ԳԼՈՒԽ ԺԱ. – ԻՆՆԵՐՈՐԴ ԱՊԱՑՈՒՅՑ. ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻՑ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ ԺԱ. – ԻՆՆԵՐՈՐԴ ԱՊԱՑՈՒՅՑ. ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻՑ

«Ու դո՛ւք, ով Հօրաս, Զենոն ու Վոլթեր.
Ինչ որ ալ ըլլաք՝ երէկինն էք դեռ,
Մինչ յիսուն հազար այս տարի է որ
Անդուլ կը դառնայ աշխարհն ալեւոր՝
Հաւատացեր են մարդերը բոլոր»[1]:

Ռուբեն Սևակ

 
Աստծո գոյության ներկա ապացույցը, որ կոչվում է «ազգագրական» ապացույց, թեև չունի նախորդ ապացույցների անհերքելի զորությունը, սակայն ունի համոզելու բավարար կարողություն:

Հնագետների և ազգագրագետների վերջին ուսումնասիրությունների արդյունքում գիտությունն հանգել է այն եզրակացության, որ բոլոր ժամանակներում և ամենուր ժողովուրդները միշտ ունեցել են Աստծո և հոգու անմահութան գաղափարը:

Անցյալ դարում եղան անաստված հեղինակներ, ովքեր ուզեցին հաստատել, թե հնադարյան մարդիկ, ինչպես նաև ներկա վայրի ցեղերից ոմանք, երբեք չեն ունեցել Աստծո գաղափարը և նրա պաշտամունքը:

Սակայն նորանոր պեղումներն ու ուսումնասիրությունները եկան հաստատելու, որ նախապատմական ժողովուրդների համար ո՛չ միայն ընդհանրական էր գերագույն էակների գաղափարը, այլ նաև՝ որ միաստվածությունը եղել է կրոնի ամենահին ձևը:

Այս պեղումներից հիշատակության արժանի է 1868-ին, ֆրանսիական Դորդոն մարզի Քրո-Մանյոն ավանի մոտակայքում գտնվող քարանձավներից մեկում կատարվածը, ուր գտնվել էին մարդկային հինգ կմախքներ, որոնք այնպես էին թաղված, որ խոսում էր կրոնական զգացումների մասին: 1872-ին Գրիմալդի քարայրում գտնված կմախքները, ինչպես նաև 1908-ին Լը Մուսթիեում իննը գերմանացի գիտնականների կողմից գտնված դամբանը, Շանսելադում և 1912-ին Ֆերրասիեում երևան հանված գերեզմանները, որոնք պատկանում են ամենահին դարաշրջաններին, բացահայտորեն ցույց են տալիս, որ այդ նախապատմական մարդիկ հուղարկավորման արարողություններ էին կատարում՝ մղված կրոնական զգացումից և Աստծո ու հոգու անմահության գաղափարներից:

Որքան նախապատմական շրջանից մոտենալու լինենք մեր դարաշրջանին, այնքան ավելի են բազմանում պեղումներից ստացվող վկայությունները ժողովուրդների կրոնական զարգացման մասին:

Թեև միաստվածության փոխարեն հետզհետե բազմաստվածությունն է սկսում գերիշխել, որն ընդհանրացած տեսնում ենք ազգերի մոտ, սակայն միշտ և ամեն տեղ կա գերագույն մի էակի, արդար դատավորի գաղափարը, այնպես՝ որ պատմիչ Պլուտարքոսն ասում է. «Դուք կարող եք գտնել քաղաք առանց պարսպի, առանց կուսակալների, առանց օրենքի, առանց դրամի գործածության, առանց մշակույթի, բայց առանց Աստծո, առանց աղոթքների, առանց երդումների, առանց կրոնական արարողությունների, առանց զոհաբերությունների ժողուվուրդ ոչ մի տեղ չեք տեսնի»[2]:

Հին ազգերից մեզ հասած ավերակներն ու առարկաները ցույց են տալիս այդ ազգերի աստվածապաշտության խորը զգացումը:

Եթե պեղելու լինենք այն երկրամասերը, ուր սկիզբ է առել մարդկային քաղաքակրթությունը, մենք անպայման կհանդիպենք անորոշ գծերով մի պատկեր, մի արձանագրութուն, մի արձան, որոնք մեզ կպատմեն հին դարերի կրոնական պաշտամունքների մասին:

Ճիշտ է, որ Աստծո գաղափարն իր անհասանելի բարձունքից իջեցվել էր արևի, լուսնի, կրակի, քամու, ծառի, ցուլի կերպարանքներին, սակայն իր խորքի մեջ մնում էր այն գերագույն Էակը, Ով Տեր է ամեն բանի, որից կախում ունեն մարդկային ճակատագիրն ու ապագան: Թեև ժողովուրդները սխալվել են Աստծո էության և հատկությունների առումով, բայց երբեք չեն ժխտել Նրա գոյությունը:

