ՎԵՐՋԱԲԱՆ – Գրադարան – Mashtoz.org

ՎԵՐՋԱԲԱՆ

Տիեզերքն առեղծվածներով լի խորհրդավոր գիրք է: Մենք բացեցինք այդ գիրքը և փորձեցինք քննել նրա զանազան առեղծվածները:

Փնտրեցինք էակների շարժման, փոփոխության, գործունեության, գոյության, կատարելության ու կանոնավորության Առաջին Պատճառը:

Մեր ուսումնասիրության առարկան դարձրեցինք մարդկային հոգու և կյանքի ծագումը երկրի վրա: Տեսանք հրաշքի գոյությունը:

Մանրամասնորեն քննեցինք մեր ներաշխարհը: Այնտեղ գտանք մտքի ընդհանրական ու հավերժաշող ճշմարտություններ, սրտի անհուն երջանկության մի տենչանք, բարոյական օրենքի հրամայականն ու անլռելի ձայնը:

Տեսանք մեզնից դուրս և մեր ներսում բարոյական չարիքի գոյությունը, համատարած ցավը, համայնակուլ մահը, նողկալի մեղքը, չպատժված անարդարությունները, վարձատրված չարությունները, բարիքների անհավասար բաշխումն ու չարերի հաղթանակը երկրի վրա:

Այս բոլոր առեղծվածներին որևէ լուծում գտնելու համար մենք դիմեցինք բնությանը, գիտությանը և ողջմտությանը:

Նրանք միաբերան ցույց տվեցին մեզ իրական Աղբյուրը լույսի, որ կարող է ամբողջական լույս սփռել այս առեղծվածների վրա:

Այդ լույսի Աղբյուրը մենք անվանում ենք «Աստված»:

Աստվա՜ծ, ինքնագո ու անսահման, ամենակատարյալ ու ամենակարող, ամենագետ ու ամենաբարի, միակ ու անհրաժեշտ Էակն է, որ գոհացուցիչ բացատրություն կարող է տալ տիեզերքի բոլոր առեղծվածներին:

Տեսանք, որ հարկավոր է ընդունել կա՛մ Աստծո գոյությունը, կա՛մ էլ՝ ամենաանիմաստ հակասությունը:

Ժխտելու համար Աստծո գոյությունը՝ հարկավոր է ոտնակոխ անել բնության, գիտության և մտքի բոլոր օրենքները:

Ուրանալով Աստծուն՝ հարկավոր է ուրանալ նաև բարոյական, ընկերային, հանրային, ընտանեկան և անհատական ամեն առաքինություն:

Ջնջելով տիեզերքից Աստծուն, պետք է ջնջել նաև տիեզերքը:

 
Կա՛մ «Աստված», կա՛մ «ոչնչություն»
 
Գիտությունն ամեն օր հսկա քայլերով նորանոր բարձունքներ է նվաճում: Մարդկային հանճարը կայծակների շեղբի նման սայրասուր զենքեր, զորավոր հրաբուխների նման քաղաքներ հրդեհող ռումբեր, քամիներից սրընթաց հրթիռներ ստեղծեց, հեռավոր աշխարհներն իրար կամրջող միջոցներ հայտնագործեց: Բայց տակավին չկարողացավ գտնել երջանկության դուռը բացող բանալին:

Ընդհակառակն, ընդհանուր զարգացմանը զուգընթաց, մարդկությանը պատեց թշվառությունը: Գիտության լույսով՝ խավար սրսկեցին հոգիների մեջ: Ոսկու փայլով՝ ժանգոտեցրին առաքինությունների փայլը, սիրազուրկ տռփանքի կրակով՝ անբարոյականությամբ վարակեցին արար աշխարհը:

Դրամը բազմեց Աստծո սրբափայլ գահի վրա, մարդկային «Ես»ը դարձավ պաշտամունքի առարկա:

Երջանկության անունով՝ ատելության ակունքներ բացեցին սրտերի մեջ: Կյանքի երկարակեցություն խոստացան և ատելավառ զենքերով կոտորեցին ժողովուրդներին:

Նախորդ դարերում աշխարհի մթնոլորտն այնքան ապականված չէր, որքան ներկա դարում:

Արդյոք ինչո՞ւ: Որովհետև ներկա դարի ոգին հեռացավ ճշմարիտ լույսի Աղբյուրից, կործանեց հոգեկան արժեքները, մորթեց առաքինությունները, այլակերպեց մարդկային արժանապատվությունը, մարեց ընտանեկան սրբության ջահերը:

Մարդկությունն իր երջանկությունը գտնելու համար պետք է փոխի իր ուղին և վերադառնա դեպի երկրի Արարիչը: Որովհետև, ինչպես ասել է մարդկության մեծագույն հանճարներից մեկը. «Քո համար ես ստեղծել մեզ, ո՜վ Տեր, և մեր սիրտն անհանգիստ է, քանի դեռ չի հանգստանում Քո մեջ»[1]:

Ի զո՜ւր են հանուն խաղաղության կազմակերպված համագումարների բոլոր աշխատանքները:

Ազգերն այն ժամանակ միայն եղբայրական ձեռք պիտի երկարեն միմյանց, խաղաղությունն այն ժամանակ միայն կթագավորի ամեն սրտում և ամեն հարկի տակ, երբ եսապաշտ շահի օրենքները տեղի տան աստվածային լուսասփյուռ օրենքներին, սկսած անհատներից, մինչև հասարակություններն ու պետությունները:

[1] S. AGOSTINO, Confessioni I,1.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։