ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄԸ ՀԱԿԱԳԻՏԱԿԱՆ Է – Գրադարան – Mashtoz.org

ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄԸ ՀԱԿԱԳԻՏԱԿԱՆ Է

Մատերիալիզմը գտնում է, թե.

1. Ամեն ինչ նյութ է (մատերիա) և նյութական ուժ.
2. Տիեզերքը, իր զմայլելի կանոնավորությամբ, առաջ է եկել նյութի (մատերիայի) կույր և ճակատագրական հեղաշրջումով (էվոլյուցիայով).
3. Նյութը (մատերիան) անսկիզբ է, անվախճան և առանց պատճառի.
4. Շարժումը պատկանում է նյութի (մատերիայի) էությանը (շարժումը նյութի էությունն է):
 
Մերօրյա գիտությունը, իր զարգացման գագաթնակետին գտնվելով, սխալ է համարում մատերիալիստական վերոհիշյալ պնդումները:

 

1. Նյութը և կյանքը

Մինչ օրս գիտությունն իր մանրազննին ուսումնասիրությունների արդյունքում ոչ մի փաստ չի գտել, որով կնույնացներ բուսական, զգայական և իմացական կյանքերը նյութի ֆիզիկական և քիմիական ուժերի հետ:

Ընդհակառակը, այն նորանոր փորձերով հաստատում է, որ մի անանցանելի անդունդ միմյանցից բաժանում է Նյութը և Կյանքը:

Ֆրանսիացի հանճարեղ գիտնական Պաստյորը (Pasteur, 1822-1895) անառարկելի փաստերով ցույց է տվել, որ «ցանկացած կենդանի էակ միայն կենդանի էակից կարող է առաջանալ»:

Միլիարդավոր տարիներ էլ եթե անցնեն, նյութը չի կարողացել ամենաչնչին կյանքի նշույլն անգամ արտադրել: Քիմիական լաբորատորիաներում գիտության ժիր մշակները կարողացել են արհեստական բույսեր, բջիջներ ստանալ, սակայն իրական բույսի և արհեստականի միջև նույնքան տարբերություն կա, որքան կեղծ և առողջ աչքի միջև: Իրական բույսերը սնվում են, աճում, բազմանում, մինչդեռ արհեստական բույսերը զուրկ են այս երեք կենսական գործունեություններից:

Գիտությունը թերևս մի օր կարողանա իր լաբորատորիաներում ստեղծել մի մարմին կամ մի օրգան, բայց դա կլինի «մեռած» մարմին, ինքնուրույն կյանքի անընդունակ օրգան:

Նյութը, իր բոլոր թաքուն ուժերով հանդերձ, անկարող է լինելու կյանքի մի բոց վառել, որովհետև նյութի և կյանքի միջև անկամրջելի անհունություն գոյություն ունի:

 

2. Նյութի հեղաշրջումը (էվոլյուցիան)

Մատերիալիզմի երկրորդ պնդումն է. «Տիեզերքը, իր զմայլելի կանոնավորությամբ, առաջ է եկել նյութի կույր և ճակատագրական հեղաշրջումով (էվոլյուցիայով)»:

Այժմ տեսնենք, թե գիտությունն ի՛նչ է ասում նյութի (մատերիայի) էվոլյուցիայի մասին:

Այսօր գիտնականները մեծամասամբ ընդունում են այն ենթադրությունը, համաձայն որի՝ ներկա տիեզերքը առաջ է եկել նախնական միակտոր ու քաոսային միգամածությունից:

Մեր երկիրն էլ ենթարկվել է միևնույն հեղաշրջմանը (էվոլյուցիային): Նախապես հրաշեկ մի գունդ էր, որի վրա կյանք գոյություն չի ունեցել և չէր կարող գոյություն ունենալ սաստիկ ջերմության պատճառով:

Սկզբնական շրջանում մեր հողագունդը գլխավոր երեք մասերից էր բաղկացած. 1) Մթնոլորտային, որի գոլորշիների ու գազերի խտացումից սկիզբ են առել ծովերն ու օվկիանոսները. 2) Քարային, որն այդ գազերի սառչելուց կազմել է երկրի մակերեսը 60.000 մետր հաստությամբ. 3) Մետաղական, որը տակավին հեղուկ վիճակում է և մոտավորապես 6.000 կիլոմետր շառավիղ ունի:

