծել:
բ. – Բաղադրյալ որևէ մարմին կախյալ է իր մասերից, որոնցից բաղկացած է: Մասերը միշտ ավելի առաջ են (գոնե բնությամբ), քան բաղադրյալ ամբողջը:
գ. – Բաղադրյալ որևէ մի մարմին զանազան մասերի արդյունք է: Որպեսզի այս զանազան մասերը կարողանան իրար հետ միանալով ինչ-որ բաղադրյալ մարմին կազմել, ինչ-որ մի պատճառի կարիքն ունեն, որ իրենց միացնի: Առանց պատճառի, ինքն իրեն, բաղադրություն գոյություն ունենալ չի կարող:

 

Այսպիսով, նյութը չի կարող առաջնային, առանց պատճառի էակ լինել:

Ավելացնենք նաև, որ նախանյութը – որին ի՛նչ անուն էլ տան գիտնականները – ո՛չ միայն՝ չէ, այլ՝ բացարձակորեն չի կարող առաջին և անհրաժեշտ էակը լինել, որովհետև նյութը տարածական լինելով՝ քանակ ունի: Սակայն որևէ էակի քանակը միշտ կարելի է մեծացնել և կատարելագործել նոր քանակով և նոր կատարելություններով: Այսպիսով, նյութը միշտ սահմանափակ և անկատար էակ է, որն իր գաղափարի մեջ իսկ չի կարող անսահման և ամենակատարյալ էակ լինել:

Այսպիսով, նյութը բացարձակորեն սահմանափակ և անկատար գոյություն է, որ իրենից առաջ ենթադրում է անսահման և ամենակատարյալ մի Էակի գոյությունը:

Ուրեմն, մատերիալիստների փառաբանած կուռքը փխրուն է և բոլոր կողմերից խոցելի: «Այս ուսմունքը չի կարող բացատրել ո'չ մարդկային էակի մեծությունը, ո՛չ էլ՝ բնության կարգն ու ներդաշնակությունը»[4]:

Այլ՝ ընդհակառակը, մատերիալիզմը ստորացնում է մարդկային արժանապատվությունը և այն իջեցնում է անասնական կյանքի մակարդակի, ջնջում է Աստծո անունը տիեզերքից, և հոգին՝ մեր մարմնից:

Ուրանալով Աստծո գոյությունը՝ այն ուրանում է նաև կրոնը և բարոյականությունը, ջնջում է մարդկային խիղճը և ամեն օրենք (իսկ եթե հաստատում է օրենքներ, չի կարողանում բացատրել դրանց «ինչու»ն, չի կարողանում տրամաբանական հիմք ընծայել դրանց):

Նյութը բազմեցնելով Աստծո գահի վրա՝ երկինքը փակում է մարդկային մտքի թռիչքների առաջ և ամբարտակներ է դնում սրտի անհունը ընդգրկող տենչերին, բանտելով դրանք նյութի նեղ սահմանների մեջ:

Մատերիալիզմը ոտնակոխ է անում մարդկային մտքի ու սրտի բոլոր իրավունքները, գիտությունները սահմանափակում է էմպիրիկ գիտության շրջանակների մեջ, բարոյականը խցկում է նյութի մեջ, գեղարվեստը սնանկացնում է իր վեհաշունչ գաղափարից:

Մեր սիրտը դադարում է առատահոս ժայթքումներ ունենալ և մարելով իր մաքուր սիրո բոցը՝ գնում է զգայական զգացողությունների հորձանքի մեջ սուզվելու, խորտակվելու, խեղդվելու:

Մի խոսքով, մատերիալիզմը ցանկացավ գերեզմանը դառնալ Աստծո, հոգու, բարու, գեղեցիկի և այն ամենի, որով մարդը տարբերվում է անասուններից: Բայց իզուր:

«Եվ դեռ որոշ ամբարիշտ փիլիսոփաներ», բացականչում է Եղիա Դեմիրջիբաշյանը, «համառ համարձակությունն ունեն մատերիալիզմի քարոզողները հանդիսանալու: Իզո՜ւր, իզո՜ւր [...] : Հոգին է, որ կենդանություն է տալիս Արարչությանը: Հոգին է, որ տիրում է տիեզերքին, բույսերին ու կենդանիներին, դյուցազններին ու մահկանացուներին: Հոգին է, որ հրամայում է, հոգին է, որ հմայում է [...] »[5]:

Այո՛, հոգին է, որ իշխում է թևատարած և պիտի միշտ իշխի անարգ ու անկենդան նյութի վրա:

[1] ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ, Կարմիր Գիրքը, Կ. Պոլիս 1910, էջ 66.
[2] ՄԻՆԱՍ ՉԵՐԱԶ, Արեւելեան վիպակներ, Փարիզ 1927, էջ 193.
[3] Ռ. ՊԷՐՊԷՐԵԱՆ, Դաստիարակի մը խօսքերը, Վիեննա 1901, էջ 71.
[4] Նույն.
[5] ԵՂԻԱ ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ, «Վանլըին մօտան», տե՛ս Հ. ՍԻՄՈՆ ԵՐԵՄԵԱՆ, Ազգային դէմքեր, Չորրորդ շարք, Վենետիկ 1913, էջ 167-168.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։