Ի՞նչ է հրաշքը – Գրադարան – Mashtoz.org

Ի՞նչ է հրաշքը

Ի՞նչ է հրաշքը։

Հրաշքը՝ ա) զգալի, բ) գերբնական եղելություն է, որը միայն գ) գերբնական ուժով է կարելի իրագործել, դ) բարի նպատակի համար։

Բացատրենք։

Ա) Հրաշքը պիտի լինի զգալի մի դեպք, այսինքն՝ հայտնվի մեր զգայարանների ներքո, կարելի լինի զգայական փորձառությամբ դրա գոյությունը հաստատել, հավաստել։

Յուրաքանչյուր բնականոն մարդ՝ գիտուն կամ տգետ, պիտի կարողանա ըմբռնել այդ զգալի եղելության՝ բնական ուժերից վեր լինելը, օրինակ՝ ի ծնե կույր մեկի հանկարծական աչքի տեսողություն ունենալը, կաղի վայրկենական բուժումը, իսկական մահացած մարդու վերակենդանանալը, և այլն։

Բ) Հրաշքը պիտի լինի գերբնական, բնության օրենքներից և ուժերից վեր, օրինակ՝ մարդկային միջոցներով անբուժելի վերքի հանկարծական բուժումը։

Բնության մեջ կան բազմաթիվ հրաշալի դեպքեր, լինի՛ նյութական, լինի՛ բուսական, լինի՛ կենդանական աշխարհում, որոնք մարդուն հիացում են պատճառում։ Օրինակ, տիեզերքում տիրող ներդաշնակ կարգ կանոնը, աստղերի, արևի, լուսնի, տարվա չորս եղանակների կանոնավոր ընթացքը, բույսերի բեղմնավորումը, մարդու ծնունդը, նրա մարմնի ամեն մի գործարանը, աչքը, ականջը, սիրտը և այլն, եզակի հրաշքներն են։ Բայց այս բոլորը բնության սովորական օրենքների համաձայն են կատարվում, որով չենք կարող դրանք բառիս բուն իմաստով հրաշք կոչել։

Վերքի վայրկենական բուժումը, սակայն, իսկական հրաշք է, որովհետև բնական ուժերից վեր դեպք լինելով՝ անհնարին է բնության օրենքներով բացատրել։

Գ) Հրաշքն, ասացինք, գերբնական եղելություն է, ուստի միայն գերբնական ուժը կարող է այն իրագործել։

Հրաշք գործելու համար հարկավոր է բնության ընթացքը փոխել, բնության ուժերից վեր արդյունքի հասնել։

Եվ հիրավի, մարդկանցից ո՞վ կարող է, օրինակի համար, քամուն հրամայել, որ դադարի կամ հինգ հացով հազար հոգու կշտացնել և կամ մահացած մեկին վերակենդանացնել։

Պետք է հավելենք նաև, որ այդ գերագույն ուժը, Ում մենք Աստված ենք կոչում, որպես ամեն էակի առաջին պատճառ, որպես Ստեղծող ամեն բանի, ամեն րոպե միջամտում է բոլոր էակների շարժմանը, դրանք տևապես պահպանում է իրենց էության և գոյության մեջ։

Եթե Աստված մի պահ դադարի արարածներին գոյություն շնորհելուց, դրանք անմիջապես կոչնչանան։ Էլեկտրական լամպն այնքան ժամանակ է լույս տալիս, ինչքան որ կենտրոնից էլեկտրական հոսանք է ստանում։ Հազիվ հոսանքը դադարում է, լույսն էլ է դադարում։

Աստծո այս տևական միջամտությունը, սակայն, հրաշք չենք կոչում։

Հրաշքի համար Աստծո հատուկ, արտակարգ միջամտությունն է պետք, որպեսզի սովորականից դուրս, բնականից վեր դեպք պատահի, և միայն այսպիսի դեպքի համար է, որ մենք տալիս ենք հրաշք անունը։

Դ) Որպեսզի հրաշք բառի սահմանումը կատարյալ լինի, պիտի հավելենք նաև, որ հրաշքը գերբնական նպատակի համար է իրագործվում։

Գերբնական կամ սուրբ նպատակ է, օրինակի համար, մի հրաշք գործելը՝ ցույց տալու համար մեկի անմեղությունը, վարդապետության՝ ճշմարիտ լինելը, մարգարեի՝ Աստծո կողմից ուղարկված լինելը, և այլն։

Աստվածաշնչում հանդիպում ենք մի շարք հրաշքների, որոնք Աստված սրբազան նպատակի համար է կատարել։ Տանք մի քանի հրաշքների նկարագրությունը։

Նաբուգոդոնոսոր թագավորը հրեա երեք երիտասարդների՝ Սեդրակին, Միսակին ու Աբեդնագովին, նետել է տալիս բորբոքված հնոցի մեջ, որովհետև նրանք իր կանգնեցրած կուռքին չէին երկրպագում։ Բայց ահա՛ հրաշքը. այդ երիտասարդները ո՛չ միայն չեն այրվում, այլ՝ կրակի ահեղ բոցերի մեջ ուրախ սրտով փառաբանում են Աստծուն (Դն 3)։

Աստված այս հրաշքը գործել է՝ հեթանոս թագավորին ցույց տալու համար, որ երիտասարդների Աստվածը ճշմարիտ միակ Աստվածն է։

Նույնը կարող ենք ասել նաև Դանիել մարգարեի մասին։

Հեթանոս թագավորը Դանիել մարգարեին առյուծների գուբն է նետել տալիս, որովհետև Դանիելը կործանել էր բաբելացիների Բել չաստծուն և սպանել էր մի վիշապի, որին բաբելացիներն իբրև աստված էին պաշտում։

Յոթ օր անց թագավորը գնում է տեսնելու համար, թե ի՛նչ է պատահել Դանիել մարգարեի հետ։ Զարմանքով տեսնում է, որ նա տակավին ողջ է. քաղցած առյուծները նրան չէին դիպել։

Այս հրաշքի առջև թագավորը բացականչում է. «Մեծ ես, Տե՜ր, Դանիելի Աստված» (Դն 13)։

Գանք Ավետարանում պատմված հրաշքներին։

Ավետարանիչները պատմում են, որ Հիսուսը բուժում է կույրերի, կաղերի, տարատեսակ հիվանդների, վերակենդանացնում է մահացածների, հրամայում է քամուն, որ դադարի, բազմացնում է հացն ու ձուկը, և այլն, և այլն, և այս բոլոր հրաշքներն անում է մի սուրբ նպատակով, որն է՝ ցույց տալու համար ժողովրդին, որ Ինքը մարդկությունը փրկելու համար է առաքվել Աստծո կողմից։

Այժմ անցնենք քննարկելու այն կարծիքները, որոնք զանազան պատճառներով մերժում են հրաշքի կարելիությունը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։