ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ (ՏՐԱԴԻՑԻՈՆԱԼԻԶՄ) – Գրադարան – Mashtoz.org

ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ (ՏՐԱԴԻՑԻՈՆԱԼԻԶՄ)

Ավանդապաշտ են կոչվում նրանք, ովքեր պնդում են, թե մարդու գիտելիքների աղբյուրը ավանդությունն է: Այսպիսով, Աստծուն ճանաչելն էլ մեզ փոխանցվում է ավանդությամբ, լեզվի կամ հանրային ուսուցման միջոցով: Հանրային ուսուցումը Լամմենեն (Lammenais) անվանում է «Ընդհանրական միտք»: Ուրիշ հեղինակներ այն անվանում են «Հավաքական միտք»:

Ավանդապաշտները բաժանվում են երկու խմբի.

1) Ծայրահեղ ավանդապաշտներ.

2) Չափավոր ավանդապաշտներ:

 

1) Առաջինները, որոնց ներկայացուցիչներից է Դը Բոնալը (De Bonald), գտնում են, որ մարդկային միտքն անկարող է ինքնուրույն ճանաչել ո՛չ միայն կրոնական, այլ նաև՝ որևէ ճշմարտություն:

Աստծուն հասնելու միակ ճանապարհը հավատքն է: Իսկ հավատքի առարկան մեզ տրվում է ավանդությունից, ուսման միջոցով:

2) Չափավոր ավանդապաշտների համաձայն՝ միտքն ինքնուրույն անկարող է կրոնական ճշմարտությունները ճանաչել: Ավելացնում են սակայն, որ Աստծո՝ մեզ հայտնվելուց հետո մեր միտքը կկարողանա Աստծո գոյությունն ապացուցել:

Չափավոր տրադիցիոնալիզմի կողմնակիցներից են Օ. Բոննետտին (Bonnetty), Կ. Ուբագսը (Ubaghs), Պ. Վենթուրան (P. Ventura) և ուրիշներ:

 

Հայ հեղինակներից Հովհ. Տերոյենցն իր հետևյալ խոսքերով ավանդապաշտական մտքեր է արտահայտել. «Լույսը ճշմարիտ փիլիսոփայությունն է: Իսկ ճշմարտությունը մեկն է: Այն հայտնողն էլ Աստված է, և ճշմարտությունն անմիջապես Աստծուց առնողն էլ առաջին մարդն է: Մյուսներին էլ նրանից է անցել: Ավանդությամբ սերունդներին հասած փիլիսոփայությունը չհավանող մարդը կա՛մ ստույգ աղբյուրների հիման վրա նախկիների ավանդության փոխված կամ աղավաղված լինելու մեջ համոզվելով՝ հրատարակելու է ''մաքուրը'', կա՛մ ասելու է. ''ճշմարտությունը ես հնարեցի''։ [...] Ինչը որ ճիշտ են ասել [փիլիսոփաները], նախկինների ավանդությունից վերցնելով են ասել»[1]:

[1] Տե՛ս Յ. ՄՐՄԸՐԵԱՆ, Տասնեւիններորդ դար եւ Յովհաննէս Պրուսացի Տէրոյենց, Կ. Պոլիս 1908, էջ 231.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։