Ի՞նչ է պատահականությունը – Գրադարան – Mashtoz.org

Ի՞նչ է պատահականությունը

1) Պատահականությունը օրենքի, կանոնավորության, միակերպության ճիշտ հակառակն է:

2) Պատահական տեղի ունեցած իրողությունները հազվադեպ և անսպասելի իրողություններ են: Հավանականութան օրենքը, որ պատահականության օրենք է, մեզ ցույց է տալիս, թե որքան քիչ են դիպվածով տեղի ունեցած պատահարները:

3) Որքան քիչ լինեն պատահականությամբ տեղի ունեցած պատահարի կամ արդյունքի տարրերը, այնքան ավելի շատ հավանականություն ունի այդ օրենքի իրականացումը:

Խոսենք օրինակով:

Վերցնենք միանման երկու մետաղադրամ և օդ նետենք: Մետաղադրամները կարող են ընկնել նույն կողմերով, կարող են նաև հակառակ կողմերով ընկնել: Որքան հավանականություն կա նույն կողմով ընկնելու, նույնքան էլ հավանականություն կա հակառակ կողմերով ընկնելու: Հավանականությունն այս պարագայում 50/50 է:

Սակայն, երբ երկու մետաղադրամի փոխարեն միանման երեք մետաղադրամ նետենք, այդ ժամանակ ավելի հավանական է, որ երեքն էլ տարբեր կողմերով ընկնեն: Իսկ եթե երեքի փոխարեն տաս մետաղադրամ նետելու լինենք, բոլորի՝ նույն կողմով ընկնելու հավանականությունը շատ ավելի անկարելի կդառնա:

Իսկ եթե տասի փոխարեն հարյուր կամ հազար մետաղադրամ նետելու լինենք, թեև տեսականորեն անհնարին չէ, որ բոլորն էլ նույն կողմով ընկնեն, սակայն այդ հնարավորությունը անկարելիությանը շատ ավելի մոտ է գտնվում:

Մեկ ա՛յլ օրինակ: Վերցնենք տպագրական 12 գրանիշ: Գիտե՞ք արդյոք, որ այս 12 տառերի տեղերը փոխելով 479.160.000 նոր բաղադրություններ կարող ենք ունենալ:

Իսկ հիմա փորձեք այբուբենի այս 12 գրանիշերը սեղանին նետել այնքան ժամանակ, մինչև որ «պատահականությամբ» Դ. Վարուժանի «Լույս» բանաստեղծության այս երկու բառերը կազմեն. «Աղբյուրը լույսի»:

Նույնիսկ միլիոնավոր, անգամ միլիարդավոր փորձերից հետո դժվար է, որ այդ երկու բառերը կազմվեն: Իսկ եթե ցանկանանք ամբողջ բանաստեղծությունը պատահականությամբ շարել, այդ դեպքում կարող ենք դարերով փորձելուց հետո տակավին սպասել, որ այդ պատահականությունն իրականանա:

Բայց տիեզերքը սոսկ բանաստեղծություն չէ: Ամենափոքր բույսի մեջ անհամեմատ ավելի մեծ թվով ատոմներ կան, քան մեծահատոր գրքի մեջ՝ տառեր: Հազար անգամ ավելի տրամաբանական է, որ բազմաթիվ տառեր դիպվածով այնպես կշարվեն իրար կողք, որ կձևավորվի Րաֆֆու «Կայծեր» վեպը, քան եթե բազմաթիվ ատոմներ իրար հետ պատահականությամբ այնպիսի համաչափությամբ կշարվեն, որ առաջանա մի պարզ մրջյուն:

Ավելացնենք նաև, որ պատահականությամբ տեղի ունեցած դեպքերն անսպասելի են. դրանք հնարավոր չէ նախապես որոշակիորեն գուշակել: Մինչդեռ բնության մեջ տիրող նպատակային կարգուկանոնից բխող արդյունքը կարելի է ստույգ կերպով գուշակել: Օրինակ, որոշակիորեն կարող ենք ասել, որ վարդենին վարդ պետք է տա, իսկ խնձորենին՝ խնձոր, և ուրիշ ոչինչ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։