01-03.դ – Գրադարան – Mashtoz.org

01-03.դ

Ավետարաններն, ինչպես տեսանք նախորդ գլխում, առասպելներ չեն, այլ՝ ներկայացնում են Հիսուս Քրիստոսի իրական կենսագրությունը։ Ավետարանիչների նպատակն է եղել ավանդել Հիսուսի կյանքը, խոսքերն ու գործերը։ Ավետարաններում ստի ու խաբեության նշույլ անգամ չկա, և ամենահրաշապատում դեպքերն իսկ մեզ հրամցվում են առարկայական, պարզ ու անկեղծ շեշտադրումով։

Ավետարան գրողներն ու Ավետարան քարոզողներն այնքա՜ն վստահ էին իրենց պատմածների ճշմարտության վրա, որ հանձն առան ո՛չ միայն բյուրավոր զրկանքների ենթարկվել, չարչարվել, այլև նույնիսկ՝ հերոսաբար իրենց արյունը հեղել։

Հանուն կեղծիքի ու ստի՝ ոչ ոք իր կյանքը չի զոհում։

Եթե Ավետարանը պատմական անձի կյանքի ու վարքի պատմությունն է, արդ տեսնենք, թե ո՞վ է Հիսուսը, սոսկ մա՞րդ, թե՞ նաև Աստված։

1) – Բացենք Հովհաննես Առաքյալի Ավետարանը, որ հետևյալ բառերով է սկսվում. «Սկզբից էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր։ Ամեն ինչ Նրանով է եղել ... ։ Եվ Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց» (Հվհ 1, 1-14)։

Հովհաննես Ավետարանիչը Հիսուսին «Բան» է կոչում (հունարեն՝ Լոգոս). «Բան» նշանակում է խոսք, որ մտքի ծնունդն է[1]։

Բանն, ուրեմն, Աստծո Խոսքն է, Աստծո Մտքի Ծնունդը, Աստծո Որդին, որ «մարմին եղավ և մեր մեջ բնակվեց» (Հվհ 1, 1-18)։

Աստվածաշնչում «մարմին» բառը նշանակում է «մարդ», մարդկային բնություն ունեցող, այնպես՝ որ «մարմին եղավ» արտահայտությունը նշանակում է «մարդացավ»։

Ծննդոց գրքի Վեցերորդ գլխում հետևյալ բացատրությունը կա. «ամեն մարմին իր ճանապարհն ապականել էր», այսինքն՝ բոլոր մարդիկ։

Պողոս Առաքյալն էլ հռոմեացիներին գրում է. «Ոչ մի մարմին օրենքի գործերով չպիտի արդարացվի Նրա առաջ» (Հռմ 3, 12)։ Պողոս Առաքյալը «մարմին» ասելով, անշուշտ, մարդ է հասկանում։

Բացի Աստվածաշնչից, նաև հին Հայրապետները՝ Իգնատիոս Անտիոքացին, Իրենեուսը, Հերոնիմոսը և ուրիշներ, «մարմին» բառն իբրև հոմանիշ են գործածում «մարդ» բառին։

Բոլորին ծանոթ Նիկիայի Սուրբ Ժողովի հանգանակը, որտեղ Սուրբ Հայրապետներն ասում են. « ... մարմնացավ, մարդացավ, ծնվեց կատարելապես Սուրբ Կույս Մարիամից ... »։

2) – Հիսուսի՝ Աստծո Որդի, Աստված լինելու փաստերը բազմաթիվ են չորս Ավետարաններում։

Շատ բացահայտ են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Իմ Հայրը, որ նրանց Ինձ տվեց, ամենքից մեծ է. և իմ Հոր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ հափշտակել։ Ես և իմ Հայրը մի ենք» (Հվհ 10, 29-30)։

Հրեաները լավ էին հասկացել Հիսուսի խոսքերը, որ Իրեն Աստված էր կոչում, այդ պատճառով ցանկանում էին Նրան քարկոծել։ Լսենք նրանց գանգատը. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ՝ աստվածանարգության համար, և այն բանի համար, որ դու մարդ ես, բայց քեզ Աստծո տեղ ես դնում» (Հվհ 10, 33)։