Նախապատմական և պատմական դարերից հետո, երբ մեր հայացքները նետելու լինենք նաև ներկա դարի վրա, ամենուր պիտի հանդիպենք եկեղեցիների, տաճարների, կուռքերի և ա՛յլ բազմաձև առարկաների, որոնց խոնարհվում ու երկրպագում են ամեն տեսակ ազգ ու ցեղ՝ բացառությամբ սակավաթիվ անհատների (որոնք էլ, սակայն, իրենց հերթին խոնարհվում ու երկրպագում են այլակերպ աստվածությունների, օրինակ՝ փող, փառք, սպորտ, կուսակցություն, քաղաքականություն, առևտուր, աստղագուշակություն, տարատեսակ գուշակություններ, բախտ, ամեն տեսակ սնահավատություններ, մոգություններ, և այլն):

Լուսահեղեղ քաղաքների բնակիչներից մինչև Աֆրիկայի, Ասիայի, Ավստրալիայի խորքերում ապրող կիսամերկ վայրենիները օժտված են կրոնական զգացումներով:

Նախկինում ոմանք գտնում էին, որ ներկայիս վայրենիների մեջ կան կրոնազուրկ ցեղեր: Այսպես, ազգագրագետ Մոննան Անդամանյան կղիզների բնակիչների համար ասում էր. «Նրանք չունեն ո՛չ գերագույն էակի գաղափար, ո՛չ կրոն, ո՛չ էլ անդենական կյանքի հավատք»[3]: Մ. Բրեդլին ավստրալիական ցեղերից մեկի մասին ասում էր. «Նրանք անդրշիրիմյան կյանքի ամենափոքր գաղափարն իսկ չունեն»[4]:

Սակայն, այսօր, շնորհիվ երկարատև և մանրազննին ուսումնասիրությունների (որոնց մեջ փայլուն տեղ են գրավում Վիլհեմ Շմիդթի, Ժան-Լուի-Արման Քաթղըֆաղժի, Օսկար Պեշելի, Էդուարդ Բեռնեթ Թեյլըրի, Ալֆոնս Լուիս Պինարի և ուրիշների համբերատար աշխատությունները), մենք ծանոթ ենք բոլոր ժողովուրդների բարքերին:

Եվ ուրեմն, ներկայումս գոյություն ունեցող բոլոր հետամնաց ցեղերի մոտ «կա Գերագույն Էակի հավատքը»[5], եզրակացնում է Շմիդթը, ով ազգագրագետների մեջ ամենահեղինակավոր ու վստահելի գիտնականներից մեկն է: «Ամենայն ուշադրությամբ ու մանրակրկիտությամբ անաստվածություն փնտրեցի, բայց ոչ մի տեղ չկարողացա գտել այն»[6], ասում է Քաթղըֆաղժը:

Այս բարբարոս ժողովուրդներից ոմանք, օրինակ՝ աֆրիկյան բաթվացիները, ասիաբնակ անդամանացիները, Աստծուն նմանեցնում են անշոշափելի մի քամու (կենարար շունչ), Ով չի տրվում մեր զգայարաններին:

Ուրիշները մարդկային կերպարանքով են ներկայացնում Նրան: Ծիածանը Աստծո զգեստի քղանցքն է, ասում են որոշ ցեղեր:

Իսկ գալով Աստծո անվանը, ոմանք, օրինակ՝ աֆրիկյան գաճաճներն ու բոշիմանները Նրան կոչում են «Հայր»: Այնու կոչվող ցեղն Աստծուն անվանում է երկրների աստվածային «կերտող»:

Ուրիշները Նրան անվանում են «Արարիչ», «Ստեղծող երկրի և կյանքի», «Մեծ Ոգի», «Անտեսանելի», «Միշտ Հսկող», «Հավիտենական»:

Շատ ցեղերի կողմից Աստված ընկալվում է որպես արդար դատավոր, ով պատժում է չարերին և վարձատրում է բարիներին ներկա և հանդերձյալ կյանքում: Հանդերձյալ կյանքը նրանց համար ներկա կյանքից ավելի երջանիկ է, որին հասնելու համար, ըստ անդամանացիների՝ կամուրջ է ծիածանը, իսկ ուրիշների համար՝ Հարդագողն է այն ճանապարհը, որի մի ճյուղավորումը տանում է դեպի Արքայություն, իսկ մյուսը՝ բաժանում է բարի հոգիները չարերից:

[1] Ռ. ՍԵՎԱԿ, Կարմիր գիրքը, Կ. Պոլիս 1910, էջ 41.
[2] PLUTARQUE, տե՛ս F. GAETANI, Dio, Roma 1944, p. 20.
[3] Տե՛ս JOLY, L’homme avant les métaux, p. 302.
[4] Տե՛ս JOLY, L’homme avant les métaux, p. 302.
[5] G. SCHMIDT, Manuale di storia comparata delle religioni, Brescia (Morcelliana) 1938, p. 421.
[6] QUATREFARGES, Introduction à l’étude des races humaines, p. 245.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։