Երկրի քարային մասը, սառչելով, տարբեր շերտեր է գոյացրել, որոնցից յուրաքանչյուրի վրա դարերն իրենց պատմությունն են գրել: Թեև այդ շերտերը տեղ-տեղ վնասվել են հրաբուխների և երկրաբանական վերափոխումների հետևանքով, սակայն հմուտ գիտնականը շատ բան կարող է կարդալ այդ անձեռագիր էջերից:

Մինչ օրս կատարված հետազոտություններից կարելի է ստուգապես եզրակացնել, որ երկրագնդի առաջին բազմաթիվ էջերը կենդանի էակների որևէ հետք չեն կրում: Միլիոնավոր տարիներ անց երևան են գալիս բուսական և զգայական կյանքի առաջին նշմարները, որոնք հետզհետե բազմանում են՝ անկատար վիճակից անցնելով դեպի կատարյալը:

Բուսական կյանքում նախ ի հայտ են գալիս գաղտնաբեղուն (cryptogame) և մերկասերմ (gymnosperme) բույսերը, որոնց հետևում են հաջորդաբար պտերների, միաբլթակների և երկբլթակների խմբերը:

Զգայական կյանքում նախ ասպարեզ են գալիս պարզ և անօրգանական մարմինները, մանրէները, միաբջիջ կենդանիները, փափկամորթները, սողունները, զեռունները: Ավելի ուշ արդեն երևան են գալիս ողնաշարավորները, երկկենցաղ անասունները, կաթնասունները: Եվ ամենավերջին շրջանում ողջ հասակով հառնում է կենդանական աշխարհի արքան՝ մարդը:

Ահա՛ այն, ինչ ասում է մեզ գիտությունը. նախ անկենդան մարմինները, հետո կյանքը, նախ անկատարը, հետո կատարյալը. ուրիշ ոչինչ:

Իսկ մատերիալիստները, առանց բավարար փաստերի, գիտության տվյալներին ավելացնում են հետևյալը. նախ անկենդանը, իսկ անկենդանից առաջ է եկել կյանքը, նախ անկատարը, և անկատարից՝ կատարյալը:

Սակայն հակագիտական է մատերիալիստների այս պնդումը: Գիտությունը տակավին ոչ մի ապացույց չի գտել՝ հաստատելու համար, որ կյանքն առաջացել է անկենդան նյութից, կատարյալը՝ անկատարից: Ընդհակառակը, գիտական բոլոր փորձերը ցույց են տվել, որ ոչ միայն անկենդանից կեդանի էակ չի կարող ծագել, այլ նաև՝ որ մի տեսակի պատկանող կենդանուց մեկ ա՛յլ տեսակի կենդանի չի կարող առաջանալ:

Ֆրանսիացի գիտնական Թ. Մորյոն (Th. Moreux) կեդանիների էվոլյուցիայի ենթադրությունը քննելով՝ եզրակացնում է. «Գիտությունը ստիպված է իր անկարողությունը խոստովանել՝ զանազան տեսակի կենդանիների ի հայտ գալը փոխակերպությամբ (transformation) բացատրելով: Ներկայումս փոխակերպության վարկածը խիստ մտահոգություն է առաջացնում և ամեն բան մղում է ենթադրելու, որ այն այլևս չի վերականգնվելու»[1]:

Մենք ընդունում ենք էվոլյուցիայի (հեղաշրջման) փաստը, գիտության տված սահմանների մեջ, բայց ավելացնում ենք որ այդ էվոլյուցիան (հեղաշրջումը), ավելի ճիշտ՝ բարեփոխումը (բարեշրջումը), տեղի է ունեցել մի գերագույն և իմաստում պատճառի միջամտությամբ ու վերահսկողությամբ:

Մատերիալիստներն ասում են, թե «միտքը, գաղափարը, մտածումները առաջ են եկել նյութից, վերջինիս աստիճանական զարգացումից»:

«Նախ նյութն է գոյություն ունեցել, հետո՝ գաղափարը: Երկրի վրա նախքան մարդու առաջանալը մտածողություն, միտք գոյություն չեն ունեցել»:

Սակայն, համաձայն արդի գիտության, մարդու գոյությունից շատ առաջ գոյություն են ունեցել ատոմները, որոնք ենթարկվում են օրենքներին, և որոնք, առանց բացառության, անկազմակերպ, անկատար և պարզ վիճակից ձգտում են դեպի կազմակերպված, բարդ և կատարյալ վիճակը:

Եթե կա օրենքը, ապա դրանից առաջ գոյություն ունի օրենսդիրը:

Վերոնշյալ օրենքին բացատրություն տալու համար պետք է անպայման ընդունենք իմաստուն Օրենսդրի գոյությունը:

Ավելին, գիտությունն ընդունել է, որ երկրի վրա մարդու գոյությունից առաջ ողջ տիեզերքը՝ ներառյալ մեր երկիրը, միլիոնավոր տարիների ընթացքում ենթարկվել է բարեփոխման (բարեշրջման) և մի հատուկ ծրագրով, հիանալի կարգ կանոնով, քաոսային վիճակից դիմել է դեպի կատարելություն, դեպի կարգուկանոն:

Ուստի, տիեզերքի այս ծրագրված բարեշրջումը հնարավոր չէ բացատրել կույր ուժի գոյությամբ, այլ՝ ստիպված ենք ընդունել գոյությունը անհուն ու իմաստուն մի Էակի:

Քանի որ, համաձայն գիտության, միտքը, գաղափարը ավելի առաջ են, քան նյութը, որ էվոլյուցիայի է ենթարկվել իմաստուն մի Էակի զորությամբ և նախագծած ծրագրով:

Այդ իմաստուն Էակն է պատճառը, որ հաստատուն օրենքների համաձայն՝ անկենդան և անգիտակից նյութը անկարգ և անկատար վիճակից աստիճանաբար և հիացում պատճառող շղթայավորմամբ գնում է դեպի ներդաշնակություն, դեպի կատարելություն:

Գիտնականը տիեզերքում, արեգակնային համակարգում, անտեսանելի ատոմի մեջ և ամենուր գտնում է նյութից անբաժան օրենքներ, որոնց համաձայն դրանք ընթանում են դեպի որոշված նպատակը:

Բացարձակապես չի կարող կույր դեպքի կամ դիպվածի արդյունք լինել մի տիեզերք, ուր ամեն ինչ ներդաշնակություն և կարգուկանոն է:

Այս ներդաշնակությանն ի տես, հանճարեղ գիտնական Այընշթայնը բացականչում է. «Գիտնականի կրոնականությունը կայանում է այն զարմացական հիացումի մեջ, որ ունի ի տես բնության մեջ տիրող օրենքների ներդաշնակության, որի միջից երևան է գալիս մի միտք, որը մարդկանց բոլոր մտածումներից վեր է»[2]:

Առանց հզոր և հանճարեղ Էակի միջամտության՝ հնարավոր չէ բացատրել այսքա՜ն զմայլելի տիեզերքի կառուցումը խառնակ քաոսից:

 

3. Նյութի ծագումը

Մատերիալիզմի երրորդ տեսակետը հետևյալն է. «Նյութը անսկիզբ է, անվախճան և առանց պատճառի»:

Սակայն մատերիալիստներին նկատել տանք, որ հայտարարելով, թե «նյութը անսկիզբ և անվախճան» է.

ա. – հակասում են իրենք իրենց.
բ. – անտրամաբանորեն դուրս են գալիս փորձարարական գիտության սահմաններից:

 

ա. – Մատերիալիստների գլխավոր սկզբունքն էր, կարծես թե, ընդունել իբրև ճշմարտություն միայն այն, ինչը տրվում է մեր զգայական փորձառությանը:

Արդ, նյութի անսկիզբ, անվախճան և առանց պատճառի լինելը մեր զգայական փորձառությանը չի տրվում: Փորձարարական (էմպիրիկ) գիտությունն իր ամենակատարյալ գործիքներով անգամ չի կարող չափել առարկայի հավիտենական լինելը: Հետևաբար մատերիալիզմն իր վերոհիշյալ հաստատումով հակասում է իր իսկ սեփական ուսմունքին:

«Ո՞ր փորձառական հմտության վրա են հենվում, և փորձառական հմտությունները կտա՞ն մտքին համարձակություն՝ հավաստելու հավիտենական իրողությունները»[3], ասում է Բերբերյանը:

 

բ. – Փորձարարական (էմպիրիկ) գիտության առարկան ժամանակավոր ու պատահական իրերն են և դրանց մերձավոր պատճառները: Գիտության սահմաններն ավարտվում են այնտեղ, ուր ավարտվում է նաև մեր փորձառականությունը: Իսկ «մեր փորձառականությունը», ասում է անգլիացի գիտնականներից մեկը, «վկայում է, որ ամեն եղելություն իր մերձավոր պատճառն ունի, և մենք կարող ենք քննել այն: Սակայն հեռավոր պատճառները մեզ – որպես գիտնականներ – բոլորովին մութ են մնում: Դրանք [հեռավոր պատճառները] պատկանում են ուսումնասիրությունների մեկ ա՛յլ ոլորտի»[4], որը փիլիսոփայությունն է:

«Էմպիրիկ գիտությունը», ավելացնում է մեկ ա՛յլ գիտնական, «մեզ բացահայտում է ներկան, եղելությունը, բայց ո՛չ՝ էակների ծագումը»[5]:

Նույնը կրկնում է նաև Ֆրանսիայի Գիտությունների Ակադեմիայի անդամ Ժ. Կլոդը (G. Claude). «Անկարելի է առաջին պատճառներին հասնելը. նույնիսկ իրերի գոյությունը և ներդաշնակությունը, մտածումի և կյանքի խորհուրդը [...] գիտության համար ինչպիսի՜ հիմքեր են՝ իր տգիտությունը հայտարարելու համար»[6]:

Հետևաբար, գիտությունը ոչ մի խոսք չի կարող ասել նյութի անսկիզբ կամ անվախճան լինելու վերաբերյալ, որովհետև այդ հարցերն իր սահմաններից դուրս են:

 

4. Նյութը և շարժումը

Մատերիալիստները սխալվում են կրկին, երբ ասում են, թե շարժումը նյութից անբաժան է, կամ երբ պնդում են, թե շարժումը նյութի էության մեջ է և առանց շարժման նյութ չկա:

Եթե շարժումը նյութի համար էական ու անհրաժեշտ լիներ, ապա այդ դեպքում նյութեղեն մարմինները պետք է անդադար շարժվեին:

Մինչդեռ գիտությունը մեզ սովորեցնում է, որ երկու հակառակ հավասարազոր ուժեր, ազդելով մարմնի վրա, այն բերում են անշարժ վիճակի:

Մյուս կողմից, նյութեղեն որևէ մարմին որպես այդպիսին անտարբեր է անշարժ կամ շարժուն լինելու նկատմամբ, անտարբեր է այս կամ այն ուղղությամբ շարժվելու նկատմամբ:

Սրանից հետևում է, որ շարժումը նյութի էությանը չի պատկանում: Արդեն բնագիտության մեխանիկայի ոլորտը (mécanique) նյութական մարմինների շարժման ունակության վրա է հիմնված: Մատերիալիստները, շարժումը նյութից անբաժան համարելով, հակասում են բնագիտության մեխանիկական օրենքներին:

Ահավասիկ, եթե շարժումը նյութի էությանը չի պատկանում, եթե նյութին միևնույն է իր շարժվելը կամ չշարժվելը, նշանակում է՝ նյութն իր շարժումն ուրիշից է ստանում: Նյութի շարժման առաջին պատճառը պետք է նյութից դուրս փնտրել:

Այսպիսով, մատերիալիզմն անընդունելի ու դատապարտելի է հենց գիտության լույսի ներքո:

Այժմ քննենք այն նաև մտքի բնական լույսի տակ:

[1] T. MOREUX, D’où venons - Nous, Paris 1910, p. 116.
[2] EINSTEIN, Comment je vois le monde, Paris (Flammarion), p. 21.
[3] Ռ. ՊԷՐՊԷՐԵԱՆ, Դպրոց և Դպրություն, Վիեննա 1907 էջ 131.
[4] O. LODGE, Life and Death, III, p. 285.
[5] E. CARO, Le matérialisme et la science, p. 152.
[6] GEORGES CLAUDE, տե՛ս F. LELOTTE, La solution du problème de la vie, Paris 1948, p. 41.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։