Նույն հաստատակամությամբ և պաշտոնապես Հիսուսն Իր՝ Աստծո Որդի լինելը հայտնում է Կայիաֆաս քահանայապետին և հրեաներին ատյանի առաջ, երբ տարվա քահանայապետը բոլորի առաջ հանդիսավոր կերպով հարցնում է. «Կենդանի Աստծո անվամբ երդվեցնում եմ քեզ, որ ասես մեզ, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծո Որդին»։ Հիսուսն անվարան պատասխանում է. «Դո՛ւ ասացիր»։ Այս խոսքերի վրա քահանայապետը զայրացած իր հագուստը պատռելով՝ ասում է. «Աստծուն անարգեց։ Էլ ի՞նչ կարիք կա վկաների ... » (Մտթ 26, 63-65)։

Հստա՛կ էին Հիսուսի խոսքերը, այնքա՜ն հստակ, որ քահանայապետն անմիջապես հասկացավ և դրանք իբրև Աստծո դեմ արտահայտված պիղծ անարգանք որակեց։

3) – Հիսուսը ո՛չ միայն խոսքերով, այլ՝ նաև գործերով է Իր աստվածային ծագումը ցույց տալիս։

ա) Այսպես, նա հրամայում է բնության ուժերին, քամուն ու ծովին, և դրանք հնազանդվում են Իրեն։

Անիծում է թզենուն, ու ծառն արմատից չորանում է։

Անթիվ ու բազմազան հրաշքներ է գործում, բուժում է կաղերին, կույրերին, խուլերին, աստվածային զորությամբ՝ վերակենդանացնում է մահացածներին։

Դևերը սարսափում են Նրանից և խոստովանում են Նրա՝ Աստծո Որդի լինելը։

Երբ գերգեսացի երկու դիվահարներ հանդիպում են Հիսուսին, դևերն աղաղակում են ու ասում. «Ի՞նչ կա մեր ու քո միջև, Հիսո՜ւս, Աստծո՜ Որդի» (Մտթ 8, 28)։

բ) Հիսուսը՝ որպես Աստված, մարդկանց մեղքերի թողություն է տալիս։

Մի օր Հիսուսի մոտ են բերում մի անդամալույծի։ Հիսուսը նրանց հավատքը տեսնելով՝ ասում է անդամալույծին. «Քո մեղքերը քեզ ներված են»։ Եվ ահա՛ օրենսգետներից ոմանք իրենց մտքում ասում են. «Սա հայհոյում է»։ Հրեաները լավ գիտեին, որ միայն Աստված կարող է մեղքերի թողություն տալ. իսկ Հիսուսն Ինքն Իրեն Աստծո տեղը դնելով՝ թողություն էր տալիս անդամալույծի մեղքերին։

Հիսուսը՝ փաստելու համար, որ Ինքն իսկապես իշխանություն ունի մեղքերի թողություն տալու, նրանց ասաց. «Որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու, – ասաց նա այդ ժամանակ անդամալույծին, – վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը» (Մտթ 9, 2-7)։

Պարզ է, որ մեղքերին թողություն տալը միայն Աստծուն է վերապահված։ Մարդն Աստծո դեմ է մեղանչում, Աստծո օրենքն է խախտում, և Աստված է միայն, որ կարող է մեղավորին ներում շնորհել։ Մեղքերով Աստված է, որ նախատվում է, և նախատված անձն է, որ ներում է իր դեմ եղած նախատինքին։

Ճիշտ է, որ խոստովանանքի ժամանակ քահանաները ներում են շնորհում ապաշխարող մեղավորին, բայց այդ իշխանությունն Աստված տվել է իրենց ձեռնադրության օրը, և Աստծուց ստացված իշխանությամբ է, որ ներում են տալիս խոստովանողին, Աստծո Անվամբ, Աստծո կողմից։

Ավետարանում մեկ ա՛յլ դեպք է հիշվում, երբ Հիսուսը հրապարակավ թողություն է շնորհում մեղավոր կնոջը։ Այս դեպքը պատմողը Ղուկաս ավետարանիչն է։

Մի օր Սիմոն անունով մի փարիսեցի Հիսուսին իր տուն ճաշի է հրավիրում։ Հանկարծ ներս է մտնում մի հանրածանոթ մեղավոր կին և սկսում է արցունքով թրջել Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբում է, համբուրում է Նրա ոտքերը և ի վերջո թանկարժեք յուղով օծում է դրանք։

Փարիսեցին այս բաները տեսնելով՝ գայթակղվում է և մտքում ասում. «Եթե Հիսուսը մարգարե լիներ, պիտի իմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է իրեն դիպչում, որովհետև մեղավոր է»։

Այնժամ Հիսուսը դառնալով Սիմոնի կողմը՝ ասում է. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը։ Քո տուն մտա, ոտքերս չլվացիր, իսկ սա իր արցունքներով թրջեց ոտքերս և իր մազերով սրբեց։ Դու ինձ մի համբույր չտվեցիր, իսկ սա, ահա՛, մտնելուց ի վեր ոտքերս համբուրելուց չի դադարում։ Յուղով գլուխս չօծեցիր, սա յուղով օծեց ոտքերս։ Սրա համար ասում եմ քեզ, թե ներված են նրա բազմաթիվ մեղքերը»։ Եվ ապա ասաց կնոջը. «Քո մեղքերը ներված են»։

Սեղանակիցները սկսեցին իրենց մտքում ասել. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողություն է տալիս» (Ղկս 7, 36-50)։

Վերը նշված երկու դեպքերի ժամանակ էլ Հիսուսը, հակառակ հրեաների գայթակղությանը, իբրև Աստված՝ թողություն է շնորհում անդամալույծի և մեղավոր կնոջ մեղքերին։

գ) Մեղքերին թողություն շնորհելուց բացի, Հիսուսը, որպես Աստված, հին օրենքները բարեփոխում է և նոր օրենքներ է հաստատում։

Մարդկանց խղճի վրա օրենքներ պարտադրելը միայն Աստծուն է պատկանում։

Հին Կտակարանում Աստված է, որ Մովսեսի ձեռքով օրենքներ տվեց հրեա ժողովրդին։

Մինչև Հիսուսը, ո՛չ մի մարգարե, ո՛չ մի վարդապետ չէր հանդգնել աստվածատուր օրենքները փոխել կամ բարեփոխել։

Եվ ահա՛ Հիսուսը գալիս է՝ որպես օրենքների Տեր, հեղինակորեն ասելու. «Լսել եք, որ նախնիներին ասվել է՝ Մի՛ սպանիր։ ... Բայց ես ձեզ ասում եմ. Ով որ բարկանա իր եղբոր վրա, դատաստանի պարտավոր պիտի լինի»։

«Լսել եք, որ ասվել է՝ Մի՛ շնացիր։ Բայց ես ասում եմ ձեզ. Ով որ ցանկանալու դիտումով նայի մի կնոջ, արդեն նրա հետ շնացավ իր սրտում ... »։

«Դարձյալ լսել եք, որ ասվել է նախնիներին՝ Սուտ երդում մի՛ տուր ... ։ Բայց ես ասում եմ ձեզ, որ ընդհանրապես երդում չանեք ... »։ Եվ այսպես շարունակվում է հին օրենքի բարեփոխումների շարքը (Մտթ 5, 21-48)։

դ) Ավետարանից գիտենք, թե հրեաները որքան խիստ կերպով էին պահում շաբաթ օրվա հանգստի օրենքը։

Հիսուսը ո՛չ միայն կամեցավ սրբագրել նրանց սխալ ըմբռնումը, այլ՝ նաև, երբ մի շաբաթ օր Առաքյալները քաղցած էին և արտից ցորեն էին քաղում և ուտում, փարիսեցիները եկան ու գանգատվեցին Հիսուսին, թե Նրա աշակերտներն Աստծո պատվիրանները ոտնակոխ են անում։

Հիսուսն Իր աշակերտներին արդարացնելուց հետո վճռական կերպով հավելեց. «Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է» (Մտթ 12, 8)։

Հրեաների համար միա՛յն Աստվածն էր շաբաթ օրվա Տերը։ Արդ, Հիսուսն իբրև Աստված՝ Տեր է կանգնում շաբաթ օրվան։ Սրանից ավելի հստակ հնարավոր չէ երևակայել։

[1] Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։